Մարագները լցրին պառավ ու հղի կանանցով, ծծկեր ու անչափահաս երեխաներով ու բոլորին ողջ-ողջ այրեցին. թույլ չտանք այլևս մեզ հետ վարվեն ինչպես կենդանու հետ․․․


Մարագները լցրին պառավ ու հղի կանանցով, ծծկեր ու անչափահաս երեխաներով ու բոլորին ողջ-ողջ այրեցին. թույլ չտանք այլևս մեզ հետ վարվեն ինչպես կենդանու հետ․․․

  • 24-04-2020 11:39:30   | Հայաստան  |  Ականատեսի աչքերով

Չարաբաստիկ 15-ի օգոստոսին, մեկամյա երեխան գրկներին, փախչելով բազում արհավիրքներից։
 
Օհաննեսն Արուսյակի հետ հայտնվում Հունաստանում։ Սակայն նրա մտքին միայն և միայն Հայաստան հասնելն էր և երկու տարի սրա-նրա համար ծառայություն անելուց հետո, վերջապես մի մեծ խումբ հայ գաղթականների հետ, հունական նավով, 18 թ․ հայտնվում են Սև ծովի ռուսական ափին։
Շատերն այդ կողմերում ծանոթներ ունենալով, հեռանում են, բայց Օհաննեսը մի քանի ընտանիքի հետ մնում է, սպասելով թե ճակատագիրն ինչ կմատուցի նրանց․․․
Մի քանի գիշեր անցկացնում են երկաթուղային կամրջի կողքին, մի մեծ փոսի մեջ։
Երեխան գիշեր- ցերեկ լալիս էր, ուտել էր ուզում․․․Քաղաքի փափուկ և ապահով կյանքով ապրած գեղեցկուհի Արուսյակը, հազիվ էր կարողանում իրեն զսպել, որ չկոտրվի, որ ավելորդ ցավ չպատճառի ամուսնուն․․․
Տառապանքի այդպիսի մի օր, Օհաննեսը հանկարծ նկատում է դեպի իրենց եկող մի երիտասարդի։
Ծանոթացան, ու երբ Արմենակը /երիտասարդի անունն էր/ իմացավ նրանց պատմությունը , ոգեշնչող տոնով ասաց․
—Պարոն Օհաննես, մի հուսահատվիր․․․Յաթաղանից ազատվել ես, մնացածը դյուրին է․։
—Պարոն Արմենակ, կասե՞ք թե մենք որտեղ ենք հիմա։
—Դուք այժմ գտնվում եք Սոչիի և Տուապսեի միջև գտնվող Ուչ- Դերե կոչված գյուղի ծովափին։Գյուղն այստեղից 3կմ հեռավորության վրա է գտնվում։ Այ, տեսեք, քիչ հեռվում հոտաղներ են երևում,հիմա կասեմ ձեզ գյուղ ուղեկցեն,- ուրախ գոչեց Արմենակն ու ձայն տվեց կովարած տղաներին․
—Ծո՛, ըռնտիկ պոջոլներ, արիք հուզա։ Իսա մարդ Տաճկաստանեն հոս փախած ունի; Էշթող են ձեր գեղը։ Ճամփան ցուցնող չի՞ք, թե․․․
—Ադա Արշո, թռիր, բզզա պարոնի մոտ,-պոռաց հոտաղներից ավագը,- մենք քու կովերը պահինք կո։
Արշոն մոտեցավ ու ասաց․
—Ես ձիզ հնչանք գեղ տանիմ կո․․․
Վերջապես հասնան գյուղ․․․
Ուչ-Դերեյի ավագանիները տեսնելով նորեկներին , հավաքվեցին համայնքի հյուրասենյակում, որտեղ ուրիշ փախստականներ էլ կային ․․․և սկսվեց հուզող հարցերի տարափը։Ավագանի Մարտո պապի հարցին առաջինը Սուրենը պատասխանեց․
—Ես Անկարայի նահանգի, Յոզղաթ սանջակի Բողազլյան գյուղից եմ։ Մեր գյուղի տղամարդկանց հավաքեցին , գիշերով տարան ու կացիններով սպանեցին․․․
—Կնկտիք սաղ մնացի՞ն թե․․․Դու ինտո՞ր սաղիս մնացի․․․
—Պապի,պատմությունը երկար է ու շատ սրտաճմլիկ, բայց ուզում եմ ձեզ բավարարել համառոտակի․․․
—Աղջիկներին և ջահել , սիրուն կանանց լցրին մի մարագի մեջ, ապա վաճառեցին թորքերին ու չերքեզներին ։ Ամենասիրունները տարվեցին կառավարող զոռբաների հարեմները;Դատարկված մարագները նորից լցրին տգեղ, պառավ, ու հղի կանանցով, ինչպես և ծծկեր ու անչափահաս երեխաներով , ապա կրակ տալով, բոլորին ողջ-ողջ այրեցին։
—Ինձ հաջողվեց սարսափելի եղեռնից հեռու փախչել ու միանալով յոզղաթցի Հաջի բեկի խմբին, մինչև18 թ․ աշունքը կարողացանք պաշտպանվել․․․Շատերս կորցրած լինելով մեր ընտանիքները , նոր ընտանիք կազմեցինք հենց անտառում
Սուրենի տխուր պատմությունը բոլորին հուզել էր ․․․
Մարտո պապը հետո դիմեց Օհաննեսին․
—Վարժապետ, Գուրշունլվա գեղըցոնցմե խաբրիկ մը չունի՞ս։ Էդմոն իմացա, որ հունա վայպետություն ըրեր ես․․․
—Պապի, լավ խաբրիկ մը չունիմ։ Ամենքին հանեցին տներեն,աքսորի ճամփին տղամարդկանց կանանցմե զատեցին ու գիշերով տարան կորսնցուցին։ Թուրք հարուստները առանց արգելքի կմտնան կանանց մեջ, աղջիկ կհավնին ու զոռով կտանին, եթե իրեն կամքով չերթա․․․
Հարցազրույցը տևում է ավելի քան երկու ժամ, արցունքներ քամելով կանանց աչքերից․․․
Մարտո պապը Օհաննեսին առաջարկում է մնալ և գյուղում վարժապետություն անել․․․
Համայնքը գյուղում եկվոր ուսուցիչների բնակության համար, դպրոցին կից առանձին կառուցած սենյակ ունեին։
Օհաննեսը տալիս է իր համաձայնությունը, որովհետև գյուղացիները հանձն են առնում նրա ընտանիքը ապահովելու սննդամթերքով․․․
 
 
Լուսանկարում Տատիկս ու պապիկս․․․Փոքրիկը մայրիկս է, իր մորաքրոջ գրկում
 
(Պապիկիս հիշողություններից մի փոքրիկ մաս եմ տեղադրում, իմ խմբագրությամբ և կրճատումներով։ Շշարունակելի)։ 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ականատեսի աչքերով