Կոշտ խոսակցություն է եղել․ ինչին է դեմ եղել Վահե Գրիգորյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
19-05-2020 17:01:15 | Հայաստան | Մամուլի տեսություն
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ իշխանության համար դատաիրավական ոլորտի կարգավորումները դեռևս առաջնային պլանում են, և դա նրանք, ըստ էության, չեն թաքցնում։ Հետևելով տեղի ունեցող գործընթացներին՝ պարզ է դառնում, որ ներկա դրությամբ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը շարունակում են ՍԴ գործող կազմից ազատվելու նորանոր ուղիներ որոնել:
Հասկանալով, որ հանրաքվեն այլևս անհնար է, ինչի մասին նշեց նաև վարչապետը, իշխանությունները քննարկում են նոր տարբերակներ:
Օրերս հայտնի դարձավ, որ իշխանությունները դիմել են Վենետիկի հանձնաժողովին, որպեսզի «դաբրո» ստանան ՍԴ հարցում կարգավորումներ իրականացնելու նպատակով. խոսքը տվյալ պարագայում ԱԺ ձևաչափով խնդրին կարգավորում տալու մասին է։
Մեզ տեղեկություններ են հասել, որ այս գործընթացը իշխանության ներսում միաձայն չի անցել։ «Փաստ» թերթի տեղեկություններով՝ Վենետիկի հանձնաժողով դիմելու գաղափարին կատեգորիկ դեմ է եղել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, և այդ մասին նա բարձրաձայնել է։
Մեր աղբյուրը փոխանցել է, որ Գրիգորյանն անգամ բավականին կոշտ զրույց է ունեցել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ՝ ասելով, որ նա հարցն անիմաստ միջազգային հարթակ է տեղափոխում։
Գրիգորյանը պնդել է, որ Վենետիկի հանձնաժողովից հոդաբաշխ պատասխան ակնկալել պետք չէ, քանի որ նրանք տալու են այնպիսի իրավակարգավորում, որի շրջանակում հարցը խորհրդարանում կարգավորել չի լինի, իսկ հանրաքվեի անցկացումն անիմաստ ու անհնար է։
Այդուամենայնիվ, որոշ քաղաքագետներ չեն բացառում կուլիսային որոշակի պայմանավորվածությունները: Մասնավորաբար քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը թերթի հետ զրույցում նշում է. «Սովորաբար նման պայմաններում տեղի է ունենում ինչ-որ կուլիսային գործարք: Վենետիկի հանձնաժողովը կարող է դրական արձագանք տալ, օրինակ՝ ՍԴ հարցը ԱԺ շրջանակներում կարգավորելու՝ իշխանությունների նախաձեռնությանը, որի փոխարեն իշխանությունը խոսք կտա այս կամ այն կոնվենցիան վավերացնել կամ գործածել մեր երկրում»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 12-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը նույնիսկ թիմակիցների համար տարօրինակ ելույթ էր ունեցել։ Վաղարշակ Հակոբյանը մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի զեկույցի ներկայացման օրը հանկարծ սկսեց «գոռգոռալ». «21-րդ դարում՝ թավշյա հեղափոխությունից հետո, կանանց մասին խոսել երկու տողով, այն էլ՝ նշելով, որ կինը մարդ է, այն էլ՝ արժանապատիվ, սա անթույլատրելի է: Ըստ այդմ, ես՝ որպես ԱԺ պատգամավոր, շատ դեպքերում Ձեր պրակտիկ աշխատանքը գնահատում եմ բավարար, բայց Ձեր զեկույցը գնահատում եմ անբավարար», – նշել էր նա:
Ավելի ուշ Արման Թաթոյանը բացատրեց. «Կանանց իրավունքներին նվիրված է հսկայական բաժին՝ 597-ից 638 էջերը, ավելին՝ ԶՈՒ-ում կանանց իրավունքի պաշտպանությանը ևս կա նվիրված բաժին»: Իսկ ինչ վերաբերում է պատգամավորի այն մեղադրանքներին, թե՝ «մարդիկ ամենօրյա ռեժիմով ենթարկվում են տեռորի, էլ չեմ ասում` կանանց մասին ինչեր են ասում, ինչ տիպի տեռորի են ենթարկում իշխանական կանանց, և Ձեր վերաբերմունքն ու գնահատականը զրոյական է», ապա ՄԻՊ-ը հիշեցրեց, որ Օմբուդսմենի գրասենյակը պաշտպանում է քաղաքացիներին իշխանությունից, այլ ոչ թե հակառակը՝ հորդորելով չսպառնալ իրեն:
Եվ որքան էլ երիտասարդ պատգամավորը փորձի հերքել, թե ինքը չի սպառնացել կամ նման մտադրություն չի ունեցել, այնուամենայնիվ, փաստերն ու նրա ելույթում տեղ գտած արտահայտություններն այլ բան են ասում։ Եվ պարզվում է, որ պատգամավորը կատարել է արարք, որը ենթակա է պատժի՝ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն:
Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 332.3-ը սահմանում է, որ մարդու իրավունքների պաշտպանին սպառնալը, նրան վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը` կապված նրա լիազորությունների իրականացման հետ, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով: Սա նշանակում է, որ պատգամավորի արարքը, ըստ էության, չպետք է անհետևանք մնա:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն՝ հասկանալու համար՝ արդյոք ընթացք է տրվելու պատգամավորի ելույթում տեղ գտած մտքերի հետ կապված, թե դրանք կդիտարկվեն վիրավորանք կամ ակնհայտ անհարգալից վերաբերմունք։ Ի պատասխան՝ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին. «Տեսանյութը ընդհանուր դիտարկման ենթարկվել է, դրանում պատգամավորի կողմից ՄԻՊ-ին ուղղված առերևույթ սպառնալիք պարունակող արտահայտությունների վերաբերյալ տվյալներ չեն եղել: Բացի այդ, ՀՀ դատախազությունը չի ստացել ՄԻՊ-ին սպառնալիք հասցնելու կամ նրա նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու վերաբերյալ ահազանգ կամ հաղորդում»: Իսկ, ահա, պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը մեր բոլոր հեռախոսազանգերն ու նամակները թողեց անպատասխան»:
«Իրատես» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը համոզված է՝ պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի որդին՝ Գուրգեն Խաչատրյանը, Հայաստանից չի հեռացել:
Հիշեցնենք, որ վերջերս լուրեր տարածվեցին, թե Խաչատրյանն արտակարգ դրության պայմաններում լքել է Հայաստանի տարածքը: «Իրատեսի» հետ զրույցում իմքայլականն ասաց՝ որևէ փաստ չկա, որ Գուրգեն Խաչատրյանը հատել է Հայաստանի սահմանը, ընդամենը ենթադրություն է. «Նա որևէ տեղ չի փախել, որքան գիտեմ՝ երբ դատարանը բավարարել է կալանավորելու միջնորդությունը, նա գնացել է բարեկամներից մեկի տուն ու «մեկուսացել» այնտեղ: Այնպես չէ, որ իրավապահների հսկողության ներքո գտնվելով, կարողացել է փախչել»:
«Բայց չէ՞ որ նման միջադեպերի պատճառով է, որ մարդիկ սկսում են չվստահել իշխանությանը, և վարկանիշի անկում եք գրանցում»,- նկատեցինք։ «Իմ քայլի» ներկայացուցիչն ընդունեց, որ կառավարող թիմի վարկանիշը որոշակիորեն անկում է ապրել, ապա ընդգծեց՝ ընկած վարկանիշը վերականգնելի է.
«Եկեք ընդունենք՝ երբ մարդիկ տեսնեն, որ նախկին իշխանության ներկայացուցիչները կանգնում են դատարանի առաջ, վստահությունը կվերականգնվի, մեր վարկանիշն էլ նորից կբարձրանա: Այո, մարդիկ նախկին իշխանավորներիներին ուզում են տեսնել դատարանում կանգնած, իսկ եթե դա տեղի չի ունենում, ներկաները նրանց աչքին վատն են երևում: Բայց երբ օրը գա, ու տեսնեն՝ ինչպես են պատասխան տալիս նախկինները, ամեն բան տեղը կընկնի»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջնականապես ամփոփվել է 2019 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը և այն ուղարկվել Ազգային ժողովին: Ըստ այդմ, ՀՆԱ-ի իրական աճը Հայաստանի Հանրապետությունում 2019 թվականին արձանագրվել է 7.6 %-ի մակարդակում, ինչը 2.7 %- ային կետով գերազանցում է պետական բյուջեով 2019 թվականի համար ծրագրված մակարդակը:
Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունը տնտեսական աճի 2019 թվականի ցուցանիշով առաջատար է ԵԱՏՄ գործընկեր-երկրների, Վրաստանի և Ադրբեջանի հետ համեմատությամբ։ Մասնավորապես, ՀՀ-ում ՀՆԱ-ի 7.6 % իրական աճի պարագայում, Ռուսաստանի Դաշնությունում արձանագրվել է ՀՆԱ-ի 1.3 % իրական աճ, Բելառուսի Հանրապետությունում՝ ՀՆԱ-ի 1.2% իրական աճ, Ղազախստանում՝ ՀՆԱ-ի 4.5 % իրական աճ, Ղրղզստանում՝ ՀՆԱ-ի 4.5 % իրական աճ, Ադրբեջանում՝ ՀՆԱ-ի 2.3% իրական աճ և Վրաստանում՝ ՀՆԱ-ի 5.1 % իրական աճ։
Արտաքին ապրանքաշրջանառությունը 2019 թ. կազմել է 8154.1 մլն ԱՄՆ դոլար՝ 2018թ. համեմատ աճելով 10.6 %-ով: Միջին գնաճը 2019 թվականին արձանագրվել է 1.4 %-ի մակարդակում՝ պետական բյուջեով ծրագրված 3.5 %-ի, իսկ գնաճը ժամանակաշրջանի վերջում 2019 թվականին կազմել է 0.7 տոկոս: Այսինքն, 2019 թվականը ՀՀ կառավարությունը հաջող է ավարտել: Եվ նկատենք, սա միակ տարին է, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն ամբողջական է աշխատել»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Իրավապահ մարմինները մանրամասն ուսումնասիրում են Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի գործունեությունը։
Մասնավորապես՝ Խլղաթյանը, առանց ավագանու որոշման, Արմավիրի քաղաքային զբոսայգու տարածքից հողահատկացում է արել իր խնամի, նախկին օլիգարխ Ռուբեն Հայրապետյանին, որտեղ վերջինս կառուցել է իրեն պատկանող Զարգացման հայկական բանկի մասնաճյուղ»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ տեղի է ունեցել Ազգային ժողովի 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստը, որին երկրորդ անգամ հրավիրվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արշակ Կարապետյանը, որը 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ զբաղեցնում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին պետի պաշտոնը, ապա ազատվել էր Սերժ Սարգսյանի հրամանով:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Կարապետյանին երկրորդ անգամ հանձնաժողով հրավիրելու պատճառները թաքնված են Սերժ Սարգսյանի այցի հետ: Բանն այն է, որ ապրիլի 16-ին հանձնաժողովի նիստում Սերժ Սարգսյանը խոսել էր նաև հակահետախուզության մասին և հանձնաժողովին նոր տեղեկություն է տրամադրել այդ օրերի իրադարձությունների հետ կապված, ինչի համար էլ հանձնաժողովականների մոտ շատ հարցեր են առաջացել և նրանք որոշել են կրկին հանձնաժողով հրավիրել Կարապետյանին:
Մենք տեղեկացանք, որ երեկվա հանդիպման ժամանակ նրանից հետաքրքրվել են Սերժ Սարգսյանի նոր հայտարարությունների շուրջ և պարզաբանումներ պահանջել, ինչին ի պատասխան վերջինս շատ պատրաստակամ ներկայացրել է տեղի ունեցածը և պատասխանել հարցերին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովի անդամների համար շատ մեծ դժգոհության տեղիք է տվել, որ արդեն երրրոդ նիստն է՝ ինչ բացակայում են «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գևորգ Գորգիսյանն ու Ռուբիկ Ստեփանյանը:
