Կհիմնանորոգվեն պետական նշանակության ավտոճանապարհները


Կհիմնանորոգվեն պետական նշանակության ավտոճանապարհները

  • 09-04-2020 16:00:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգումն ապահովելու նպատակով՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ընդհանուր առմամբ որոշմամբ նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների երկարությունը 33.7 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 10.0 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 17.7 կմ և մարզային նշանակության ավտոճանապարհներ` 6 կմ: Ըստ այդմ՝ առաջարկվում է 4.1 մլրդ դրամը հատկացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» կատարումն ապահովվելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ 4.1 մլրդ դրամից 3.7 մլրդ դրամն անհրաժեշտ է 2019 թ. իրականացված, ինչպես նաև անավարտ շինարարական օբյեկտների շինարարության, տեխնիկական, հեղինակային հսկողության համար, 73.9 մլն դրամը` նախագծահետազոտական, գեոդեզիաքարտեզագրական աշխատանքների համար, և 353.4 մլն դրամը` տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման համար: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որոշ ճանապարհների մասով, անհրաժեշտ գումարները պայմանավորված են նաև նրանով, որ դեռևս 2019թ. իրականացված աշխատանքների մի մասը պատվիրատուի կողմից չի ընդունվել՝ ոչ պատշաճ կամ թերի կատարելու պատճառով։ 
 
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ անկախ կորոնավիրուսից նախորդ տարի մեր հրապարակած նախագծերը՝ այս տարի  500 կմ ճանապարհ վերանորոգելու հետ կապված, ամբողջությամբ ուժի մեջ է:  «Սա շատ կարևոր է, մենք պետք է նաև կապիտալ ծախսերի մասով մեր անելիքները քննարկենք, որովհետև ճգնաժամը հաղթահարելու իմաստով կապիտալ ծախսերը մեզ պետք է օգնեն պահպանել եղած աշխատատեղերը, բացել նոր աշխատատեղեր: Կապիտալ ծախսն այն ուղղությունն է, որ իր հետևից պետք է, այսպես ասած, քաշի նաև տնտեսության մյուս ճյուղերը: Եվ մենք կենտրոնանում ենք կապիտալ ծախսերն ամբողջությամբ իրականացնելու վրա: Այն ծախսերը, որոնք մտածում ենք, որ այս տարի չենք կարող իրականացնել, բյուջեում վերաբաշխումներ ենք անում, որպեսզի առաջացած տարածքում հնարավորություն ունենանք ներգրավել նոր միջոցներ և ընդլայնել մեր պլանավորած կամ հնարավոր կապիտալ ծախսերի մասշտաբը: Այս թեմայով նույնպես մեր քննարկումները սկսել ենք և կշարունակենք մինչև համոզվենք, որ այդտեղ հարցը կարգաբերել ենք հնարավորինս լավագույն ձևով»,- նշել է վարչապետը և հույս հայտնել, որ ամեն ինչ կընթանա նախատեսածով: 
 
Կառավարությունն ընդունել է մեկ այլ որոշում, որի նպատակն է աջակցել  «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի շրջանակում ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության և «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» բաժնետիրական ընկերության միջև կնքված N T1-T2-CW-01 պայմանագրի ներքո «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» ԲԸ նկատմամբ դրամական պահանջներ ունեցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին՝ վերջիններիս վերադարձելիության, ժամկետայնության, արժեքավորման և վճարովիության սկզբունքով տրամադրելով բյուջետային վարկ։ Ըստ հիմնավորման՝ «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» ընկերությունը 2018 թ. վերջից ի վեր չի վճարել  ենթակապալառու կազմակերպություններին վերջիններիս կողմից ծրագրի շրջանակում  իրականացված աշխատանքների դիմաց, ինչը հանգեցրել է նշված կազմակերպությունների ծանր ֆինանսական վիճակին: Ենթակապալառու կազմակերպությունների ընդհանուր պարտքը կազմում է  2 228 549 216 ՀՀ դրամ։ Որոշմամբ առաջարկվում է «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» ԲԸ հանդեպ  դրամական պահանջ ունեցող ենթակապալառուներին տրամադրել բյուջետային վարկ՝ ընկերության հանդեպ ունեցած պահանջի  չափով 5 տարի ժամկետով տարեկան 0,01 տոկոս տոկոսադրույքով: 
Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ կառավարության ղեկավարը նշել է. «Ըստ էության, սա նույնպես հակաճգնաժամային որոշում է, որը, իհարկե, ծագել էր կորոնավիրուսից շատ առաջ: Ուզում եմ հիշեցնել նաև, որ այդ դրվագի հետ կապված հարուցված է քրեական գործ, որի նախաքննությունը ընթանում է: Այն այս ընթացքում հարուցված մեր ամենամասշտաբային քրեական գործերից է: Հույս ունենք, որ նախաքննությունը կոնկրետ արդյունքներ կբերի, և պետությանը, հանրությանը պատճառված վնասները լիարժեք կվերականգնվեն»:   
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play