Արսեն Թորոսյանի անլուրջ արձագանքը. երբ կխանգարի Վանեցյանը


Արսեն Թորոսյանի անլուրջ արձագանքը. երբ կխանգարի Վանեցյանը

  • 21-05-2020 17:33:18   | Հայաստան  |  Վերլուծություն

Իրավիճակն ավելի լուրջ է, քան կարող ենք պատկերացնել, կառավարության նիստում կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով կարանտինի ուժեղացման մասին: Այդ համատեքստում բավականին հաճախ է սկսել հնչել միտքը, թե վիճակը բարվոք չէ, որովհետեւ քաղաքացիները կարգապահ չեն եւ չեն պահում անվտանգության կանոնները:
 
Այն, որ կան այդպիսի քաղաքացիներ, ինչպես թերեւս ցանկացած հասարակությունում, կասկածից վեր է: Բայց հենց դրա համար են նաեւ կառավարությունները, որովհետեւ եթե ճգնաժամային եւ բարդ իրավիճակներում խնդիրը պետք է լուծվի լոկ քաղաքացիների կարգապահությամբ, այդ դեպքում ինչի՞ համար են կառավարությունն ու պետական լծակները ընդհանրապես:
 
Միաժամանակ, վարչապետի հայտարարությունից ժամեր անց ֆեյսբուքյան գրառում էր արել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որով պատասխանել էր ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանին: Վանեցյանը մինչ այդ հայտարարել էր, թե հումանիտար աղետից խուսափելու համար Հայաստանում անհրաժեշտ է ձեւավորել հակաճգնաժամային ժամանակավոր կառավարություն: Եվ ահա, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատասխան գրառում էր արել, կեսկատակ առաջարկելով քաղաքացիներին ընտրել, թե ով կլինի Վանեցյանի հակաճգնաժամային կառավարության առողջապահության նախարարը՝ «Նեմեց Ռուբո», «Վստրեչի ապեր», թե «փուչիկ Կարեն»:
 
Ինչու՞ է Արթուր Վանեցյանի գրառումն այդպես խոցել առողջապահության նախարարին, որ նա համաճարակային լուրջ իրավիճակում որոշել է ժամանակ տրամադրել Արթուր Վանեցյանի գրառմանը ըստ էության անլուրջ պատասխանի համար: Գուցե կա պատճառ Պետական վերահսկողական ծառայության պետ Սանասարյանի գործից, որում կա առողջապահության նախարարի ցուցմունքը: Դա հիմք էր տվել խոսակցությունների, թե նախարարը Սանասարյանի դեմ գործակցել է ԱԱԾ հետ, որի պետն այն ժամանակ Վանեցյանն էր: Եվ ըստ ամենայնի Արսեն Թորոսյանը առիթն օգտագործում է անուղղակիորեն այդ տպավորությունը ցրելու համար:
 
Ի դեպ, Սանասարյանի գործն արդեն դատարանում է, եւ օրերս հրապարակվել էր նրա եւ Արսեն Թորոսյանի նամակագրության սղագրությունը:
 
Գուցե կա Արթուր Վանեցյանին այդքան արագ արձագանքելու այլ պատճառ: Պարզապես պարզ չէ, թե որն է նախարարի հանրային գրառման իմաստը: Թե որն է Արթուր Վանեցյանի գրառման իմաստը, պարզ է, անկախ նրանից, թե ով ինչպես է վերաբերում Վանեցյանին եւ գրառման իմաստին:
 
Սակայն, ամբողջ հարցն այն է, որ այդօրինակ գրառումներին հավելյալ իմաստ հաղորդում են հենց պաշտոնյաները, առավել եւս բավական դժվար նկատելի իմաստ պարունակող արձագանքներով:
 
Արսեն Թորոսյանը եւ կառավարությունն անկասկած փորձում են կատարել ահռելի աշխատանք՝ ամբողջ աշխարհի համար բարդ մարտահրավերի իրենց բաժինը կրելու եւ Հայաստանը դրանից դուրս բերելու համար: Միաժամանակ, այդ աշխատանքը պետք է նաեւ կոփի, եւ ըստ այդմ լրջացնի կառավարությանը, հեղափոխականից վերածելով պետական կառավարության: Այլ հարց է, որ գուցե հեղափոխական գոտին թվում է հարմարավետ, բայց դա ժամանակի ընթացքում անհարմարություն է ստեղծելու հենց կառավարության եւ պետության, եւ ոչ թե Վանեցյանի համար:
 
Իսկ Վանեցյանը կառավարության համար անհարմարություն կարող է ստեղծել հենց այն դեպքում, երբ կառավարությունն ունենա աշխատանքի արդյունավետության եւ պետական վարքագծի լրջության խնդիր:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն