Կամավորներից ձևավորված խումբն առաջին անհրաժետության ապրանքներով օգնություն է ցուցաբերել շուրջ 255 ընտանիքի. Նրանք նախատեսում են մինչև կարանտինի ավարտն օգնել ընդհանուր առմամբ 1000 ընտանիքի


Կամավորներից ձևավորված խումբն առաջին անհրաժետության ապրանքներով օգնություն է ցուցաբերել շուրջ 255 ընտանիքի. Նրանք նախատեսում են մինչև կարանտինի ավարտն օգնել ընդհանուր առմամբ 1000 ընտանիքի

  • 21-04-2020 20:09:40   | Հայաստան  |  Բարեգործություն

Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Հայաստանում սահմանված է արտակարգ դրություն նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ 
 
 
Այս ընթացքում սահմանափակվել է քաղաքացիների ազատ տեղաշարժը, ինչը նշանակում է, որ շատ ընտանիքներ հայտնվել են անելանելի վիճակում՝ զրկվելով սեփական կարիքները հոգալու հնարավորությունից։ 
 
Հատկապես օրավարձով ապրող ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու մասին ֆեյսբուքյան օգտատեր Համլետ Խնկոյանը գրառում է կատարել, որն ինչպես ինքն է ասում՝ ոչ միայն անարձագանք չի մնացել, այլև օգնել ցանկացողների թիվն օր օրի ավելացել է ձնագնդի էֆեկտով։ 
 
Ապրիլի 4-ից մինչև այսօր կամավորական սկզբունքով ձևավորված «Օգնենք կարիքավոր ընտանիքներին» նախաձեռնության անդամներն առաջին անհրաժետության ապրանքներով օգնություն են ցուցաբերել շուրջ 255 ընտանիքի։ 
 
Ինչպես «Նոյյան Տապան»-ի հետ զրույցում նշեց նշյալ նախաձեռնության համակարգող Հ. Խնկոյանը, հասցրել են օգնություն բաժանել Երևանում, Բերդիկ, Ազատավան, Լեռնագոգ, Նալբանդյան և Խարբերդ գյուղերում։ 
 
«Շատ ընկերներ միանգամից արձագանքեցին: Ով ինչով կարողացավ` գումարից սկսած մինչև սեփական արտադրանք՝ արիշտա, չրեր, թեյ, խնձոր, արկղեր, անձեռոցիկ, զուգարանի թղթեր և այլն, և կամավոր կերպով որոշակի աշխատանքների իրականացում՝ արկղերում ապրանքների դասավորում և առաքում:
Սկզբում թիմը 4-5 հոգանոց էր և նախատեսում էինք օգնել 5-10 ընտանիքի: Հետո ձնագնդի էֆեկտով սկսեցինք շատանալ, հասնելով 45-ի և օգնեցինք 70 ընտանիքի: Մեզ միացողների թիվը ամեն ժամ ավելանում էր, օգնություն ցուցաբերողները ամենատարբեր ձևաչափերով մասնակցում էին աշխատանքներին»,- մանրամասնեց նա: 
 
Հ. Խնկոյանի փոխանցմամբ՝ իրենց են միացել նաև բարերարներ Ալիս և Վահիկ Պետրոսյաններն ու Միմի Զարուկյանը։ Վերջիններիս նվիրաբերած խոշոր դրամական միջոցներով օգնել են 150 ընտանիքի. 
 
«Այսօր թիմում արդեն 100-ից ավելի ենք և պատրաստվում ենք Հայ կրթական հիմնարկության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությամբ օգնել ընդհանուր առմամբ 1000 ընտանիքի: Արկղերը, որոնց մեջ տեղավորում ենք սնունդը մեզ տրամադրել են անվճար`իմանալով նպատակի մասին: Անվճար տրամադրվել է նաև հանքային ջուր, ոլոռ և վերևում արդեն նշված ապրանքները: Արկղերից յուրաքանչյուրի մեջ առաջին անհրաժեշտության սնունդ և պարագաներ են, որոնք բավարարում են 10-14 օրվա կտրվածքով 3-4 հոգանոց ընտանիքների»:
 
Հ. Խնկոյանի փոխանցմամբ՝ աջակցության կարիք ունեցող ընտանիքների մասին տվյալները վերցնում են հիմնադրամներից, մասնավոր կազմակերպություններից կամ պետական կառույցներից, սակայն նկատել են, որ հիմնադրամներից ստացված տվյալներն ավելի թիրախային են, քան նախարարության կողմից տրամադրվածները։ 
 
Պատճառն ըստ նրա՝ նախարարության կողմից ընտանիքների սոցիալական կարգավիճակին ավելի մոտիկից ու պարբերաբար չծանոթանալու մեջ է։ 
 
«Փորձը ցույց տվեց, որ քաղաքում բնակվողները շատ ավելի վատ պայմաններում են ապրում, քան գյուղերում։ Եթե ընտանիքում 5 հոգուց ավելի են, տրամադրում ենք երկու արկղ»,- նշեց նախաձեռնության համակարգողը։ 
 
Վերջինիս խոսքերով՝  կարանտինից հետո նախաձեռնությունը շարունակելու իմաստ չկա, որովհետև իրենց նպատակը իրավիճակային օգնություն հասցնելն է, այսինքն՝ իրենք չենք օգնում այն ընտանիքներին, ովքեր միշտ էլ դրա կարիքն ունեն, այլ օգնում ենք նրանց, ովքեր այս փուլում հայտնվել են ծանր վիճակում։ 
 
Անդրադառնալով կորոնավիրուսի տնտեսական հետևաքները չեզոքացնելուն ուղղված ՀՀ կառավարության կողմից տարբեր սոցիալական խմբերին դրամական աջակցություն ցուցաբերելուն՝ Հ. Խնկոյանը նկատեց, որ պետական միջոցառումներն անշուշտ օգնում են մարդկանց, սակայն տրամադրվող գումարները շատ ուշ են հասնում քաղաքացիներին, արդյունքում նրանք ունենում են սննդի խնդիր։ 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Բարեգործություն