ԱՀԿ նախագահը Երեւան է զանգահարել. փողի համար, թե՞ նա հավաքագրում է հնարավոր պաշտպանների


ԱՀԿ նախագահը Երեւան է զանգահարել. փողի համար, թե՞ նա հավաքագրում է հնարավոր պաշտպանների

  • 06-05-2020 18:55:26   | Հայաստան  |  Վերլուծություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսը իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հայաստանի վարչապետը ներկայացրել է Հայաստանում վարակի վիճակը, դրա դեմ պայքարի գործընթացը: Քննարկվել են համաշխարհային ճարակի դեմ պայքարի հարցեր:
 
Ի՞նչ է հետաքրքրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը Հայաստանում: Այդ կազմակերպությունը ներկայում արժանանում է բազմաթիվ մեղադրանքների, ընդհուպ պետությունների նախագահների մակարդակով: ԱՄՆ նախագահ Թրամփը եւ պետքարտուղար Պոմպեոն ուղղակի մեղադրում են ԱՀԿ-ին համաճարակի հարցում տեղեկատվություն թաքցնելու համար: ԱՄՆ նախագահը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ քննարկել է կազմակերպության ռեֆորմացիայի հարցը: Մինչ այդ, ԱՄՆ սկսել է քննություն եւ հայտարարել, որ մինչ դրա ավարտը կասեցնում է կազմակերպության ֆինանսավորումը:
 
Դա էական ֆինանսական հարված է ԱՀԿ-ին: Կազմակերպությանն իրենց աջակցությունն են հայտնում Չինաստանն ու Ռուսաստանը: Հատկանշական է, որ օրերս Ադրբեջանը հայտարարել էր ԱՀԿ-ին հինգ միլիոն դոլար տրամադրելու մասին:
 
Արդյո՞ք ԱՀԿ-ով կարող է անցնել այսպես ասած գիծ՝ պետությունների, որոնք պատասխանատվություն են դնում այդ կառույցի վրա, եւ պետությունների, որոնք փորձում են ԱՀԿ օգտագործել հակառակ տրամաբանությամբ, այսպես ասած «հավաքագրելով»: Բանն այն է, որ համաշխարհային ճարակի պատասխանատվությունը չի կարող չլինել առաջին հերթին հենց ԱՀԿ վրա, որովհետեւ ո՞րն է այդ կառույցի առկայության, հսկայական ֆինանսներ տնօրինելու նպատակն ու իմաստը, եթե ոչ հենց այդօրինակ համաճարակների կանխարգելումը:
 
Մինչդեռ ակնառու է, որ ԱՀԿ-ն չի կարողացել էֆեկտիվ լինել այդ հարցում: Արդյոք ԱՀԿ նախագահը Երեւան է զանգահարել փողի համար, թե նա հավաքագրում է հնարավոր պաշտպանների:
 
Հեբրեյեսուսը սկանդալային դեմք է դեռեւս իր հայրենիքից՝ Եթովպիայից: Եթովպիայի բնակչության կազմում մեծությամբ երկրորդ՝ մոտ 21 տոկոս կազմող ամհարները՝ որոնք միաբնակ քրիստոնյա են, Հեբրեյեսուսին մեղադրում են իրենց հանդեպ ցեղասպանության, հարյուրավոր մարդկանց սպանության, մարդու իրավունքի ոտնահարման համար: Նրան մեղադրում են նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն ընտրվելու նպատակով միլիոնավոր դոլարներ յուրացնելու համար:
 
Դառնալով ԱՀԿ ղեկավար, նա եղել է մի քանի սկանդալի կենտրոնում: Օրինակ, Զիմբաբվեի դիկտատոր Մուգաբեին նշանակել է ոչ ինֆեկցիոն հիվանդությունների բարի կամքի դեսպան, Ռուսաստանի ներկայացուցիչ Թերեզա Կասաեւային առանց մրցույթի նշանակել է ՄԱԿ Հակատուբերկուլյոզային ծրագրի ղեկավար:
 
Բառացիորեն նախօրեին Ֆրանսիայից ստացվեց մի տեղեկություն, որը կարող է «հեղափոխական» լինել համաճարակի համաշխարհային պատկերի իմաստով: Կլինիկաներից մեկում թեստավորվել էին դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերին համանման ախտանիշներով հոսպիտալացված քաղաքացու անալիզները: Պարզվել էր, որ նրանց մոտ եղել է կորոնավիրուս: ԱՀԿ-ն կոչ էր արել հետազոտել այդ շրջանում պահպանվող այլ համանման ախտանիշով հիվանդների անալիզներ, ամբողջական պատկեր ստանալու համար:
 
Բանն այն է, որ ֆրանսիական կլինիկայում պարզվածը կարող է արմատապես փոխել կորոնավիրուսային «համայնապատկերը», առաջացնելով հարցեր վարակի թե դինամիկայի, թե ժամանակագրության, թե վիճակագրության, եւ ըստ այդմ դրա դեմ պայքարի համատարած կարանտինային մեթոդաբանության նպատակահարմարության շուրջ:
 
Այստեղ ձեւավորված է որոշակի «տրենդ», երբ «համայնապատկերից» դուրս որեւէ բան դիտարկողները կամ հարց տվողները գնահատվում կամ անգամ պիտակվում են կոնսպիրոլոգներ կամ անգետներ, ենթարկվելով անգամ ծաղրի կամ հեգնանքի: Դա այն դեպքում, երբ այդ մարդիկ գործնականում ոչ թե վարակի առկայությունն են դնում կասկածի տակ, կամ դրանից բխող առողջապահական հնարավոր բարդությունները, այլ այդ ամենի շուրջ ստեղծված ինֆոդեմիայի, աշխարհը հոգեբանական գրոհի ենթարկելու, համաշխարհային տնտեսությունը կանգնեցնելու նպատակահարմարությունը կամ դիտավորությունը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն