Բացառիկ վիճակ. Վիեննայի օրակարգի ռուսական «այլընտրանքը»


Բացառիկ վիճակ. Վիեննայի օրակարգի ռուսական «այլընտրանքը»

  • 10-04-2020 11:07:53   | Հայաստան  |  Վերլուծություն

Բաքվի քարոզչամիջոցներ անհանգստացած են Հայաստանում շարժական ռուսական կենսաաբորատորիաներով, որոնք Երեւան են բերվել Հայաստանի եւ ՌԴ պաշտպանության նախարարների պայմանավորվածությամբ: Լաորատորիաները եւ ռուսաստանյան ռազմական մասնագետները ներգրավվելու են կորոնավիրուսի դեմ պայքարին, մասնավորապես Հայաստանի զինված ուժերի եւ ՌԴ 102-րդ ռազմակայանի շրջանակում:
 
Բաքվին այդ հանգամանքը անհանգստացրել է ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի մեկնաբանության ֆոնին: Տարասովը խոսել է այն մասին, որ շարժական կենսալաբորատորիան եւ ռուսաստանցի մասնագետները կարող են հայտնվել նաեւ Արցախում՝ այնտեղ հայկական զինուժի համար կանխարգելիչ գործունեության համար: Տարասովը նաեւ առաջարկում է համաճարակի դեմ պայքարի հայ-ադրբեջանական համաձայնություն, նշելով, թե վարակը հեշտությամբ կարող է անցնել խրամատները: Եվ, վերջապես, Ադրբեջանի ուշադրությունը գրավել է այն, որ Տարասովը խոսել է նաեւ Իրանի հետ Արցախի սահմանը հակահամաճարակային նկատառումով ամրացնելու մասին, որ հնարավոր է անել ռուս մասնագետների ներգրավումով:
 
Հայ-ադրբեջանական հակահամաճարակային համաձայնության գաղափարը Տարասովը առաջ է քաշել դեռեւս մի քանի շաբաթ առաջ, եւ Հայաստան ռուս մասնագետների պատվիրակության ժամանման փաստը նա օգտագործել է իր առաջարկն առարկայացնելու համար: Մեծ հաշվով, այն տրամաբանությունը, որ առկա է Տարասովի գաղափարում, ենթադրում է Ռուսաստանի հովանու ներքո հայ-ադրբեջանական՝ ներառյալ արցախ-ադրբեջանական որոշակի իրավական փոխհամաձայնություն:
 
Մեծ հաշվով, առաջարկվում է յուրօրինակ մի մեխանիզմ, որը կարող է լինել ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ամերիկյան առաջարկի՝ Վիեննայի օրակարգի այսպես ասած այլընտրանքը: Ադրբեջանը մերժել էր այդ օրակարգը Ռուսաստանի գործուն աջակցությամբ: Ամերիկյան առաջարկը Մոսկվայի համար մերժելի էր, քանի որ դրանով փաստացի հակամարտության գոտու կառավարման հարցում Ռուսաստանի գերիշխող դիրքը փոխարինվում է միջազգային պատասխանատվության մեխանիզմով:
 
Թեեւ Ռուսաստանի օգնությամբ Բաքվին հաջողվեց չեզոքացնել այն, այդուհանդերձ փակուղին, որում հայտնվել են Բաքուն եւ ռուսական այսպես ասած ավանդական քաղաքականությունը, շարունակվում է: Որովհետեւ ռազմական շանտաժի ադրբեջանական քաղաքականության վերակենդանացումն ինքնաբերաբար վերակենդանացնելու է Վիեննայի ամերիկյան առաջարկը:
 
Ըստ այդմ, կորոնավիրուսի առիթը դիտարկվում է այլընտրանքի առաջմղման եւ դրանով իրավիճակը փոխելու հնրավորություն: Տարասովը հուշու՞մ է գաղափարը, թե՞ արտահայտում դրա առկայությունը ՌԴ վերնախավում, դժվար է ասել: Բոլոր դեպքերում, Բաքվին այն անհանգստացնում է հավասարապես: ՌԴ օգնությամբ մերժելով Վիեննայի օրակարգը, Բաքուն մտադիր չէ գնալ ՌԴ հովանու ներքո այլընտրանքի: Ադրբեջանի համար մեծ հաշվով էական չէ, ստատուս-քվոն ճանաչվում է ԱՄՆ, թե ՌԴ առաջարկով, թեկուզ ռուսականում առկա է էական տարբերություն հօգուտ Բաքվի:
 
Բաքուն փորձում է «օգնության կանչել» Թեհրանին, շոշափելով հարցը, թե արդյոք Թեհրանին դուր կգա Արցախի հետ սահմանում ռուս կենսաբան ռազմական մասնագետների առկայությունը: Իրանը միշտ դեմ է արտահայտվել հակամարտության գոտում երրորդ կողմի ներկայությանը:
 
Պնդու՞մ է Ռուսաստանը արցախյան գոտում կորոնավիրուսի առիթով ռուսական զինվորականների տեղակայման գաղափար, թե՞ տրամադրություններ է շոշափում: Այս պարագայում թերեւս բացառիկ իրավիճակ է, երբ արցախյան գոտում երրորդ երկրի՝ տվյալ դեպքում Ռուսաստանի ռազմական մասնագետների տեղակայումը խնդրահարույց է բոլորի համար:
 
Այլ հարց է, երբ այն կրում է հստակ ժամանակավոր բնույթ, գերազանցապես հայկական ենթակայությամբ, եւ օգնում է հայկական զինուժին՝ կորոնավիրուսի պայմաններում թե պաշտպանական, թե անհրաժեշտության պարագայում այլ գործողություններ իրականացնելու համար: Հատկապես, կորոնավիրուսի համաշխարհային ճարակի պայմաններում Հայաստանի հետ մեն-մենակ մնալու առնչությամբ Բաքվում առավելության պատրանքների բարձրաձայնման ֆոնին, ռեգիոնալ կայունությունն արտակարգ իրավիճակում ապահովելու համար:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն