Նոր Պարեկային ծառայության կազմավորման համար առաջիկա օրերին կմեկնարկի դիմորդների ընդունելությունը. ովքե՞ր կարող են դիմել
26-05-2020 15:36:08 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Ոստիկանության բարեփոխումների համատեքստում նախատեսվում է նոր Պարեկային ծառայության ստեղծում: Այն լինելու է ժամանակակից ոստիկանության առաջին ալիքը` բարձր աշխատավարձով, նոր գործառույթներով, նոր սարքավորումներով, նոր կրթությամբ ու հմտություններով և ամենակարևորը՝ նոր մտածելակերպով: Այս նոր արժեքների ձևավորմանն ուղղված քայլերը կիրականացվեն Ոստիկանության կրթահամալիրում 5 ամիս (սեպտեմբեր-հունվար) տևողությամբ ուսուցման ընթացքում:
Նպատակը՝ նոր Պարեկային ծառայություն՝ նոր, դինամիկ արտաքին ծառայություն, որն իրականացվում է հետիոտն և մեքենաներով։
-Պարեկային ծառայության մեկնարկը Երևանում՝ 2021թ. 1-ին եռամսյակ
Ո՞վ կարող է դիմել՝
-18-35 տարիքային խմբին պատկանող ցանկացած ոք, ով ունի առնվազն միջնակարգ կրթություն և չի տառապում ՀՀ կառավարության կողմից սահմանված ցանկով նախատեսված հիվանդություններով,
-Անցել է պարտադիր զինվորական ծառայություն ու բավարարում է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 11-րդ հոդվածի պահանջներին,
-Ոստիկանության ծառայողները, ովքեր բավարարում են նույն պահանջներին։
Ընդունելության վերաբերյալ՝
-Ընդհանուր ընդունելության տեղերի թիվը 770 է,
-Առողջության և ֆիզիկական պատրաստականության ստուգում,
-ընդհանուր գիտելիքների և հոգեբանական նկարագրի թեսթ,
-Հարցազրույց
-Ընդունելության հավասար արդյունքների դեպքում իգական սեռի դիմորդները կունենան ընդունելության առավելություն
-Դիմորդներին ներկայացվում են մինիմալ պահանջներ (18-35 տարեկան, առնվազն միջնակարգ կրթությամբ, ընդունելության համար աշխատանքային փորձ չի պահանջվում)։
Ուսուցման ընթացքի վերաբերյալ՝
-Հետաքրքիր ու դինամիկ դասընթաց խմբերով, տեսական մասի մինիմումով, թիմային ու գործնական պարապմունքները գերակշռելու են,
-Տակտիկական վարժություններ ու կրակային պատրաստականության ինտենսիվ դասեր,
-Արտասահմանյան իրավապահ մարմինների մասնագետների կողմից հատուկ պատրաստականության դասեր,
-Մասնագիտական բարձր որակավորում ունեցող դասախոսներ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց, պատգամավորների, դեսպանների հետ հաճախակի հանդիպում-քննարկումներ, առաջնորդության դասեր,
-Նապատեսված են օտար լեզուների դասընթացներ,
-Ընթացիկ հաճախակի թեսթեր, որոնք կհեշտացնեն ավարտական քննությունը։
Ծառայության գրավչությունը.
-Ոստիկանության կրթահամալիրում հինգամսյա կուրսը հաջողությամբ ավարտելուց հետո անմիջապես նշանակում պաշտոնում։ Կրթության ընթացքի առաջադիմությունն ու ոստիկանությունում նախկին ծառայությունը սովորողին կարող են առավելություն տալ սպայական կոչմանը համապատասխան պաշտոնի խմբում նշանակվելու համար։
-Վարձատրության վերաբերյալ՝
oուսուցման ընթացքում՝ 68.000 ՀՀ դր. կրթաթոշակ, իսկ ոստիկանության ծառայողների դեպքում աշխատավարձի պահպանում։
oծառայության ընթացքում՝ նվազագույն աշխատավարձը՝ 320.000 ՀՀ դր (հարկված՝ 237.400դր):
-Ծառայության արտաքին տեսքի վերաբերյալ՝
oմիջազգային ստանդարտներին համապատասխան պարեկային ծառայության նոր տեսակի համազգեստ, նոր տեխնիկական ու հատուկ միջոցներով հագեցվածություն, նոր ավտոմեքենաներ։
-Կարիերայի հեռանկարները՝
oՊարեկային ծառայության աստիճանակարգով աճ, ցանկության ու մասնագիտական արժանիքների դեպքում ոստիկանության համակարգում այլ ծառայությունների անցում՝ Ոստիկանության կրթահամալիրում վերապատրաստման կուրս անցնելուց հետո։
oՄասնագիտական առաջընթաց, քրեական ոստիկանությունում ծառայելու հնարավորություն:
-Սոցիալական երաշխիքները ներառում, սակայն չեն սահմանափակվում՝
oծառայության նոր վայր տեղափոխվելու դեպքում ծառայողի և նրա ընտանիքի անդամին տրվող մեկանգամյա դրամական օգնություն սահմանված չափով,
oամուսնության, ընտանիքի անդամի երկարատև հիվանդության կամ մահվան կամ տարերային աղետի հետևանքով ծառայողի գույքին վնաս պատճառվելու դեպքում մեկանգամյա դրամական օգնություն,
oծառայողին և ընտանիքի անդամներին՝ անվճար բժշկական օգնություն ռազմաբժշկական հաստատություններում,
oայլ բժշկական հաստատություններում ծառայողի և նրա ընտանիքի անդամի բժշկական սպասարկումը 50% զեղչով՝ ներառյալ ոլորտում «թանկարժեք» համարվող վիրահատությունների և բժշկական միջամտությունների համար,
oհանրային տրանսպորտից անվճար օգտվելու արտոնություն,
oծառայության ժամանակահատվածում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ծառայողների կողմից բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցման տրամադրում ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով և չափերով։
o20 տարի ոստիկանության ծառայությունից հետո՝ նվազագույն աշխատավարձի 20-ապատիկի չափով միանվագ վճար, ինչպես նաև համապատասխան պաշտոնի գործակցի հիմքով զինվորական թոշակ։