Հանձնաժողովականներից շատերի կարծիքով, այս հանձնաժողովի նիստը քաղաքական բնույթ չի կրում, անվտանգության հարցերի համար է ստեղծված և բոլորի համար տարակուսելի է եղել ընդդիմադիրների նման պահվածքը»:
«Հրապարակ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով, ուժային կառույցներից դուրս եկողներն այս օրերին գնում, հավաքվում են Արթուր Վանեցյանի կողքին։ Ոստիկանությունից, դատախազությունից, քննչականից ազատվածներ, բայց հատկապես Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակիցներ, որոնք Վանեցյանի շուրջը մինի-իրավապահ մարմին են ձեւավորել։ Ավելին, այդ կառույցներում դեռեւս աշխատող մարդիկ էլ են պարբերաբար կապվում Վանեցյանի հետ՝ հարցնում, թե երբ է սկսելու իր գործունեությունը, եւ ասում են, որ ուզում են դիմում գրել եւ հեռանալ ծառայությունից՝ միանալով իրեն։
Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը դեռեւս մի քանի ամիս առաջ՝ մինչեւ արտակարգ դրությունը, հայտարարել էր քաղաքական կուսակցություն ձեւավորելու մտադրության մասին, սակայն նոր կուսակցության հիմնադիր համագումարը չի կարողանում հրավիրել համավարակի պատճառով։ Մեր տեղեկություններով, արդեն մոտ 1700 դիմում է ստացվել՝ դեռեւս չձեւավորված կուսակցությանն անդամագրվելու խնդրանքով։
«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս կայացել է «Կիլիկիա» ավտոկայանի պահնորդական ծառայության մրցույթը։ Հաղթող է ճանաչվել «Պահապան գրուպ» ընկերությունը։ Ուշագրավ է, որ մրցույթին մասնակցել է ևս մի ընկերություն «Պահապան» անվանումով։
Նշենք, որ տարիներ ի վեր «Կիլիկիա» ավտոկայանում «ասողը» եղել է Նորագյուղի Բոգոն՝ Ռուբեն Կոստանյանը, որը «գահընկեց» արվեց հեղափոխությունից հետո։ Անգամ հարուցվեցին քրեական գործեր։
Ավտոկայանի անվտանգությունը Բոգոյից անցավ «Պահապան գրուպ»-ին, սակայն Բոգոն դեռ գործող անձ է «Կիլիկիա» ավտոկայանում։ Նա ունի նաև ուղևորափոխադրող ընկերություն, որը, ընդամենը երկու ամիս առաջ ստանալով փոխադրողի իրավունք, գործունեություն չէր ծավալում՝ թույլ չտալով այդ երթուղում այլ տնտեսվարողներ աշխատեն»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Հատուկ Քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն առաջիկայում նոր պաշտոն է ստանալու: Իրավապահ համակարգից մեզ հասած տեղեկությունների համաձայն, Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումից հետո նա նշանակվելու է այդ կառույցի նախագահի պաշտոնում: Նախ նկատենք, որ ի սկզբանե այս կոմիտեի ստեղծումն իրենից ենթադրում էր նաև ՀՔԾ-ի լուծարում և բոլոր գործառույթները պետք է կատարեր այս կոմիտեն, սակայն վերջին պահին փոշմանել են և որոշել են կառույցը պահպանել՝ սակայն փոքր լիազորություններով:
Իսկ ահա, նոր ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեն լինելու է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության միասնական մարմին, որը ստեղծվելու է 2021 թվականին: Ըստ այդմ, այդ ժամանակ ունենալու ենք երեք քննչական մարմին՝ Քննչական կոմիտե, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), որը կքննի խոշտանգումներին վերաբերող գործերը ու Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից թույլ տրվող հնարավոր հանցագործության դեպքերը, և Հակակոռուպցիոն կոմիտե, որը որպես հիմնական մասնագիտացված մարմին կքննի կոռուպցիոն բնույթի հանցագործությունները։
Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Սասուն Խաչատրյանը 2021 թվականին կստանձնի հենց այս կոմիտեի նախագահի պաշտոնը: Մեկնաբանության համար դիմեցինք ՀՔԾ, սակայն այնտեղից նշեցին. «Բամբասանքները չենք ցանկանում մեկնաբանել»»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունում վերջին շրջանի խմորումները և կադրային փոփոխությունները շարունակվում են։ «Ժամանակ»-ը գրել էր, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարը ազատման դիմում է գրել։ Երեկ տեղեկացանք, որ ազատման դիմումներ են գրել նաև Քննչական դեպարտամենտի երկու բաժնի պետեր։
Մեզ հասած տեղեկություններով՝ կադրային այս փոփոխությունները հաջորդիվ շարունակվելու են նաև ԱԱԾ տնտեսական դեպարտամենտում։ Նույն տեղեկությունների համաձայն՝ խնդիր է դրված քննարկել ու ստուգել ԱԱԾ բոլոր ղեկավար պաշտոններ զբաղեցնողների աշխատանքի նպատակահարմարությունը։ Այս փուլում նրանցից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունավետությունը կասկածի տակ է դրված, ու նրանցից յուրաքանչյուրը կարող է ազատվել ցանկացած պահի։
Սա նշանակում է, որ առաջիկայում ԱԱԾ-ում բազմաթիվ թափուր պաշտոններ կմնան, որը, սակայն, պատրաստվում են լրացնել դատախազական համակարգից։ Մի շարք դատախազներ արդեն պատրաստվել են տեղափոխվել ԱԱԾ՝ պայմանով, որ աշխատավարձերը կվերանայվեն»։
«Իրատես» թերթը գրում է. ««Այս իշխանությունը ուզում է գնալ դիկտատուրայի ճանապարհով: Փաշինյանի ու նրա թիմի հիմնական խնդիրը միանձնյա, առանց որևէ քննադատության ու արգելանքի իշխանություն ունենալն է, իսկ «Լուսավոր Հաաստան» կուսակցությունը հաճախ խանգարում է ունենալ այդ իշխանությունը»,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի համանուն խմբակցության ներկայացուցիչներից մեկը:
Նա մտահոգություն հայտնեց, որ ամբիոնից հնչող քննադատական խոսքը հետագայում նույնպես կարող է բռունցքների կամ շշերի արժանանալ, հետևաբար մտածում են՝ նման պայմաններում ինչպե՞ս են աշխատելու կամ համարժեք պատասխան տալու, այսինքն, պաշտպանվելու:
«Հո սաղավարտներով Ազգային ժողով չե՞ք գնա»,- կեսկատակ-կեսլուրջ հարցրինք մեր զրուցակցին: «Դա էլ է տարբերակ, պետք է հասկանանք՝ ինչպե՞ս ենք պաշտպանվում: Նախ` իշխանությունը պետք է սովորի քննադատությանը ու այն հոգեբանական բռնության ձև չհամարի, ապա անի հնարավորը` հետագայում ուժի կիրառումից ու դրա կիրառման սպառնալիքից զերծ մնալու համար»,- եղավ պատասխանը:
Մեզ հայտնի դարձավ, որ ԼՀԿ-ականները մինչ այս պահը հստակ չեն որոշել՝ ինչպե՞ս են մասնակցելու Ազգային ժողովի հերթական կամ արտահերթ նիստերին: Նրանց մի մասն այժմ մասնակցում է խորհրդարանի մշտական հանձնաժողովների աշխատանքներին, մյուս մասն անգամ Ազգային ժողով չի գալիս: Ասում են՝ բոյկոտի չեն դիմի, բայց չեն էլ հստակեցնում` ի՞նչ ձևաչափով են աշխատելու»:
«Հրապարակ» թերթը գրում է. Ոստիկանությունը խուզարկություններ է կատարել Կապանի եւ Քաջարանի համայնքապետերի տներում։ Քրեական գործ կա Գորիսի ղեկավարի նկատմամբ։ Սիսիանի քաղաքապետ Սարգսյանն էլ խնդիրներ ունի տեղի ոստիկանապետի հետ։ Սյունիքում խոսում են, որ օրերս համայնքապետեր են կալանավորվելու՝ նրանք այս իշխանությունների համար խորթ տարրեր են եւ խանգարում են։ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը հաստատեց, որ իր տանը խուզարկություն են արել։ Ասաց՝ փնտրում էին ինչ-որ քրեական գործին առնչվող ապացույցներ։ Գտե՞լ են։ «Բնականաբար՝ ոչ, ի՞նչ ապացույց կարող էին գտնել Կապանի քաղաքապետի տանը»։ Փարսյանին հարցրինք՝ իրեն համարո՞ւմ է օտար մարմին։ «Օտար մարմին չէի ասի, բայց որ իրենց քաղաքական թիմից չեմ` այո»։