Հայաստանում կորոնավիրուսի թեստերի տեղական արտադրություն կսկսվի. Կառավարությունն այդ նպատակով 550 հազար դոլար է հատկացնելու


Հայաստանում կորոնավիրուսի թեստերի տեղական արտադրություն կսկսվի. Կառավարությունն այդ նպատակով 550 հազար դոլար է հատկացնելու

  • 06-04-2020 20:47:53   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ կառավարությունը խնդիր է դրել կորոնավիրուսի թեստերի օրական քանակը հասցնել 1000-ի. գործընթացը կմեկնարկի ամենուշը ուրբաթ օրվանից: 
 
Ինչպես ֆեյսբուքյան ուղիղ եթերում քաղաքացիների հարցերին պատասխանելիս տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այդ նպատակով գնել են մոտավորապես 70000 թեստեր: 
 
«Այսօր մեր օրական թեստերը տատանվում են 200-ից մինչև 400-ի սահմանում, սակայն խնդիր ենք դրել, որ այս շաբաթվանից, գուցե վաղվանից կամ մյուս օրվանից, բայց վստահաբար ուրբաթ օրվանից օրը 1000 թեստ անել։ Մեր գիտական ինստիտուտներից մեկի հետ քննարկում ենք թեստերի տեղական արտադրություն սկսելու հարցը։ Այսօր կառավարությունն արդեն որոշում է ընդունել, որ անհրաժեշտ հումքը ձեռք բերենք և տրամադրենք ինստիտուտին, որպեսզի նրանք այդ արտադրությունը կարողանան սկսել»,- ընդգծեց վարչապետը: 
 
Նրա փոխանցմամբ՝  խոսքը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մասին է, որին 550 հազար դոլար է հատկացվելու արտադրությունը կազմակերպելու համար: 
 
Ն. Փաշինյանի խոսքերով՝ մասնագետները վստահեցրել են, որ կկարողանան ինստիտուտում թեստերի արտադրություն կազմակերպել:
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն