Ռուսական պետականության վաճառքն Ադրբեջանին. Որոշումը դրված է սեղանին


Ռուսական պետականության վաճառքն Ադրբեջանին. Որոշումը դրված է սեղանին

  • 08-04-2020 15:11:02   | Հայաստան  |  Վերլուծություն

Ռուսաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ քննարկել ռազմական ավիացիայի մատակարարման հարցը, Ինտերֆաքսին ասել է ՌԴ ռազատեխնիկական գործակցության Դաշնային ծառայության մամուլի քարտուղարը: Այդ տեղեկությունը փաստացի հաստատում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության նախօրեին տարածած տեղեկատվությունը, որ պատվիրակություն է եղել Մոսկվայում եւ ծանոթացել Սու 35 եւ ՄԻԳ 35 նոր սերնդի կործանիչներին: Բաքուն հայտարարել է գնելու պատրաստակամության մասին:
 
Գործարքը կայանալու պարագայում փաստացի կարժեզրկվի հայ-ռուսական գործարքը՝ Սու 30ՍՄ բազաֆունկցիոնալ օդանավերի մատակարարման առումով: Իսկ այդ գործարքի նշանակությունը ռեգիոնալ է եւ միտված է ապահովելու կայունությունը, հայկական կողմի զսպման եւ հակահարվածի կարողությունների ընդլայնման շնորհիվ: Ռեգիոնալ այդ կայունությունը խիստ կարեւոր է նաեւ Ռուսաստանի համար, քանի որ հակառակ պարագայում Մոսկվան կանգնելու է աշխարհքաղաքական լուրջ ընտրության առաջ՝ կամ պարտություն կրել, կամ Հայաստանի հետ միասին հաղթել Ադրբեջանին:
 
Ռուսաստանին պետք չէ թե մեկը, թե մյուսը: Այդ դեպքում ինչու՞ վաճառել նոր ռազական օդանավեր Բաքվին: Փո՞ղ է պետք: Իհարկե Ռուսաստանին փող պետք է, թեեւ այն փողը, որ կարող են ստանալ օդանավերի դիմաց,  շատ քիչ է Ռուսաստանի համար փողի ընդհանուր անհրաժեշտության ծավալի համատեքստում: Սակայն, բանն այս դեպքում անգամ ծավալը չէ, այլ այն, որ փողը մի անգամ արդեն իսկ բերել է վտանգավոր իրադրության, կանգնեցնելով Մոսկվային հենց այն ընտրության առաջ, որը խիստ անցանկալի է՝ կամ պարտվել, կամ հաղթել Ադրբեջանին: Առավել եւս, որ անգամ հաղթանակի դեպքում Ադրբեջանը բաժին է հասնելու ոչ թե Ռուսաստանին, այլ Թուրքիային:
 
Մոսկվան Բաքվին մինչեւ ապրիլյան պատերազմը միլիարդավոր դոլարների սպառազինություն էր մատակարարում հայերին հավաստիացնելով, թե դրանով ստանում է ագրեսիան զսպելու քաղաքական կարողություն: Գործնականում պատկերը լրիվ հակառակն էր՝ Բաքուն էր Ռուսաստանից ձեռք բերում ագրեսիայի քաղաքական իրավունք:
 
Ներկայում խոսել այն մասին, թե դա զուտ բիզնես է, իսկ ագրեսիան Մոսկվան կզսպի, նշանակելու է վտանգավոր, խիստ վտանգավոր մոլորություն թե Հայաստանի, թե նաեւ հենց Ռուսաստանի համար: Մարդիկ, ովքեր կայացնում են Բաքվին այդօրինակ ռազմավարական նշանակության սպառազինություն մատակարարելու որոշում, որոշում են կայացնում ռուսական պետականության դեմ:
 
Գործնականում, առավել եւս ապրիլյան քառօրյայի դասի պայմաններում Ռուսաստանում դրված է Բաքվին ոչ թե օդանավ, այլ Անկարային ու Բաքվին ռուսական պետականությունը վաճառելու հարց, եւ որոշումը գործնականում նշանակելու է հենց դա:
 
Մի բան, որի մասին իդլիբյան հակամարտության առիթով պարզ հայտարարեց Էրդողանը, որ 25 միլիոն մահմեդական բնակչության օգնությամբ Ռուսաստանը կքանդեն ներսից: Էդողանը չի մանրամասնել գլխավորը, ռազմավարականը՝ թե այդ 25 միլիոնից քանիսն է Ռուսաստանը քանդելու հենց ՌԴ պետական իշխանության ներսից, կամ գործնականում քանդում արդեն տարիներ շարունակ, այդ թվում հակահայ որոշումների հասնելու միջոցով:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն