Տեր-Պետրոսյանը զայրացրեց Քոչարյանին. Սերժ Սարգսյանն ու Փաշինյանը մերժեցի՞ն


Տեր-Պետրոսյանը զայրացրեց Քոչարյանին. Սերժ Սարգսյանն ու Փաշինյանը մերժեցի՞ն

  • 09-04-2020 19:55:26   | Հայաստան  |  Վերլուծություն

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ապրիլյան քառօրյայի քննիչ հանձնաժողովը բավարարել է իր պայմանը՝ տրամադրել ձայնագրությունը, ըստ այդմ Սարգսյանը կմասնակցի նիստին եւ կպատասխանի հարցերին:
 
Սարգսյանն այդ որոշման մասին հայտնել էր դեռեւս ապրիլի 7-ին, սակայն նախօրեին եղավ գրասենյակի հայտարարությունը, որ այդքան էլ որոշակի չէ ձայնագրությունը տրամադրելու պայմանի հանդե հանձնաժողովի դիրքորոշումը: Այդ ընթացքում իրավիճակը որոշակիորեն փոխել էր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որի հոդվածը լույս տեսավ Սերժ Սարգսյանի համաձայնությունից հետո եւ որում առաջին նախագահը կոչ էր անում դադար տալ ներքաղաքական կյանքում կորոնավիրուսի դեմ պայքարի համար, եւ սառեցնել նաեւ ապրիլյան հանձնաժողովի աշխատանքը:
 
Ավելին, Տեր-Պետրոսյանի գրից կար տպավորություն, որ այդ ամբողջը հենց ապրիլյանի վերաբերյալ առաջարկի համար է, պայմանավորված գուցե Սերժ Սարգսյանի համաձայնության անակնկալով: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարծիք էր հայտնել, որ Տեր-Պետրոսյանը կարծես թե գործարք է առաջարկում Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին՝ ապրիլյանը սառեցնելու կոչով:
 
Բայց, եթե դա գործարք է, ապա ենթադրվում է, որ իրականություն կարող էր դառնալ այն դեպքում, եթե Նիկոլ Փաշինյանը տար իր հավանությունը, որովհետեւ Փաշինյանի քաղաքական որոշումով ստեղծված հանձնաժողովը կսառեցնի իր աշխատանքը միայն նրա քաղաքական որոշման դեպքում:
 
Եթե հանձնաժողովը բավարարել է Սերժ Սարգսյանի պայմանը, նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը մերժել է առաջին նախագահի առաջարկած «հրադադարի բանաձեւը»: Միաժամանակ, եթե Սերժ Սարգսյանն էլ գրասենյակի միջոցով հայտարարել է, որ պայմանը բավարարվել է եւ նա կմասնակցի նիստին, ապա պետք է եզրակացնել, որ Տեր-Պետրոսյանի «հրադադարի բանաձեւը» մերժում է նաեւ Սերժ Սարգսյանը:
 
Գործնականում սակայն, Տեր-Պետրոսյանի խոսքը թերեւս միայն առերեւույթ է վերաբերում ներքաղաքական հրադադարին: Մեծ հաշվով, Տեր-Պետրոսյանի տողատակում նրա սիրած հորդորը կամ խորհուրդն է անշրջելիության կամ Ռուսաստանի մասին: Տեր-Պետրոսյանը գործնականում առաջարկում է չբարկացնել Ռուսաստանին: Ապրիլյան քառօրյայի գործընթացը սառեցնելու վերաբերյալ նրա հորդորի տակ ըստ երեւույթին հենց դա է: Նա՝ ինչպես 2014 թվականին անշրջելի էր հայտարարում Մաքսային միությունը՝ ոչիշխանական բեւեռի շարքում լեգիտիմացնելով Հայաստանի բռնակցման ռուսական քաղաքականությունը ընդդիմության դիրքից, այժմ էլ թերեւս անշրջելի է համարում ապրիլյան քառօրյայի փաստը: Բանն այն է, որ այդ պատերազմի ռազմա-քաղաքական լեգիտիմությունն ապահովել է հենց այդ քաղաքականությունը:
 
Քաղաքական տողատակում, Տեր-Պետրոսյանի հոդվածը ռուսական քաղաքականության լեգիտիմացման նոր հայտ է:
 
Ի դեպ, հատկանշական է, որ Տեր-Պետրոսյանի հոդվածը ամենասուր եւ կոշտ քննադատության է արժանացրել այդօրինակ հայտը վաղուց ներկայացրած երկրորդ նախագահը՝ իր շրջապատով:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play