Հանրապետության նախագահը շարունակում է հեռավար զրույցները մշակույթի, արվեստի գործիչների հետ

09-04-2020 18:28:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հեռավար զրույցները Հանրապետության մշակութային, գիտակրթական և ակադեմիական հաստատությունների և կառույցների ղեկավարների, մշակույթի, արվեստի գործիչների հետ։
 


Նախագահը հեռախոսազրույց է ունեցել կոմպոզիտոր, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանի հետ
: Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է ներկա իրավիճակում կոմպոզիտորի գործունեությամբ, մինչև կորոնավիրուսի համավարակը նախատեսված ծրագրերով և դրանց հետագա ճակատագրով, ինչպես նաև ապագային միտված նախագծերով:
 
Նախագահն ու արվեստագետն անդրադարձել են «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հետ կապված հարցերին, հեղինակավոր արվեստագետների ու երաժիշտների հետ համագործակցության հնարավորություններին:
 
Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ իրավիճակի կարգավորումից հետո հնարավոր կլինի բոլոր նախանշված ծրագրերն ու անելիքները կյանքի կոչել, իսկ այս դադարն օգտագործել նոր գործերի ստեղծման ու նոր ծրագրերի ուրվագծման նպատակով:
 
***
 
Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարաշարի համահեղինակ, նկարիչ Հովհաննես Մինասյանի որդու՝ ֆիզիկոս Մարտին Մինասյանի հետ:
 
Հովհաննես Մինասյանը ՀՀ ժողովրդական նկարիչ Հենրիկ Մամյանի հետ միասին հեղինակել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարաշարը: Անցած տարվա վերջին նախագահ Սարգսյանի աջակցությամբ իրականացվել էր որմնանկարի ամբողջական վերականգնումը, որի որոշ հատվածներ տարիների ընթացքում վնասվել էին: Ներկայումս որմնանկարն արդեն վերագտել է իր նախնական տեսքը:
 
Զրուցակիցները կարևորել են մշակութային արժեքների պահպանումն ու հոգածությունը մեր ազգային ժառանգության նկատմամբ։ Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է նաև Մարտին Մինասյանի գործունեությամբ ու ծրագրերով:
 
 ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 322 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար