«Ես հայ չեմ, անշուշտ. Չնայած իմ բոլոր ազգականներն, իսկապէս, կարծես թէ հայեր են»


«Ես հայ չեմ, անշուշտ. Չնայած իմ բոլոր ազգականներն, իսկապէս, կարծես թէ հայեր են»

  • 08-04-2020 13:53:22   | Հայաստան  |  Վերլուծություն

lragir.am Ներգիսը մտաւորական կին է, Ստամբուլի կարեւոր համալսարաններից մէկի դասախօս:

Անտարբեր է կրօնի նկատմամբ: Նախնիների մէջ կան թուրքեր, քրդեր, հայեր: Ամէնից աւելի կապուած է հայ ազգականների հետ: Նրա հետ ծանօթացել եմ Ստամբուլում, իր հայ ազգականներից մէկի տանը եւ խնդրել եմ պատմել իր «հայկական գծի» մասին: Ներգիսը ծնուել է 1954-ին:

Մայրիկս՝ Ռեմզիէն իսլամ դարձած հայ մօրից է ծնուել: Այսինքն՝ տատս հայ էր, ջարդերի զոհերից մէկը: Շուտ մահացաւ մայրիկս, արդէն երեսուն տարի կայ, բայց շատ զգայուն կին էր: Հայրս ինքն իրեն թուրք էր համարում մինչեւ մահանալը: 2000-ին մահացաւ, Եուսուֆ էր անունը: Շատ լաւ, մեղմ, փափուկ մարդ էր: Եթէ հաւատամ մեր ընտանեկան պատմութեանը, իրականութեան մէջ հայրիկս էլ գուցէ հայից թրքացած լինի: Որովհետեւ մեր ընտանեկան աւանդութեան համաձայն մեծ հայրս Մալաթիայում ապրող հայ է եղել, քուրդ աղջիկ է փախցրել եւ փախել Գէօքսիւն, Մարաշի մի նահանգը: Բնականաբար թաքնուել է, քանի որ հայ մէկը քուրդ աղջիկ փախցնելու դէպքում պիտի սպանուէր: Ուրեմն նաեւ անձնագիրը «կորցրել է», եւ նոր անձնագրով «թուրք» է դարձել: Նրա զաւակները, այդ թւում հայրիկս երբեք չիմացան՝ իրենց հայրիկը քուրդ էր, թուրք էր, հայ էր: Միայն ազգականներիցս մէկը մահանալիս հայրիկիս վստահեցրել է, որ մեծ հայրիկս քուրդ է եղել: Այդպիսով հայրս կարծես թէ քուրդ պիտի լինէր: Յամենայն դէպս մահանալիս ինքն իրեն քուրդ էր համարում: Սակայն վերջերս մօրաքոյրերիցս մէկը պատմեց, որ մեծ հայրիկս կարծես թէ երիտասարդ ժամանակ այնուամենայնիւ հայ է եղել: Հնարաւոր է միանգամայն, որովհետեւ մեծ հայրիկիս մասին նաեւ «թուրք» էին ասում, եւ եթէ մեծ հայրիկս իր ինքնութիւնը հայից պիտի փոխէր չսպանուելու համար, առաւել ապահովը «թուրք» դառնալն էր:
 
Հայրս գիւղատնտես էր, պետական պաշտօնեայ: Մայրիկս Մարաշից էր եւ, ինչպէս ասացի, իսլամ դարձած հայ մայրիկ է ունեցել ու քուրդ հայր: Արդիւնքում կարող է այնպէս է, որ հայրական պապս է հայ, մայրական տատս: Բայց հայրս մահանալիս ինքն իրեն քուրդ էր համարում:
 
Մայրական տատս նախ Աղաւնի էր անունը, քրիստոնեայ ժամանակ: Մահմեդական դառնալուց յետոյ Նազիրէ եղաւ: Աղաւնին շատ ողբերգական օրեր է ունեցել, եւ մայրս միշտ շատ էր տառապում նրա համար: Ցեղասպանութեան ժամանակ, կամ ինչպէս մեզ մօտ են ասում, տեղահանութեան, աքսորի ժամանակ մեծ մայրիկս տասնհինգ-տասնվեց տարեկան աղջիկ էր եւ իրենց ընտանիքի ամենափոքրն էր: Կիւրինում[i] էին ապրում: Սեբաստիայում է: Տեղահանութեան օրերին իր հօրը սպանում են, իսկ իրենց ոտքով, կարաւանի հետ ճամփայ են գցում:
 
Ճանապարհին, երբ Էլբիստան[ii] են հասնում, կարաւանով գնացողներին պէտք է գցէին Բոստանլը գետը: Աւշըն կոչուող վայր կայ, գիւղաքաղաք կարելի է ասել, Աւշինում ինչ որ մի առիթով այնպէս է ստացւում, որ Աղաւնին իր ընկերուհու հետ մտնում է փոստի բաժանմունք: Այստեղ նրան տեսնում է մեծ հայրիկիս եղբայրը, որ փոստատան տնօրէնն էր: Մուրադը: Շատ է հաւանում եւ յանձնարարում է Աղաւնիին տանել իր ընկերոջ տուն: Անմիջապէս իր տուն չի ուղարկում, որովհետեւ տանն արդէն մի քանի կին ունէր: Մեծ հայրիկս՝ Օքէշը նոյնպէս եղբօր հետ էր աշխատում: Օքէշը նոյնպէս տեսնում է Աղաւնիին եւ իր եղբօր նման շատ հաւանում է նրան: Գնում է Մուրադի ընկերոջ տուն, ասում է, որ Մուրադն է իրեն ուղարկել Աղաւնիին տանելու, առնում է Աղաւնիին եւ անմիջապէս իր տուն է տանում: Օքէշի առաջին կինը մահացել էր, իսկ երկրորդ կինը տանն էր: Աղաւնիին տանում է իրեն որպէս երկրորդ կին: Եղբայրը՝ Մուրադը գալիս է, եղբայրների մէջ մեծ կռիւ է լինում, նոյնիսկ միմեանց վրայ կրակում են: Վերջապէս Աղաւնիին են թողնում ընտրութիւնը: Աղաւնին Օքէշին է ընտրում: Մուրադը՝ Շուքրան էֆենդին, յետոյ Դէր Զօրից մէկ այլ հայ աղջիկ բերեց, իրեն կին արեց: Խարփութցի[iii] էր, Հուրիան, նախկին՝ հայկական անունը Ֆլորիսա էր: Ֆլորիսային եւ իր մօրը Դէր Զօրից բերեց: Եղբայրները որոշ ժամանակ թշնամացած էին միմեանց դէմ:
 
Այնուհետեւ Աղաւնին արդէն Նազիրէ էր եւ մահմեդական էր համարւում: Մէկ տարի անց աղջիկ զաւակ է ունենում: Ապագայ մօրաքոյրս էր: Այդ ժամանակ Աղաւնիի եղբայրը, Սարգիս անունով, զինուորութիւնից վերադառնում է: Սարգիսը գնացել է Կիւրին, իմացել է, որ ամբողջ ընտանիքը կոտորուել է կամ գաղթի ճանապարհին մահացել, բայց իմանում է նաեւ, որ քոյրը կայ, եւ գալիս է քրոջ մօտ: Քրոջ ամուսինը՝ Օքէշը ընդունում է Սարգսին, իր տուն է տանում: Բայց ժամանակը շատ վտանգաւոր էր, տանը հայ պահել արգելուած էր եւ առհասարակ Սարգսի համար միշտ շատ վտանգաւոր վիճակ էր: Այդ ժամանակ Կեսարիայի մօտ գտնուող Քըրքըսրաք գիւղում ապրող Օքէշի ազգականներից մէկը, որ Քըրքըսրաք գիւղի մուխթարն էր (գիւղապետը), հիւր է գալիս: Նրա կինը եւ Օքէշի կինը մօրաքրոջ աղջիկներ էին: Տեսնում է Սարգսին, ասում է՝ սա այստեղ ի՞նչ գործ ունի, կը սպանեն այստեղ, եւ առաջարկում է Սարգսին տանել Քըրքըսրաք, որ լեռների մէջ մի գիւղ է: Ասում է՝ այն գիւղում ուրիշ հայեր կան թաքնուած, աւելի ապահով կը լինի Սարգիսի համար նրանց միանալ: Դա 1918-19 թուերն էին: Սարգիսը շէկ էր, եւ այդ պատճառով իրեն Բոզո էին ասում: Այսպիսով Բոզոյին տանում են Քըրքըսրաք եւ այնուհետեւ նա այնտեղ է ապրում: Ալեւի քրդերի գիւղ էր Քըրքըսրաքը, եւ այդ գիւղապետը շատ հայերի է փրկել: Որոշ ժամանակ անց մի անգամ գալիս է քրոջ մօտ, ասում է, որ ինքն արդէն հիմնաւորուել է եւ առաջարկում է նրան իր հետ գնալ: Այդ միջոցին Բոզոն իր միւս քրոջն էլ գտած է լինում, եւ նա էլ շատ ողբերգական պատմութիւն է ունեցած լինում: Բոզոն ամէն կերպ փորձում էր քոյրերին օգտակար լինել: Քրոջը համոզելով իր հետ գնալ, Բոզոն, սակայն, երեխային չի ուզում տանել: Նազիրէն ասում է, որ ինքը մայր չունի, որբ է եւ չի կարող իր երեխային էլ առանց մայր թողնել: Բացի այդ, ինքը վախենում է իր աղջկան թողնել Օքէշի առաջին կնոջը: Իր հետ նա էլ էր երեխայ ունեցել, եւ նրա երեխան տղայ էր: Իր զաւակին կրծքով կերակրելուց առաջ տատս պարտաւոր էր նրա տղային կերակրել: Եւ յաճախ այդ ընթացքում իր զաւակը լացում էր, եւ ինքը շաքար էր դնում նրա բերանում: Երբեմն էլ աւագ կինը Նազիրէի մասին բողոքում էր ամուսնուն, եւ ամուսինը ծեծում էր նրան: Իսկ ինքը դեռ շատ երիտասարդ էր, եւ շատ էր ազդւում այդ բոլորից: Իր մխիթարութիւնը Օքէշի հայրիկն էր՝ Մուստաֆան, որ ինչպէս մեր ընտանիքում պատմում են, շատ էր սիրում Նազիրէին եւ միշտ պաշտպանում էր նրան: Մուստաֆան եուզբաշի (հարիւրապետ) էր եղել բանակում: Վերջապէս Բոզոն համոզում է քրոջը Քըրքըսրաք գնալ: Օքէշը սկսում է յոխորտալ Բոզոյի վրայ՝ նրան մեղադրելով քրոջն իր դէմ տրամադրելու մէջ: Վերջապէս Մուստաֆան՝ Օքէշի հայրը համոզում է իր որդուն, որ ինքն է սխալը, պէտք է ներողութիւն խնդրի Բոզոյից կոշտ վարուելու համար: Արդիւնքում տղամարդիկ հաշտւում են, եւ Աղաւնին մնում է ամուսնու հետ՝ աւելի փափուկ յարաբերութիւնների յոյսով: Վերջապէս յարաբերութիւնները նորմալանում են նաեւ քրիստոնեայ Սարգիս-Բոզոյի ու մահմեդական Օքէշի ընտանիքների միջեւ:
 
Բոզոն ի վերջոյ ամուսնանում է Քըրքըսրաքում, այնտեղ թաքնուող մի հայ աղջկայ հետ: Նրա առաջին զաւակը՝ Յակոբը եւ Նազիրէի երկրորդ երեխան՝ իմ մայրը նոյն տարին են ծնուել: Սարգիսի (Բոզոյի) տղայ Յակոբը եւ Աղաւնիի աղջիկը Ռեմիզէն՝ իմ մայրս մի տարիքի են: Քանի որ Քըրքըսրաքում դպրոց չկար, Յակոբը դպրոցում սովորելու համար գալիս է Աւշին, իմ պապի՝ Օքէշի տուն: Նազիրէն՝ տատս յետոյ երկու տղայ երեխայ եւ հինգերորդ երեխան՝ կրկին մի աղջիկ էլ ունեցաւ: Ռեմիզէին դպրոց չեն ուղարկում: Այն տարիներին աղջիկների կրթութիւնը շատ չէր կարեւորւում: Բայց Յակոբը եւ Աղաւնիի աղջիկները շատ լաւ ընկերներ են մեծանում: Յետագայում Յակոբը ինձ համար իսկական քեռի է եղել: Սարգիս-Բոզոյի բոլոր երեխաներն իմ շատ մերձաւոր ազգականներն են եղել: Աւելի ուշ, երբ Բոզոյի ընտանիքը Ստամբուլ տեղափոխուեց, եւ ես էլ մեծացել էի ու եկայ Ստամբուլում սովորելու, Յակոբ դայիս ասաց՝ ես թոյլ չեմ տայ, որ Օքէշի թոռը ուրիշ մի տեղ ապրի: Թոյլ չտուեց նաեւ հանրակացարան գնամ: Փաստօրէն ես իրենց տանը մնացի համալսարանական տարիներին: Այնպէս էր ստացուել, որ ինչպէս իմ մայրն ու Յակոբն էին տարեկիցներ, այնպէս էլ Յակոբի տղան ու ես էինք տարեկիցներ: Յակոբի տղան նոյնպէս Սարգիս է՝ իր պապ Բոզոյի անունով: Սարգիսն իրականում ինձ եղբայր է եւ իմ զաւակների քեռին է: Ես էլ իր զաւակների հօրաքոյրն եմ: Կապ չունի, որ մենք փաստացի ազգակցութեամբ կարծէք թէ երրորդ սերունդն ենք: Եւ իրենց բոլոր ընտանիքը, ոչ միայն Յակոբի, այլեւ Յակոբի քոյր եղբայրների բոլորի ընտանիքների անդամներն իմ հարազատներն են, կարելի է ասել՝ իմ ընտանիքի անդամներն են: Իմ ամուսինը քուրդ էր, եւ աղջիկներս, երկու աղջիկ ունեմ, հաւանաբար պէտք է որ իրենց քուրդ համարեն: Նրանք էլ գիտեն մեր ընտանիքի այս ամբողջ պատմութիւնները եւ շատ ջերմ կապուածութիւն ունեն իմ հայ ազգականների հետ, որ նաեւ իրենց ազգականներն են: Հակառակ որ իրենց քրդական կողմի հետ մտերիմ կապեր չունեն: Մանաւանդ՝ ես ամուսնալուծուեցի, եւ իմ զաւակների ազգակցական շփումներն իմ հայ ազգականների հետ էին եւ են: Ազգականներից զատ էլ շատ հայ ընկերներ ունեմ:
 
