ՀՀ ԲՏԱ նախարարությանը տարբեր տեղերից տրամադրվել է թոքերի արհեստական օդափոխման 10 սարք, որոնք վերականգնվել են և ենթակա են շահագործման. Նախարար


ՀՀ ԲՏԱ նախարարությանը տարբեր տեղերից տրամադրվել է թոքերի արհեստական օդափոխման 10 սարք, որոնք վերականգնվել են և ենթակա են շահագործման. Նախարար

  • 08-04-2020 12:28:54   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը տարբեր տեղերից հայտնաբերվել և տրամադրվել է թոքերի արհեստական օդափոխման 10 սարք, որոնք վերականգնվել են և ենթակա են շահագործման: 
 
Այս մասին ապրիլի 8-ին կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ընթացքում տեղեկացրեց նախարար Հակոբ Արշակյանը՝ հավելելով, որ անհրաժեշտության դեպքում այդ սարքերը պատրաստ են տրամադրել Առողջապահության նախարարությանը : 
 
Ըստ նրա՝ նման սարքերի հայտնաբերման և նախարարությանը փոխանցման գործընթացը շարունակական բնույթ է կրում, և իրենք ամեն օր հարյուրավոր զանգեր, նամակներ են ստանում այս կամ այն վայրում առկա, բայց տարբեր պատճառներով չշահագործվող կամ անսարք վիճակում գտնվող թոքերի արհեստական օդափոխման սարքերի մասին: 
 
«Նաև ստացել ենք տասնյակ նամակներ արտերկրից՝ Լիբանանից, Ռուսաստանից, Գերմանիայից, ԱՄՆ-ից մեր հայրենակիցներն են արձագանքում և անհրաժեշտության դեպքում պատրաստ են օգնություն տրամադրել տեղի ինժեներներին միջազգային փորձանմուշներ, մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար: Գիտեք, որ վերջերս տասնյակ նյութեր են շրջանառվում տարբեր մարդկանց և խմբերի կողմից թոքերի արհեստական օդափոխման սարքերի վերաբերյալ, որոշները, իհարկե լուրջ սարքեր են, բայց մեծամասնությունը 3D պրինտերով տպված ինչ-որ սարքեր են, որոնք ըստ էության չեն լուծում այն խնդիրները, որոնք դրված են»,- ընդգծեց Հ. Արշակյանը: 
 
Նրա խոսքերով՝ այդ սարքերը պետք է ունենան արձագանքման համակարգեր՝ տարբեր տեսակի տվիչներ, սենսորներ, որոնք գնահատում են հիվանդի վիճակը և ըստ դրա են գործում: 
 
Նախարարը նկատեց, որ թոքերի արհեստական օդափոխման սարքերը պետք է ամբողջությամբ փոխարինեն մարդու շնչառական ապարատին, ինչը ենթադրում է, որ դրանք պետք է մանրակրկիտ մշակված լինեն, որպեսզի անհրաժեշտության դեպքում ոչ թե վնասեն, այլ օգնեն հիվանդին, հետևաբար նա կոչ արեց այս հարցին լուրջ մոտենալ.
 
«Դա մեկ շաբաթում կամ նույնիսկ մեկ ամսում լուծվող հարց չէ, այստեղ նույնիսկ ոչ սերտիֆիկացված, բայց աշխատող և ֆունկցիոնալ սարք ունենալու համար բավականին մեծ աշխատանք պետք է տարվի»: 
 
Հ. Արշակյանը փաստեց, որ Հայաստանում առկա արտադրական հզորությունները, գործարանները, ինժեներական կայացած ընկերությունները, համալսարանները, գիտահետազոտական խմբերը պատրաստակամություն են հայտնել միանալ թոքերի օդափոխման սարքերի նախագծման, թեստավորման, լաբարատոր փորձարկումների, պահեստամասերի և այլ բաղադրիչների արտադրության կամ ներկրման հարցում: 
 
 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