Պուտինը պատրաստվում է վերականգնե՞լ ԽՍՀՄ-ը


Պուտինը պատրաստվում է վերականգնե՞լ ԽՍՀՄ-ը

  • 21-04-2020 10:58:43   | Հայաստան  |  Վերլուծություն

Հետխորհրդային երկրներում աստիճանաբար նահանջում է ԽՍՀՄ վերստեղծման վախը, բոլորը տեսնում են ինտեգրացիոն գործընթացների փոխշահավետությունը, հայտարարել է ՌԴ նախագահ Պուտինը: Նրա հայտարարությունը բազմիմաստ է: Պուտինը վախի հաղթահարումը նույնացնու՞մ է կասկածի հետ, թե՞ հակառակը՝ համարում է, որ վախի հաղթահարում նշանակում է ԽՍՀՄ գաղափարի ընկալելիություն: Բանն այն է, որ այդ բազմիմաստությունն առաջին հերթին առաջացնում է ԽՍՀՄ հանդեպ Պուտինի վերաբերմունքի եւ պատկերացման պատճառով: Նա ԽՍՀՄ փլուզումը համարել է 20-րդ դարի աշխարհքաղաքական աղետ եւ ամենեւին չի մերժում իրեն վերագրվող՝ ԽՍՀՄ վերականգնման ձգտումը:
 
Այն, որ հետխորհրդային տարածքում կա ինտեգրացիոն գործընթաց, բնական է, պայմանավորված համատեղ անցյալի տասնամյակներով: Միաժամանակ, տարբեր են այդ գործընթացի, ինտեգրացիայի վերաբերյալ պատկերացումները: Եվ այդտեղ է խնդիրը:
 
Մյուս երկրների համար այդ ինտեգրացիան տնտեսական ու քաղաքական հարցեր լուծելու միջոց է, իսկ Ռուսաստանի համար՝ կայսերական հավակնության միջոց: Այդ համատեքստում է, որ «վախն անցել» է պուտինյան ձեւակերպումը միարժեք չէ:
 
Այն ներկայում հատկապես ուշադրություն է գրավում Եվրոպայի Խորհրդարանում քննարկվող գաղափարի ֆոնին, որի հեղինակները առաջարկում են միասնական տնտեսական տարածք՝ ԵՄ ու Արեւելյան գործընկերության ծրագրի 6 անդամների միջեւ, որոնք հետխորհրդային երկրներ են՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Մոլդովա, Բելառուս: Եվրախորհրդարանը պետք է քննարկի գաղափարը, ինչից հետո պարզ կլինեն մանրամասները, թե ինչպես է պատկերացվում միասնական տնտեսական տարածքը, եթե օրինակ Արեւելյան գործընկերության երկրներից երկուսը անդամակցում են մեկ այլ տնտեսական միասնական տարածքի՝ ԵԱՏՄ-ի:
 
Արդյոք Եվրախորհրդարանում քննարկվող գաղափարը հետին թվով լինելու է Եվրոպայի արձանագրումը, որ Սերժ Սարգսյանն իր «եւ-եւ»-ով ճիշտ էր, իսկ իրենք՝ 2013 թվականին, սխալ, երբ նրան ասացին, որ դա հնարավոր չէ: 2013-ին, ԵՏՄ բռնակցումից առաջ Հայաստանը խոսում էր թե Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու, թե ԵԱՏՄ անդամ լինելու մասին: Եվրոպան սակայն նշեց, որ հնարավոր չէ Ասոցացում, եթե երկիրը այլ մաքսային միության անդամ է: Սերժ Սարգսյանն ընտրեց ԵՏՄ-ն, որովհետեւ հակառակ ընտրությունը նրան արժենալու էր իշխանության կորուստ, Ռուսաստանը Հայաստանում դրա համար պատրաստել էր ոչիշխանական բեւեռը: Գուցե դա բլեֆ էր, բայց այն այդուհանդերձ աշխատեց:
 
Եվ այստեղ իհարկե գլխավոր հարցերից մեկն այն էր, թե արդյոք Եվրոպան իսկապես չսխալվեց՝ թողնելով Հայաստանը մենակ: Այդ հարցը առանցքային է այժմ, երբ Եվրախորհրդարանում քննարկվում է ԱլԳ երկրների ու ԵՄ միասնական տարածքի գաղափարը: Պատրա՞ստ է Եվրոպան այդ քաղաքական կարեւոր նախաձեռնությունը առաջ քաշելով մտնել ՌԴ հետ լուրջ պայքարի մեջ, թե՞ պայքարի ծանրությունը մնալու է ԱլԳ անդամ երկրների վրա՝ ով կաողացավ, կարողացավ, ով ոչ՝ հրաժեշտ է տալիս օրինակ «Ղրիմին» կամ «Դոնբասին»:
 
Թե՞ Եվրոպայում մտածում են, որ Ռուսաստանը վերցրել է իր վերցնելիքը:
 
Այստեղ իհարկե առաջնային խնդիր է, թե Եվրախորհրդարանում քննարկվող գաղափարի առնչությամբ ինչ են մտածում Եվրամիության առաջատարները՝ Ֆրանսիան ու Գերմանիան: Նրանք պատրա՞ստ են պայքարել Ռուսաստանի հետ: Թե՞ հակառակը, ԱլԳ երկրներին՝ այդ թվում ԵՏՄ անդամ երկու երկրներին առաջարկվելիք գաղափարը գործնականում ԵՄ-Ռուսաստան մերձեցման տողատակով գաղափար է, որ կարող են առաջ մղել ԵՄ առաջատարները: Այդ դեպքում իհարկե էական է դառնում հարցը, թե ինչպես կվերաբերի դրան Վաշինգտոնը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն