Կառավարությունը արտոնություններ է տրամադրել մի շարք ներդրումային ծրագրերի


Կառավարությունը արտոնություններ է տրամադրել մի շարք ներդրումային ծրագրերի

  • 09-04-2020 16:15:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Կառավարությունը բավարարել է «Ռոզ ֆիլդ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմոցների կառուցման՝ հոլանդական վարդերի արտադրության համար (Արագածոտնի մարզ)։ Արդեն իսկ իրականացվել է 375 մլն դրամի կապիտալ ներդրում: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 3.8 մլրդ դրամի ներդրում ցանկով ներմուծվող սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև ջերմոցների կառուցմանն ուղղված շինարարական աշխատանքների իրականացման համար: Ներկայումս առկա է 1 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 65-70 նոր աշխատատեղ` 185,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի տարեկան ծավալը կկազմի  1 մլրդ 720 մլն դրամ, որից 50 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 1 մլրդ 670 մլն դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2 մլրդ 215 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 110.7 մլն դրամ:
 
Մաքսատուրքի ազատման արտոնությունից կօգտվեն նաև «Արթիկի ՓՀԿ» և «Միշել Սերղանի» ընկերությունները: «Արթիկի ՓՀԿ» ընկերությունը զբաղվում է թելի, կտորի թափվածքների արտադրությամբ և վերամշակմամբ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է արտադրել բժշկական բամբակ, ինչպես նաև տեքստիլ կտորներ` բանվորական հագուստների, բազմակի օգտագործման տոպրակների համար (ք. Գյումրի): Ընկերությունը 2018 թ. կառավարության որոշմամբ ստացել է մաքսատուրքից ազատման արտոնություն, որի արդյունքում փաստացի իրականացրվել է 1 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և ստեղծվել է 25 նոր աշխատատեղ: Նոր ծրագրով նախատեսվում է իրականացնել 5 մլրդ դրամի ներդրում՝ հումքի, գործարանի վերանորոգման, հումքի և նոր սարքավորումների ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 30 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 5 նոր աշխատատեղ (18 ամիսների ընթացքում)` 150,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը առաջին տարում կկազմի 820 մլն դրամ, որից 620 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 200 մլն դրամի արտադրանքը` ՌԴ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2.5 մլրդ դրամ, մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 176 մլն դրամ: «Արթիկի ՓՀԿ»-ին տրվել է նաև   ԱԱՀ վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություն: 
 
«Միշել Սերղանի» ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է պայուսակների, գոտիների և այլ աքսեսուարների արտադրության համար։ 
 
Այլ որոշումներ
 
Գործադիրը հավանություն է տվել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծերի նպատակն է հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) ախտահարված անձանց տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ծավալի և պատշաճ որակի ապահովումը: Ըստ այդմ՝ առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության համար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման նպատակով իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կարողությունների օգտագործում, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցմանն այլ բուժաշխատողներ, այդ թվում կլինիկական օրդունատուրայի ավարտական կուրսերի ուսանողների ներգրավում:
 
Կառավարության որոշմամբ  առաջարկվել է ՀՀ ԱԺ նախագահին  ապրիլի 13-ին ժամը 11:00-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն