«Այս վիճակը պետք է հաղթահարենք՝ համակերպվելով ու դիմանալով նաև գնաճին». past.am


«Այս վիճակը պետք է հաղթահարենք՝ համակերպվելով ու դիմանալով նաև գնաճին». past.am

  • 07-04-2020 18:12:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

past.am Վերջին շրջանում սննդամթերքի մի շարք տեսակների առումով կտրուկ գնաճ արձանագրվեց: Խոսքը, մասնավորապես, ցիտրուսային մրգերի և իմբիրի մասին է: Վերջինի գինն անգամ 15-17 հազար դրամի սահմանին էր հասել: 
 
«Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանի հետ զրույցում խոսել ենք նշված թանկացումների, պաշտոնատար անձանց մի շարք հայտարարությունների ու այն վարքագծի անհրաժեշտության մասին, որին պետք է հետևեն սպառողները: Արմեն Պողոսյանը նախ ընդգծում է՝ կարևոր է մարդու գրագիտության և տեղեկացվածության աստիճանը:
 
«Հատկապես այս օրերին այնքան անվստահելի տեղեկություններ են շրջանառվում, որոնք նաև մարդկանց ապակողմնորոշելու նպատակ ունեն: Մարդը, որը չի կողմնորոշվում, հաճախ հենց այդ ծուղակում է հայտնվում: Մի քանի տարի առաջ առողջապահության նախկին նախարարներից մեկի հետ քննարկման էինք, մեր գործընկերներից ոմանք ինչ-որ օրինակներ էին բերում: 
 
Նախարարի՝ «նշեք աղբյուրը» հարցին ի պատասխան նրանք ասացին՝ ինտերնետում կա: Իրականում սա աղբյուր չէ: Այսօր էլ համացանցում տարածված ապակողմնորոշող տեղեկություններն այնքան շատ են: Կարելի է ասել՝ մեր հիմնական խնդիրներից մեկը հենց չկողմնորոշվելն է: Այսօր համացանցում պարբերաբար հայտնվող այն տեղեկությունները, թե այս կամ այն սնունդը շատ օգուտ է, մյուսը՝ վնաս, հիմնավոր չեն»,ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ ինչ-որ սնունդ գնելուց առաջ սպառողներն այս օրերին առավել քան պետք է զգոն լինեն՝ նման ծուղակներից խուսափելու համար:
 
«Օրինակ՝ ուզում են իմբիրով բուժվել: Այո, իմբիրը օգտակար է, բայց այն միջոցը չէ, որ պահպանի բոլոր վիրուսներից: Այս մոլուցքը, որոշ մթերքների գների շուրջ այս աղմուկը հենց տեղեկացվածության խնդրի մասին է վկայում: Ես ուզում եմ մեր սպառողներին ասել, որ մեր գործը պարզապես անվտանգ ու որակյալ սննդից օգտվելը պետք է լինի, բայց կրթվածության ոչ բավարար մակարդակը շեղում է մարդկանց»,-ասում է Ա. Պողոսյանը:
 
Ինչ վերաբերում է գներին, ապա այստեղ փորձագետն այլ խնդիրների մասին է մատնանշում: «Այն, որ գների թանկացում կա, որոշ առումներով օբյեկտիվ է: Այս համավարակի պայմաններում, երբ աշխարհում շատ ու շատ ձեռնարկություններ սնանկացման առաջ են կանգնած, երբ բարիք չի ստեղծվում, գների աճն անխուսափելի է դառնում: Մարդը կամ կազմակերպությունն իրավունք ունի ցանկացած գնով վաճառել իր ծառայությունը կամ ապրանքը: 
 
Ուղղակի գնագոյացումը պարզ, հայելու նման պետք է վերահսկողի աչքի առջև լինի: Մասնավորապես, եթե ապրանքը բարձր գնով է վաճառվում, ապա հարկերը պետք է եկամտին համահունչ լինեն: Սա իմ անձնական տեսակետն է, և մենք նման մեխանիզմի պակաս ունենք: Եթե եկամուտը ավելի է, պետք է ուսումնասիրություններ կատարվեն ու համարժեք հարկումներ լինեն»,-նկատեց նա՝ մյուս կողմից շեշտելով, որ այս պահին ճիշտ չէ ամեն ինչ տնտեսվարողի վրա բարդել:
 
«Տվյալ դեպքերում տնտեսվարողը ամենաշատ տուժողն է: Առհասարակ, տարիների փորձը ինձ ցույց է տվել, որ յուրաքանչյուր գերատեսչություն աշխատում է իր պատասխանատվության չափը նվազեցնել, կոնկրետանալ ավելի պարզունակ խնդիրների վրա: Միշտ է շեշտվել, որ գնագոյացմանը և մրցակցությանը պետք է հետևել տարբեր կողմերով, և այստեղ կարևոր է նաև հասարակական կազմակերպությունների դերը, որն այսօր հաշվի չի առնվում: 
 
Մենք որքան էլ խոսենք խնդիրներից, մեր լիազորությունները ևս սահմանափակված են»,-նշեց մեր զրուցակիցը՝ ընգծելով, որ համագործակցության առաջարկները դրական արձագանք հիմնականում չեն ստանում: 
 
Խոսելով առաջին անհրաժեշտության մթերքների թանկացման վերաբերյալ պաշտոնատար անձանց խորհուրդների և ուղղորդումների մասին՝ Արմեն Պողոսյանը նշեց, որ այստեղ խնդիրներ կան, որոնք ավելի շատ բարոյական դաշտում են:
 
 Հիշեցնենք, որ օրերս էկոնոմիկայի նախարարը խորհուրդ էր տվել թանկացած ոսպի ու հնդկաձավարի փոխարեն դրանց փոխարինիչներն ընտրել:
 
«Հեշտ է ասել, գնացեք՝ էժանը գտեք: Սա ճիշտ մոտեցում չէ, շատ վիրավորական է: Մինչդեռ պետք է սպառողի հոգսերից խոսել: Մարդու, որը, միգուցե, առանց այն էլ քիչ վճարունակ է և նախընտրում է մատչելի ապրանք գնել: Այստեղ բարոյական կողմ կա: Պարզապես մի քիչ էլ պետք է դիմանալ, մինչև կավարտվի այս իրավիճակը: Այո, նաև թանկացմանը պետք է դիմանանք: Ստիպված ենք: Խնդիրն այլ տեղից է եկել, մեր մեղքով չէ, որ ուրիշ ուղղությամբ մտածենք: 
 
Որքան էլ դժվար է ընդունել, բայց անգամ թանկացումներն են օրինաչափ: Մեծ հաշվով, ամբողջ աշխարհում տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը չեն գործում: Արտադրությունները կանգնած են, և այս պարագայում գնաճը անխուսափելի է: Ամեն դեպքում այս վիճակը պետք է հաղթահարենք՝ համակերպվելով ու դիմանալով նաև գնաճին»,-եզրափակեց Ա. Պողոսյանը:
 
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը