ԱԻՆ-ը 2 օրում 527 հանրային տարածք է վարակազերծել


ԱԻՆ-ը 2 օրում 527 հանրային տարածք է վարակազերծել

  • 08-04-2020 16:58:35   | Հայաստան  |  Հասարակություն



ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով՝ ապրիլի 6-ին և 7-ին Փրկարար ծառայության ստորաբաժանումները վարակազերծման կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել ՀՀ տասը մարզերում և Երևանում՝ ընդհանուր առմամբ 527 հանրային վայրերում: Դրանցից 326-ն առևտրային կազմակերպություններ են: Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվակլան ծառայությունը:
 
Վարակազերծվել են Գեղարքունիքի մարզպետարանի, Արարատի, Մասիսի, Տաշիրի, Դիլիջանի և Ծաղկահովիտի համայնքապետարանների, Տաշիրի և Ծաղկահովիտի Ոստիկանության բաժնի վարչական շենքերը, Տաշիրի սոցիալական ծառայության, զինկոմիսարիատի, «ՀԷՑ» ՓԲԸ-ի մասնաճյուղի շենքերը, Գավառի կենտրոնական հրապարակը, Դիլիջանի մշակույթի պալատը, Վաղարշապատի ծննդատունը, մարզային 16 բժշկական կենտրոններ և պոլիկլինիկաներ:
 
 
Ախտահանման աշխատանքներ են իրականացվել նաև Վանաձորի, Գորիսի և Կապանի շուկաներում, Գյումրիի «Լաչինի անցում» կոչվող տարածքում գտնվող 55 երկաթյա տաղավարներում և 50 խանութներում, Մասիսի «Հայփոստ» ՓԲԸ-ի մասնաճյուղում, 16 բազմաբնակարան բնակելի շենքերում, 55 բանկային և վարկային կազմակերպություններում:
 
Համաճարակային իրադրությամբ պայմանավորված՝ բոլոր կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներում ամենօրյա վարակազերծման են ենթարկվում շենքերն ու շինությունները, բակերն ու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները, գույքը, տեխնիկան և մարտական համազգեստը:  
 
Նոյյան տապան  -   Հասարակություն