Իմ ընտանիքում միշտ պատմուել են իմ Նազիրէ տատի եւ Բոզո քեռուս ընտանեկան ողբերգութեան պատմութիւնները: Մենք բոլորս շատ լաւ տեղեակ էինք, թէ ինչպէս են Քըրքըսրաքում տարիներով թաքնուած ապրել իմ տատեղբայր Բոզոն եւ ուրիշ հայեր, ինչպէս է Բոզոն բեկոր-բեկոր վերահաւաքել իր ընտանիքի անդամներից նրանց, ում կենդանի է գտել: Իսկ գտել է իր երկու քոյրերին: Ինչպէս է փորձել վերկակառուցել գերդաստանը: Եւ գիտենք ոչ միայն պատմութիւններով, այլեւ՝ շփումներով: Իմ մայրիկս, օրինակ, երբեք օտար չի եղել քրիստոնէական աւանդոյթներին: Արդէն ասացի, որ հայրս կրօնի հանդէպ անտարբեր էր, եւ մայրս էր, որ կրօնական ծէսերին հետեւում էր: Նշում էր թէ՛ մահմեդական տօները, թէ՛ քրիստոնէական: Իսլամների հետ նաեւ քրիստոնէական Զատիկ ենք նշել, անպայման հաւկիթ էր ներկում մայրիկս, դա մեր կենցաղի մաս էր, եւ միշտ միմեանց հիւր էինք գնում: Նազիրէ տատիկս կապում էր բոլորին՝ թէ՛ իսլամ, թէ՛ քրիստոնեայ ազգականներին: Ռեմիզէ խալա՝ հօրաքոյր էին ասում իրեն բոլորը՝ Բոզոյի բոլոր թոռները: Բոլորը խոստովանում են նաեւ, որ մայրիկս յատուկ հոգատարութիւն ունէր, յատուկ սէր ունէր մեր հայ ազգականների նկատմամբ: Ճիշտն ասած՝ արդէն ուրիշ ազգականներ չունէինք էլ: Քանի որ հայրական կողմից պապս փաստօրէն փախստական էր եւ իր ինքնութիւնը փոխել էր, նրա ազգականներին մենք չենք ճանաչել: Հայրս էլ պետական պաշտօնեայ էր, անընդհատ տեղից տեղ էր տեղափոխւում, եւ հայրական կողմի ազգականներիս հետ էլ մենք կապեր չենք ունեցել: Այսինքն որոշապէս իմ ազգակցութիւնն ամբողջովին մայրիկիցս էր գալիս: Իհարկէ ունեմ նաեւ մօրաքոյրեր, քեռիներ եւ նրանց զաւակները: Մօրաքոյրերս ճիշտ նոյն կերպ կապուած են Բոզո քեռու ընտանիքին եւ, կարելի է ասել, մեր զգացողութիւնը նոյնն է: Ես պարզապէս աւելի կապուած եմ, միասին ենք մեծացել, տեւական ժամանակ նոյն տանն ենք ապրել, եւ հենց հիմա էլ Ստամբուլում իմ ամենամտերիմ ընտանիքը Յակոբ դայուս Սարգիս որդու ընտանիքն է:
 
– Դուք, սակայն, հայկական ինքնութիւն չունէք, ես ձեզ ճի՞շտ եմ հասկանում:
 
– Ես հայ չեմ, անշուշտ: Չնայած իմ բոլոր ազգականներն, իսկապէս, կարծես թէ հայեր են:
 
– Քու՞րդ էք ձեզ զգում:
 
– Եթէ ստիպուած լինեմ այդ հարցին շատ որոշակի պատասխանել՝ երեւի այո: Քուրդ չեմ զգում ինքս ինձ, բայց հաւանաբար քուրդ եմ: Սակայն քրդերէն չգիտեմ, եւ հայրս էլ միշտ զգուշացնում էր հեռու մնալ քրդերից: Արդէն քուրդ ազգականներիս հետ կապեր չունէինք նաեւ հայրիկիս պնդումով: Բայց աւելի ճիշտ պատասխանն այն կը լինի, որ երկուութիւն ունեմ: Մասամբ նաեւ հայ եմ զգում ինքս ինձ:
 
– Դժուար չէ՞ այդ երկուութեամբ ապրելը:
 
– Հաւանաբար այո, եթէ ինքդ քեզ անընդհատ հարցեր տաս: Սակայն միւս կողմից լաւ բան էլ կայ՝ ազատութիւն է տալիս: Պարտաւորութիւններիդ բեռը նուազում է, աւելի ազատ ես մտածում, կարծում եմ՝ նաեւ աւելի անաչառ:
 
———————————————————–
 
[i] Քաղաք Սեբաստիա վիլայէթի Սեբաստիա գաւառում: Կիւրինի տեղահանութիւնը տե՛ս՝ http://allturkey.am/1019/%D5%BD%D5%BE%D5%A1%D5%A6%D5%AB-%D5%A3%D5%B5%D5%B8%D6%82%D6%80%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%AB-1915-%D5%A9%D5%BE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%BF%D5%A5%D5%B2%D5%A1/; http://www.civilitasfoundation.org/am/2009-06-01-12-28-04/522-my-entire-being-negated.html
 
[ii] Էլբիստան – քաղաք ներկայիս Թուրքիայի Հանրապետութեան հարաւում, Մարաշ Քաղաքից ոչ-հեռու: Կիլիկիայից բռնագաղթած հայերի շատ կարաւաններ են անցել Էլբիստանով:
 
[iii] Խարբերդցի:
 
ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ, Ազգագրագետ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play