Մենք ընկած ենք վիրուսի հետևից, մինչդեռ պետք է հարուցիչից առնվազն մեկ քայլ առաջ լինել. Արմեն Վարդանյան


Մենք ընկած ենք վիրուսի հետևից, մինչդեռ պետք է հարուցիչից առնվազն մեկ քայլ առաջ լինել. Արմեն Վարդանյան

  • 07-04-2020 14:27:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Մենք ընկած ենք վիրուսի հետևից, բայց համաճարակաբանության մեջ, եթե ուզում ես ինֆեկցիայի դեմ պայքարել, պետք է վիրուսից, հարուցիչից մեկ քայլ առաջ լինես, այսինքն պետք է կանխատեսել վիրուսի «քայլերն» ու գործողություն ձեռնարկել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արմեն Վարդանյանը ։
 
Նա նշեց՝ հայտարարվում է, թե անձն առողջացել է կորոնավիրուսից, սակայն առողջանալուց հետո իմուն վիճակի հետ կապված հստակ պատկեր պետք է լինի, այսինքն պետք է հասկանալ ինչ վիճակում է բջջային ու հումորալ իմունիտետը․ «Եթե բջջային մակարդակով պատկերը լավն է, ուրեմն հետո խնդիր չի առաջանա։ Վիրուսը պրոցեսի ավարտից հետո կարող է լրիվ չվերանալ օրգանիզմից ու եթե բջջային մակարդակով վերացված չլինի, նորից կսկսի տարածվել, այն դեպքում, երբ իմունիտետը բավարար չի ձևավորվել վարակվելուց հետո»։
Վարդանյանը բացատրեց, որ երբ մարդն ինֆեցիոն հիվանդությամբ հիվանդանում է, օրգանիզմում հակամարմիններ են ստեղծվում, դրանք չեզոքացնում են օրգանիզմի ախտածին ինֆեկցիան և լիարժեք իմունիտետ է ձևավորվում, դրա շնորհիվ էլ հիվանդությունը նորից չի կրկվում։
 
Նրա խոսքով, եթե վիրուսի դեմ պայքարի հարցում Հայաստանը բավարար ժամանակ, ռեսուրս, մեխանիզմ և այլն չունի, ապա ամբողջ հնարավոր ընկալունակ զանգվածը պետք է բնական կերպով վարակվի , և սա ունի իր առավելությունը՝ երբ բնական վարակում է լինում, օրգանիզմը դրան պատասխանում է ավելի բուռն և իմունիտետը ավելի լավն է դառնում, քան արհեստական պատվաստանյութի դեպքում։
 
«Հիմա որոշ երկրներ ասում են՝ որոշել են թողել, որ բոլորը վարակվեն, սակայն դրա տրամաբանության մեջ մի շարք բաներ պետք է հաշվի առնել։ Լավ, թող ամբողջ ընկալունակ զանգվածը վարակվի, բայց արդյո՞ք դու ունես այն բոլոր կարողությունները, որպեսզի դրանից բխող և՛ առողջապահական, և՛ սոցիալական, և՛ տնտեսական ու մյուս խնդիրներին դիմակայես։ Կարծում եմ մեր երկիրն այս պահին նման միջոցներ չունի, մենք պետք է վիրուսին մաշեցնելու քաղաքականություն ձեռնարկենք»,-ասաց Վարդանյանը։
 
Նա հայտնեց, որ ստեղծված իրավիճակում կարելի է թույլ տալ, որ վիրուսը պարբերաբար օրգանիզմ մտնի ու դուրս գա, այդ դեպքում օրգանիզմը դրան ռեակցիա կտա, վիրուսը կթուլանա ու տևական ժամանակ հետո չի ունենա այն ազդեցությունը, որն ուներ առաջ․ «Խոսքն իհարկե է շաբաթների մասին չէ, սա երկարատև պրոցես է։ Սակայն այսպես օրգանիզմը դրան կսովորի, վիրուսը կթուլանա և կառաջացնի ոչ այն բնորոշ փոփոխությունները, ինչն այսօր է ու ի վերջո կդառնա սովորական երևույթ»։
 
Նա շեշտեց, որ կորոնավիրուսն այևս իրողություն է աշխարհում, այդ իսկ պատճառով պետք է զգոն լինել ու քայլեր ձեռնարկել։
«Այսինքն նա քնած է, բայց վերացած չէ։ Ամռանը, երբ եղանակը չորանա, վիրուսի պիկը անցնի մենք չերևացող խնդիր կունանք, սակայն հետո կրկին երբ ջերմաստիճանն իջնի, թռիչքներ լինեն, դրսից մարդիկ գան, նորից երևալու է վիրուսը , անհնար է բացառել, որ այն այլևս չի լինելու։
 
Դրա համար դադարի շրջանում պետք է գիտակցել, որ որոշ ժամանակ հետո վարակման x քանակություն կրկին լինելու է, ուստի այս ժամանակահատվածը պետք է օգտագործել վիրուսի նկատմամբ քաղաքականությունը վերանայելու համար, հասկանալու առողջապահական, տնտեսական առումով ինչ պակասներ կան, պետք է մարդկանց վարքագծի մեխանիզմներ բացատրել»,-ասաց Վարդանյանը։
 
Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե հնարավոր է սահմանաված ռեժիմի թուլացում լինի, նա ասաց, որ ամենայն հավանականությամբ այս հայտարարությունը լավատես մարդկանց մոտ հույս ստեղծելու համար էր, քանի որ արտակարգ դրության թուլացման համար նախադրյալներ չկան։
 
«Այսօրվա դեպքերն առնվազն 14 օր առաջվա վարակվածության հետևանք են։ Նաև լուրջ չեմ համարում, երբ ասում են, որ այս մի քանի դեպքերն են, քանի որ շատ դեպքեր մնում են չհայտնաբերված։ Եթե բոլորին ախտորոշում չի արվել, պետք է հասկանալ, որ կարող է այս պահին չբացահայտված վարակվածության շատ ավելի մեծ քանակ լինել»,-ասաց Վարդանյանը։
 
Նա բժշկական տեսանկյունից բացատրեց, որ կորոնավիրուսով վարակվածության նոր գրանցված դեպքը համարվում է անապահով կետ ու պետք է պարզել, թե Հայաստանում անապահովության ցուցանիշը և հիվանդացությունն ինչքան է։
 
«Պետք է համալիր գործողություններ արվեն ու որոշակի համաճարակաբանական կանխատեսում լինի։ Համաճարակաբանական քարտեր պետք է լինեն, դրանք ինֆեկցիայի զարգացմանն են վերաբերում, և այնուհետ պետք է կանխատեսում արվի մի շարք ցուցանիշների տրամաբանությամբ, միայն այդ դեպքում է հնարավոր կլինի որոշակի եզրակացություններ անել»,-ամփոփելով խոսքն ասաց Արմեն Վարդանյանը։
 
 Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը