Ամերիկա-չինական «դարի գործարք». Թրամփը հասա՞վ նպատակին


Ամերիկա-չինական «դարի գործարք». Թրամփը հասա՞վ նպատակին

  • 07-04-2020 15:45:28   | Հայաստան  |  Վերլուծություն

ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է ամերիկա-չինական երբեւէ կնքված ամենամեծ գործարքի մասին, ասելով, թե Վաշինգտոնը կորոնավիրուսի դեմ պայքարում Պեկինի հետ գործակցությունը կկառուցի կախված այն բանից, թե ինչպես կկատարի գործարքի պայմանավորվածությունը Չինաստանը: Թրամփը խոսել է հատկանշական հանգամանքի մասին, ասելով, թե առաջին անգամ պայմանավորվածությունը ենթադրում է չինական խոշոր ներդրումներ Նահանգների տնտեսության մեջ:
 
«Ես կարծում եմ, որ նրանք կկատարեն համաձայնագրի պայմանները: Նրանք միլիարդավոր դոլարներ կուղղեն գյուղատնտեսության ոլորտ, միլիարդավոր դոլարներ` շատ այլ բաների համար: Իսկ նախկինում Չինաստանը երբեք մեր երկրում փող չի ծախսել, ծախսել ենք մենք, մեզ մոտ Չինաստանի հետ առեւտրում տարիներ շարունակ դեֆիցիտ է եղել, որը հասել է 400-500 միլիարդ դոլարի: Մեզ մոտ Չինաստանի հետ աշխարհի ամենամեծ դեֆիցիտներն են [առեւտրում]  եղել: Իսկ այժմ Չինաստանը համաձայնել է միլիարդավոր դոլարներ ծախսել մեր երկրում, եւ դրա զգալի մասը կուղղվի ֆերմերներին եւ արդյունաբերությանը», հայտարարել է ԱՄՆ նախագահը:
 
Դա հնարավոր է հետկորոնավիրուսային աշխարհի համար հիմնարար նշաակության հայտարարություն է: Մոտ երկու շաբաթ առաջ Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը գրառում էր արել սոցցանցում, որ վարակը հնարավոր է չինական Ոհան են տարել ամերիկացի զինվորականները: ԱՄՆ շատ կոշտ արձագանքեց այդ հայտարարությանը: Հետո տեղի ունեցավ Թրամփի եւ Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հեռախոսազրույցը, որի առնչությամբ հայտարարվեց, որ ձեռք է բերվել կորոնավիրուսի դեմ համատեղ պայքարի պայմանավորվածություն:
 
Թրամփը հայտարարեց, որ Պեինը համաձայնել է Վաշինգտոնին փոխանցել վարակի մասին ամբողջ տեղեկատվությունը, եւ իրենք սկսել են ստանալ դա: Օրերս ԱՄՆ տարածեց տեղեկություն ամերիկյան հետախուզության զեկույցի մասին, ըստ որի Չինաստանը թաքցրել է իր մոտ վարակի ամբողջական պատկերի առնչությամբ տեղեկություններ:
 
Այժմ Թրամփը հայտարարում է դարի գործարքի մասին, որով Պեկինը միլիարդավոր դոլարների ներդրում է անելու ամերիկյան գյուղատնտեսության ու արդյունաբերության ճյուղերում: Մահակն իհարկե ունի երկու ծայր, եւ միլիարդավոր դոլարների ներդրումը անշուշտ նաեւ որոշակի ազդեցության լծակ է: Սակայն այստեղ էական է ընդհանուր հարաբերակցությունը, եւ այդ իմաստով ամերիկյան տնտեսական մասշտաբի պայմաններում այդ հարաբերակցությունը հազիվ թե խոսի Վաշինգտոնում Պեկինի քաղաքական շոշափելի ազդեցության հաստատման մասին:
 
Մյուս կողմից, հնարավո՞ր է առկա ժամանակագրության ֆոնին եզրակացնել, որ ամերիկա-չինական գործարքի այն պարագան, որ մատնացույց է անում Թրամփը, Չինաստանի յուրօրինակ «փոխհատուցումն» է վարակի դիմաց: Արդյոք Վաշինգտոնը, ներկայացնելով ամերիկյան հետախուզության տվյալների մասին տեղեկությունը, ակնարկեց, որ այդ տեղեկությունը կարող է դառնալ Պեկինի դեմ միջազգային արբիտրաժի հիմք, որին կարող էին միանալ նաեւ այլ պետություններ եւ համաճարակի դիմաց ահռելի փոխհատուցում պահանջել Չինաստանից:
 
Եվ արդյոք Չինաստանը ընտրություն չի կատարել դրա եւ ամերիկյան տնտեսութուն միլիարդավոր դոլարներ ներարկելու տարբերակի միջեւ, Վաշինգտոնի հետ պայմանավորվելով երկրորդի շուրջ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play