Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի հաստատման դեպքով պայմանավորված, նրա հետ հնարավոր շփում ունեցած քաղաքացիների թիվը 20-ն է


Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի հաստատման դեպքով պայմանավորված, նրա հետ հնարավոր շփում ունեցած քաղաքացիների թիվը 20-ն է

  • 08-04-2020 11:57:56   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի հաստատման դեպքով պայմանավորված, նրա հետ հնարավոր շփում ունեցած քաղաքացիների թիվը 20-ն է (այս թիվը ներառում է նրա հետ շփված մարդկանց ընտանիքի անդամներին), սակայն գյուղի բնակիչներն, ապահովության նկատառումներից ելնելով, ամբողջությամբ ինքնամեկուսացված են:
 
Վարակված քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է կայուն, ներկա պահին անհանգստացնող բան չկա: Առողջապահության նախարարությունից ինքնամեկուսացված քաղաքացիների վերաբերյալ հաղորդում են, որ նրանցից որևէ մեկը վարակին հատուկ ախտանիշներ չունի, նրանց առողջական վիճակը շուրջօրյա վերահսկվում է բժիշկների կողմից: «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Միրիկ գյուղի բնակիչներին ախտահանիչ նյութեր և հիգենիայի պարագաներ է բաժանվել: Առողջապահության նախարարությունից միաժամանակ տեղեկացնում են, որ այս պահին բուժհաստատություններում Միրիկ գյուղի կամ մեկ այլ դեպքով մեկուսացված քաղաքացիներ չկան:
 
Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն