Ինքնամեկուսացման օրերին առողջ սնվելու կանոններ

07-04-2020 13:20:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
hetq.am Կորոնավիրուսային հիվանդության բռնկումն ամբողջ աշխարհում խաթարել է ընտանիքների բնականոն առօրյան։ Քանի որ դպրոցները և մանկապարտեզները փակ են, շատ ծնողներ տանը համատեղում են երեխաների խնամքը, հեռավար աշխատանքը և այլ պարտականություններ։ «Ի՞նչ եփել այսօր» հարցը կարող է դառնալ ևս մեկ մարտահրավեր։
 


Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային  եվրոպական գրասենյակը մարտին հրապարակած առողջ սնվելու իր ուղեցույցում նշում է, որ լավ սնվելն առանցքային է առողջության համար՝ հատկապես այն ժամանակ, երբ իմունային համակարգն ամրապնդման կարիք ունի։ Ներկայումս թարմ բանջարեղենի սահմանափակ հասանելիությունը կարող է խոչընդոտել առողջ և բազմազան սննդակարգի պահպանմանը։ Դրա արդյունքում կարող է ավելանալ վերամշակված կամ պահածոյացված սննդի սպառումը, որոնք իրենց մեջ պարունակում են մեծ քանակությամբ ճարպ, շաքար և աղ։
 
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) ծնողներին խորհուրդ է տալիս փոխարինել արագ պատրաստվող, վերամշակված և պատրաստի սնունդը մատչելի և առողջ այլընտրանքով։ Կազմակերպությունն առաջարկում է միջոցներ, որոնց շնորհիվ երեխաների սնունդը կլինի բազմազան և սննդարար, կնպաստի նրանց աճին ու զարգացմանը, կխթանի նրանց մոտ առողջ սնվելու սովորույթների ձևավորմանը։
 
1. Շարունակեք օգտագործել միրգ և բանջարեղեն
Թարմ բանջարեղենի գնումը, պահպանումը և պատրաստումը կարող է դժվար լինել ինքնամեկուսացման այս օրերին։ Սակայն հարկավոր է հնարավորինս հետևել, որ երեխաների սննդակարգում մեծ քանակությամբ միրգ և բանջարեղեն ներառված լինի։ Կարելի է նաև սառեցնել դրանք, քանի
որ այդ ժամանակ էլ մրգերն ու բանջարեղենը պահպանում են իրենց սննդարար նյութերի մեծ մասը, համն ու հոտը։ Այդպես կարող եք մի քանի օրով երկարացնել դրանց օգտագործումը։
 
2. Եթե թարմ բանջարեղեն չկա, կարող եք այլ տարբերակներ հաշվի առնել
 
Իհարկե, թարմ բանջարեղենը լավագույն տարբերակն է, բայց եթե հնարավորություն չկա ձեռք բերել դրանք, կան մի շարք առողջարար տարբերակներ, որոնք հեշտ են թե՛ պահել, թե՛ պատրաստել։ Լոբին, սիսեռը, ոսպը, ոլոռը, բրինձը սննդարար են։ Կարելի է դրանք պահել երկար ժամանակ և տարբեր կերակրատեսակներ պատրաստել։
 
Պահածոյացված բանջարեղենը, օրինակ՝ լոլիկը, քիչ քանակությամբ վիտամին է պարունակում, քան թարմը, սակայն կարելի է այն օգտագործել, եթե չունեք թարմ կամ սառեցրած տարբերակը։
 
3. Ստեղծեք առողջարար նախուտեստների պաշար
 
Երեխաները հաճախ են օրվա մեջ մեկ կամ երկու անգամ նախուտեստ ուտում։ Նրանց քաղցրավենիք կամ աղի նախուտեստներ տալու փոխարեն, առաջարկեք ընկուզեղեն, պանիր, մածուն, չրեղեն, եփած ձու կամ այլ առողջարար տարբերակներ, որոնք այդ պահին ձեռքի տակ են։ Այս տեսակի սնունդը հարուստ է սննադանյութերով և օգնում է երեխայի մոտ ձևավորել առողջ սնվելու սովորույթներ, որոնք պահպանվում են ամբողջ կյանքի ընթացքում։
 
4. Ճաշ պատրաստելն ու ուտելը դարձրեք ձեր ընտանեկան առօրյայի զվարճալի և իմաստալի մասը
 
Միասին պատրաստելն ու ուտելը առողջարար առօրյա ստեղծելու հրաշալի ուղի է։ Դա ամրացնում է ընտանեկան կապերը և զվարճանալու հնարավորություն է տալիս։ Երբ հնարավոր է, ձեր երեխաներին ներգրավեք կերակուր պատրաստելու գործընթացում․ փոքրերը կարող են լվանալ և դասավորել սննդամթերքը, մեծերն էլ կարող են ավելի բարդ «հանձնարարություններ» կատարել, օգնել սեղանը գցել։
 
Թեև ներկայումս սննդից կամ սննդամթերքի փաթեթավորումից մարդուն կորոնավիրուսի փոխանցման դեպքեր չեն գրանցվել, հնարավոր է, որ մարդիկ վարակվեն, եթե ձեռք տան ապրանքների, որոնց վրա առկա է վիրուսը, այնուհետև այդ ձեռքով դիպչեն
դեմքին։
 
Գնումներ կատարելուց հետո անհրաժեշտ է հանել փաթեթավորումը և գցել փակ աղբամանի մեջ։ Պահածոները կամ փակ տարաներով սննդամթերքն անհրաժեշտ է վարակազերծել նախքան բացելը կամ պահելը։ Այնուհետև անհրաժեշտ է ձեռքերն օճառով լվանալ ոչ պակաս, քան 20 վայրկյան կամ սրբվել սպիրտային անձեռոցիկով։
 
Սննդի հիգիենան պահպանելու համար անհրաժեշտ է՝
 
Նախքան ճաշ պատրաստելը օճառով լավ լվանալ ձեռքերը
Հում միսը կամ ձուկը կտրատելու համար առանձին տախտակներ օգտագործել
Ուտելիքը պատրաստել խորհուրդ տրվող ջերմաստիճանով
Հնարավորության դեպքում շուտ փչացող սնունդը պահել սառնարանում կամ սառցարանում․ ուշադրություն դարձնել պահպանման ժամկետին
Նախքան սեղանի շուրջ նստելը օճառով լավ լվանալ ձեռքերը և հետևել, որ երեխաներն էլ նույնն անեն
 
Լուսանկարը՝ Unsplash.com կայքից
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 338 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար