Որոշ ապրանքատեսակների մասով գնանկում է նկատվել. Նիկոլ Փաշինյան


Որոշ ապրանքատեսակների մասով գնանկում է նկատվել. Նիկոլ Փաշինյան

  • 07-04-2020 13:04:08   | Հայաստան  |  Հասարակություն

Որոշ ապրանքատեսակների մասով գնանկում է նկատվել: 
 
Այս մասին ապրիլի 7-ին ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկ քաղաքացիների հետ ունեցած հարց ու պատասխանի ժամանակ բարձրաձայնված այն հարցին, թե Վանաձորում անհամաչափ թակացումներ են: 
 
Ըստ նրա՝ երեկվանից Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) զբաղվում է այդ հարցով և փորձում է պարզել, թե որն է թանկացումների պատճառը: 
 
«Այսօր ՏՄՊՊՀ նախագահն ասաց նաև, որ որոշ ապրանքատեսակների մասով գնանկում է նկատվել: Ես ուզում եմ արձանագրել, որ մենք իհարկե կշարունակենք հետևել իրավիճակին, մոնիտորինգ անել և այստեղ խնդիրը հետևյալն է՝ թույլ չտալ որևէ չհիմնավորված գործողություն և որևէ գնային շահարկում և չարաշահումներ տեղի ունենան»,- ընդգծեց Ն. Փաշինյանը: 
 
Վերջինիս խոսքերով՝ կառավարության ընդունած 9 միջոցառումների շրջանակներում երեկվա դրությամբ 2  մլրդ, 353  մլն դրամ տնտեսական և սոցիալական աջակցություն է բախշվել իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչը նշանակում է, որ այդ մարդկանց համար գումարն արդեն հասանելի է բանկային համակարգով և նրանց մի մասը գուցե արդեն ստացել է:
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Հասարակություն