Տեսակոնֆերանս գիտական կազմակերպությունների հետ

09-04-2020 15:48:43   | Հայաստան  |  Հասարակություն
 


ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ և Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի մասնակցությամբ տեղի է ունեցել տեսակոնֆերանս Հայաստանի գիտական կազմակերպությունների տնօրենների հետ: Հանդիպմանը քննարկվել են արտակարգ իրավիճակի պայմաններում ստեղծված խնդիրների հաղթահարման աջակցության վերաբերյալ վերջիններիս առաջարկները:
 
Տեսակոնֆերանսին մասնակցել են ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, «Հայկենսատեխնոլոգիա» գիտա-արտադրական կենտրոնի, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի, ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի, ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի, Օրգանական և դեղագործական քիմիայի գիտա-տեխնոլոգիական կենտրոնի, ինչպես նաև Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրենները:
 
Մի քանի ինստիտուտներ առաջարկել են տարածքների և իրերի ախտահանության համակարգերի մշակում և արտադրություն,
ինչպիսիք են օզոնատորները և ՈւՄ խցիկները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ սարքերի համատեղ ուսումնասիրման և դրանց արդյունավետության բացահայտման ուղղությամբ: Մեկ այլ առաջարկի համաձայն՝ գամմա ճառագայթման միջոցով հնարավոր է ստեղծել ախտահանման շարժական համակարգ, որի արդյունավետությունը վիրուսային մասնիկների վրա ևս պետք է ուսումնասիրել:
 
Ներկայացվել են առաջարկություններ ինքնամեկուսացմանն ռեժիմին առնչվող հասարակագիտական հետազոտությունների իրականացման վերաբերյալ ինչպես իրադրության սոցիալ-հոգեբանական, այնպես էլ հեռավար կրթության և կառավարման մոդելների մասով: Առաջարկների մյուս խումբը վերաբերել է համավարակի տարածման մոդելավորման խնդիրներին, որոնց լուծման համար առաջարվել է կիրառել հասանելի հաշվողական հնարավորությունները և տեխնոլոգիաները: Հնչել են նաև առաջարկներ իմունախթանիչներ հանդիսացող պրոբիոտիկներով հարուստ սննդանյութերի, ինչպես նաև բնական ծագման այլ կենսաակտիվ նյութերի արտադրության և դրանց կիրառման վերաբերյալ: Առաջարկների մյուս բաժինը վերաբերել է ախտածին հարուցիչների ուսումնասիրության ենթակառուցվածքների ստեղծմանը, որոնք հնարավորություն կընձեռեն ՀՀ տարածքում ունենալ ախտածինների ուսումնասիրությամբ զբաղվող հետազոտողների խմբեր, որոնց մասնագիտական կարողությունները կկիրառվեն ինչպես նոր դեղամիջոցների և հակահամաճարակային միջոցների մշակման, այնպես էլ առավել առաջադեմ հետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Նշվել է նաև միջազգային ստանդարտներին համապատասխանող ԴՆԹ/ՌՆԹ թեստերի մշակման և սինթեզի ենթակառուցվածքներ ունենալու
անհրաժեշտությունը, որը ներկայացնում է ոչ միայն գիտական, այլ նաև կիրառական հետաքրքրություն:
 
Հանդիպման վերջում մասնակիցները համաձայնության են եկել համագործակցել բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպես նաև առաջարկել են ստեղծել արտակարգ իրավիճակներում գիտական ինստիտուտների ներուժի համախմբումն ապահովող հարթակ և համապատասխան ընթացակարգեր, որոնց միջոցով հնարավոր կլինի ավելի համակարգված և էֆեկտիվ կիրառել հանրապետության գիտական ներուժը՝ ճգնաժամային կառավարման մարմինների աշխատանքներում ներգրավելով համապատասխան ոլորտների գիտնականների:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 255 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար