Մի շարք ապրանքների մասով ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագների կիրառումը կհետաձգվի 1 տարով

09-04-2020 15:53:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Գործադիրը հավանություն է
տվել 2019 թ. դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուգում ստորագրված «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թ. հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին Արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ, 2014 թ. մայիսին անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, միացել է նաև Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագներին: Երկրի տնտեսության վրա մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված բացասական ազդեցությունը  հնարավորինս մեղմելու նպատակով՝ ՀՀ-ն 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված վերցրել է՝ հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարևոր ապրանքների համար: Այդ ապրանքային խմբերի մի ստվար հատվածի համար անցումային ժամանակահատվածն ավարտվում է 2020 թվականին: Հայկական կողմից տարվող բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք ապրանքների մասով ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագների կիրառումը հետաձգել ևս մեկ տարով։ Ըստ այդմ՝ նախատեսվում է պայմանագրով սահմանված 2020 թ. հունվարի 1-ից նախատեսված մաքսատուրքերի բարձրացումը հետաձգել մեկ տարով՝ բացառությամբ 87 ապրանքային խմբում ընդգրկված վերգետնյա տրանսպորտային միջոցների։
 
Ինչպես նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, այն վերաբերում է մի շարք պարենային և արդյունաբերական  ապրանքների, որոնց գինը միջինում 3
տոկոսով կնվազի այս արձանագրության ուժի մեջ մտնելու պահից: Այդ ապրանքներն են՝ միս, կարագ, բրինձ, ձեթ, մարգարին, ծխախոտի հումք, պարարտանյութ, մի շարք դեղագործական արտադրանքներ և այլն: 
 
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է այդ որոշումների կարևորությունը հատկապես այս օրերին, երբ որոշակի գնաճային ճնշումներ են նկատվում շուկայում: Վարչապետը ՏՄՊՊՀ  նախագահ Գեղամ Գևորգյանից հետաքրքրվել է այսօր շուկայում առկա  իրավիճակով:  
 
ՏՄՊՊՀ նախագահը նշել է, որ Երևանում և հանրապետության մարզերում իրականացվող ամենօրյա մոնիթորինգի արդյունքներով ամենաշատ սպառման ենթակա ապրանքային շուկաներում այսօր արդեն դիտվում է գների նվազման որոշակի միտում: «Այսինքն՝ ոչ թե համեմատած փետրվարի, այլ մարտ ամսվա ընթացքում, երբ գինը փոքր- ինչ բարձրացել էր, սկսել է արդեն նվազել: Գների աճման միտումը 1-4 տոկոսի սանդղակում  է, և գների կտրուկ բարձրացում կոնկրետ ապրանքատեսակների մասով տեղի չի ունեցել: Մենք համեմատություն ենք արել 2018 թ.-ի նուն ժամանակահատվածի հետ կոնկրետ այդ ապրանքատեսակների մասով  և ունենք հետևյալ պատկերը, օրինակ՝ շաքարավազն այս տարվա փետրվարին եղել է 230, ապրիլի 8-ի դրությամբ դարձել է 255 դրամ, իսկ 2018 թ. նույն ժամանակահատվածում 1 կգ շաքարավազն արժեցել է 338 դրամ»,-ասել է Գեղամ Գևորգյանը՝ հավելելով, որ նույն պատկերն է նաև այլ ապրանքների, մասնավորապես՝ կարագի,  դիզվառելիքի, առումով: ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ այս թվերը ցույց են տալիս, որ շուկայում կա մրցակցություն, ինչի արդյունքում  գնանկում է նկատվում:  
 
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2019 թ.-ին և 2020 թ.-ի առաջին երկու ամիսներին  բազմաթիվ ուղղություններով գնանկում է եղել, և դա պետք է արձանագրել այսօրվա գնաճի մասին խոսելիս: «Իհարկե, մենք ամենօրյա ռեժիմով քննարկում ենք, և  այստեղ պետք է ուշադիր լինել հատկապես մարզային խանութների և ոչ ցանցային առևտրի կետերի և խանութների նկատմամբ: Մենք մոնիթորինգ ենք իրականացնում հիմնականում ցանցային խանութներում, բայց դրանից դուրս կարող են տեղի ունենալ երևույթներ, որոնք տնտեսապես արդարացված չեն, և մենք պետք է ուշադիր լինենք դրանց նկատմամբ: 
 
Իհարկե, կառավարությունը և պետական մարմինները պետք է ուշադիր լինեն գների նկատմամբ, բայց դա նաև պետք է բավականին ճշգրիտ անել: Եթե հանկարծ փորձենք արհեստական միջամտություն անել գների նկատմամբ, մենք շուկայում կունենանք դեֆիցիտ, որովհետև ուղղակի մարդիկ, գործարարները կդադարեն ապրանքներ ներկրել: Եվ այստեղ կա երկու եզր՝ առաջինը, որ արհեստական միջամտություն չլինի, և երկրորդ՝ իրավիճակից գերշահույթներ ստանալու երևույթներ չլինեն: 
 
Ես ուզում եմ կրկին հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունն այն փոքրաթիվ երկրներից  էր և երկրներից է, որտեղ խանութների դատարկ ցուցափեղկերի երևույթներ չեն նկատվել: Այսօր կան այդպիսի երևույթներ նույնիսկ աշխարհի շատ ու շատ զարգացած երկրներում», -ասել է վարչապետը: 
 
Նիկոլ Փաշինյանը դիզվառելիքի շուկայում աննախադեպ գնանկումը կարևորել է հատկապես գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի առումով: Նշվել է նաև, որ անցած գիշեր, չնայած ցրտահարության վտանգին, էական վնասների մասին տեղեկություններ այս պահին չկան: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 260 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար