Վերին Լարս․ շարունակվող քաշքշուկներ և ոչ մի առավելություն հայկական բեռների համար


Վերին Լարս․ շարունակվող քաշքշուկներ և ոչ մի առավելություն հայկական բեռների համար

  • 06-04-2020 17:18:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

civilnet.am Բեռնափոխադրող «Սպիննակեր Գրուպ» ընկերության համահիմնադիր Նորայր Գևորգյանը հոդվածում բարձրաձայնում է Վերին Լարսի անցակետում առկա մշատական խնդիրների ու քաշքշուկների մասին, որոնք ավելի ակնհայտ են դարձել համաճարակի այս օրերին։
 
Հետևելով վերջին մեկ ամսվա արտակարգ կամ ճգնաժամային պայմաններում հարևան Վրաստանի և ԵԱՏՄ հիմնադիր անդամ և Հայաստանի բարեկամ Ռուսաստանի վերաբերմունքին ՀՀ-ի նկատմամբ՝ կարող ենք արձանագրել, որ մենք ունենք կուտակված բավական շատ ու կարևոր խնդիրներ, որոնք գուցե և այդպես էլ անտեսանելի մնային հասարակության համար, եթե չլիներ արտակարգ դրությունը։
 
Լինելով ԵԱՏՄ անդամ և չունենալով ցամաքային սահման Ռուսաստանի և միության մյուս անդամ երկրների հետ, մեզ համար կրկնակի կարևոր է Վրաստանը, որը մեզ կապում է Ռուսաստանի հետ։
 
Հայկական արտադրանքի սպառման հիմնական շուկան այս պահին ԵԱՏՄ երկրներն են, իսկ ՀՀ ներմուծվող ապրանքների մեծ մասը ԵԱՏՄ արտադրանք է։ Մեր միակ բաց սահմանը ԵԱՏՄ-ի հետ անցնում է վրաց-ռուսական սահմանով՝ Հյուսիսային Օսիայի Վերին Լարսի անցակետով, որը հայտնի է իր դժվարանցանելիությամբ, հատկապես ձմռան ամիսներին։
 
ԵԱՏՄ-ն ինչքան էլ իդեալական ու մեր ուզածը չլինի, ամեն դեպքում այդ կառույցն ունի իր անդամների շահերը պաշտպանող բավական շատ փաստաթղթեր ու որոշումներ։ 
 
Համաձայն այդ որոշումներից մեկի՝ Վերին Լարսի անցակետով ՀՀ բեռներին տրված է ընդհանուր շրջանառության 30%-ը։ ԵԱՏՄ օդանավակայաններում միության անդամ երկրների քաղաքացիների համար հատուկ անցակետերի օրինակով անցնելու հատուկ կարգ կա նաև Վերին Լարսում։ Վերին Լարսի անցակետը ու նաև վրացական կողմը, սակայն, դրան չեն հետևել։
 
Մարտին հայ-վրացական սահմանին՝ Բագրատաշենի անցակետում, մոտ տասը օր սահմանը փակ էր, կուտակվել էր 400 մեքենա։ Պատճառների թվում նշվում էին եղանակային վատ պայմաններն ու Մառնեուլիի շրջանի կարանտինը։ Եղանակային պայմանները երբեք չեն եղել նման հերթի պատճառ, քանի որ ամեն ձմեռ Վրաստանի Կազբեգիի շրջանում եղանակը այդպիսին է լինում։ Հետևաբար, կարելի է ասել, որ ամբողջ հարցը կարանտինն էր, որը նույնպես վստահություն չէր ներշնչում։ Գրեթե տասն օր ոչ մի մեքենա չի հատել վրացական սահմանը, իսկ հատած մեքենաները ախտահանվում և հետո ուղեկցվում էին դեպի Վերին Լարս։ 
 
Այն, որ այդ օրերի ընթացքում վրացական կողմը չի կարողացել ապահովել գոնե 30-40 մեքենայի բացթողում, չի տեղավորվում որևէ տրամաբանության մեջ, երբ մենք գիտենք, որ Բաթումիից դեպի Վերին Լարս ամենօրյա ռեժիմով բաց է թողնվել միչև 200 մեքենա։ 
 
Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ վրացական մաքսային ծառայությունն աշխատում է շատ ավելի արագ, քան հայկականը, և գրեթե անհամեմատելի է Վերին Լարսի ռուսական մաքսային ծառայության հետ արագության և որակի առումով, այդպես էլ անհասկանալի է, թե ինչպես վրացական կողմը մոտ տասն օր փակ պահեց սահմանը։ Վիճակը շտկվեց վերջին մեկ շաբաթվա մեջ, և այս պահի դրությամբ հայ-վրացական սահմանին հերթերը նվազել են, սակայն վերջնական լուծում չկա։
 
Վերին Լարս․ վատ վերաբերմունք հայկական բեռնատարների նկատմամբ
 
Վերին Լարսի անցակետում ՌԴ մաքսային ծառայությունները ավելի վատ վերաբերմունք ունեն ՌԴ գնացող և ՌԴ-ից Հայաստան եկող հայկական բեռնատարների նկատմամբ, քան, օրինակ, վրացական կողմը ռուսական բեռների նկատմամբ՝ չնայած Ռուսաստան-Վրաստան դիվանագիտական հարաբերությունների բացակայությանն ու քաղաքական կոնֆլիկտին։ Եթե վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում  վիճակը կարգավորվեց մի քանի օրվա ընթացքում, ապա Վերին Լարսի անցակետում արդեն 12 տարի գրեթե նույն իրավիճակն է։
 
Համեմատության համար նկատենք, որ բեռնատարը վրացական մաքսային ծառայության ձևակերպումների վրա ծախսում է 1-2 ժամ՝ դուրս չգալով մեքենայից, մեկ պատուհան սկզբունքով, իսկ Վերին Լարսում՝ ՌԴ մաքսային տարածքում, դա կարող է տևել 10-24 ժամ, եթե խնդիր չես ստեղծում։ Իսկ եթե չես ընդունում խաղի կանոնները, ապա անհայտ ժամանակով կարող ես մնալ մաքսատանը։
 
Վերին Լարսում խնդիրները շարունակում են մնալ նույնը․
 
- ավելորդ կուտակումներ, արհեստական հերթեր, կաշառք ու բյուրոկրատական քաշքշուկներ,
- բրոկերային անհասկանալի և թանկ ծառայություններ,
- զննում և բեռի մասնակի առգրավում զննման սպառնալիքի տակ,
- զննման անհասկանալի թանկ սակագներ՝ համեմատած ՌԴ այլ սահմանային անցակետերի սակագների հետ,
- ոչ մի առավելություն ՀՀ-ից արտահանվող բեռների նկատմամբ։
 
Անգամ տպավորություն կա, թե Վերին Լարսի մաքսատանը տեղյակ չեն ԵԱՏՄ կառույցի և ընդհանրապես այդ կառույցին Հայաստանի անդամակցության մասին։
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարեց, թե վրացական և ռուսական կողմերի հետ պայմանավորվել են հայկական բեռների համար կանաչ միջանցք տրամադրելու մասին, ասաց, որ քաղաքական պայմանավորվածությունն այլ է, իսկ իրագործելը՝ այլ։
 
Ուզում եմ ասել, որ այո՛, քաղաքական պայմանավորվածությունը գործի մի մասն է, գուցե և ամենահեշտ մասը։ Գործի մի մասն են նաև ԵԱՏՄ բազմաթիվ այն փաստաթղթերն ու որոշումները, որոնք ՀՀ-ին տալիս են առավելություն կամ գոնե հայկական բեռնատարներին չեն նվաստացնում սահմանը հատելիս։ Սակայն դա իրականություն դարձնելը դժվարին ու բարդ գործընթաց է, որն այս պահին չի նկատվում։ Դրա մասին է վկայում նաև այն փաստը, որ Հայաստանն ունի ներկայացուցիչ Վերին Լարսում, որը բավական բարդ ու դժվար գործ պետք է անի։ Մենք այս հարցում պարտավոր ենք օգնել նրան, ինչպես նաև ՀՀ կառավարությանը՝ նշելով  և հիշեցնելով կարևորագույն այս խնդրի մասին, որովհետև սա մեկ զանգով և մեկ պայմանավորվածությամբ լուծվող հարցերից չէ, սա մշտական և հետևողական ուշադրության պետք է արժանանա։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը