«Այս դատական նիստին ներկա է գտնվում 30-ից ավելի անձ». Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը՝ վարակի ռիսկերի մասին. ՀԺ
26-05-2020 17:57:09 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Պաշտպան Ինեսսա Պետրոսյանի մոտ կորոնավիրուսային վարակի հաստատումը ցույց է տալիս, որ այս ժամանակահատվածում իրենց գործունեությունն իրականացնելիս փաստաբանները զերծ չեն ռիսկերից:
Այսօր լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը՝ առողջություն մաղթելով Սեյրան Օհանյանի պաշտպաններ Ինեսսա Պետրոսյանին եւ նրա ամուսին Կարեն Մեժլումյանին:
Հիշեցնենք, որ Ինեսսա Պետրոսյանի մոտ օրեր առաջ կորոնավիրուս է հաստատվել: Մեր զրույցում Կարեն Մեժլումյանը նշել էր, որ թեստ է հանձնել նաեւ ինքը. պատասխանը բացասական է:
Անդրադառնալով փաստաբանի վարակվելուն՝ Արամ Վարդեւանյանն ասաց, որ հենց այդպիսի ռիսկերի կանխարգելման համար էր ԵԽ խոշտանգումների կանխարգելման կոմիտեն դեռեւս մարտ ամսին հորդորել վերանայել խափանման միջոցների հարցը. «Դա պատահական չէ, որովհետեւ եթե այն վերանայված է լինում, դատական նիստերի որոշակի ավելի ապահով հնարավորություն է ստեղծվում, իսկ նախորդ նիստին մենք տեսել ենք, որ Կարեն Մեժլումյանը եկել էր, եւ այս պայմաններում ենք մենք մեր գործունեությունը իրականացնում»: Արամ Վարդեւանյանը տարակուսանք հայտնեց, որ, չհաշված Սեյրան Օհանյանի պաշտպանների բացակայությունը, որոնք ունեն չներկայանալու հիմնավոր պատճառ, դատական նիստին ներկայացել էր մեկ էլ դատախազ Պետրոս Պետրոսյանը. «Դատավարության մյուս մասնակիցներից ոչ ոք չէր ներկայացել, եւ ինձ համար հասկանալի չէ, թե այդ ինչպես է, որ ես կարող եմ ներկայանալ, իսկ նրանք՝ ոչ, բայց մյուս կողմից ես նաեւ հասկանում եմ, որ մենք ունենք արտառոց իրավիճակ. ունենք եռանիշ դեպքեր ամենօրյա ռեժիմով, իսկ այս դատական նիստին փաստացի ներկա է գտնվում 30-ից ավելի անձ, դրա պատասխանատուն կրկին Աննա Դանիբեկյանն է»:
Անդրադառնալով լրագրողներից մեկի՝ նիստերը ձգձգելու վերաբերյալ հարցին՝ Արամ Վարդեւանյանը նշեց, որ դատական նիստերը երկու ամսից ավելի չեն կայացել հենց Աննա Դանիբեկյանի պատճառով. «Կհիշեք նաեւ, որ նա դեկտեմբերի 10-ին արձակուրդ մեկնեց, բա այդ ինչո՞ւ էինք մենք, դուք մինչ դեկտեմբերի 28-ը աշխատում, ՄԻԵԴ-ը հազար անգամ է ասել, թե կալանավորված անձի առկայության դեպքում դատարանը ինչպիսի ջանասիրություն պետք է դրսեւորի»,- ասաց պաշտպանը՝ առաջարկելով դատախազներին հիշեցնել, թե պաշտպանների պատճառով քանի նիստ չի կայացել: Հարցին, թե ինչպե՞ս են պատկերացնում այսպիսի պայմաններում նիստերի հետագա կայացումը, Արամ Վարդեւանյանն ասաց, որ այդ հարցը պետք է հասցեագրել Դատական դեպարտամենտին. «Մեր պաշտպանական թիմը, ամեն դեպքում, մշտապես ջանասիրաբար է մոտեցել ցանկացած դատական նիստի, եւ երբ հերթական անգամ խախտվել էին մեր իրավունքները նիստերի դհալիճում, մենք մեկ անգամ չենք մասնակցել»:
Արամ Վարդեւանյանը խոսեց նաեւ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ չարձակելու որոշման դեմ իրենց վերաքննիչ բողոքները հետ վերցնելուց: Նշենք, որ պաշտպանների բողոքները մակագրվել էին Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին. նա այն դատավորն է, որը դեռեւս նախորդ տարի՝ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակվելուց հետո, նրան դարձյալ կալանավորելու որոշում կայացրեց: Հարցին՝ իրենք վստա՞հ էին, որ Արմեն Դանիելյանն այս անգամ էլ կմերժի իրենց բողոքը, այդ պատճառով հետ վերցրին, պաշտպանն ասաց. «Մենք չենք խոսում կոնկրետ դատավորի մասին, անձը չի կարեւոր, յուրաքանչյուր դատավոր ունի որոշումների կայացման դատական պրակտիկա, իսկ Դանիելյան Արմենը բացառիկ դատավոր է, որը մեկ տարվա ընթացքում 2 անգամ անձնական երաշխավորության մեր միջնորդությունները պետք է քննության առարկա դարձնի Վերաքննիչ դատարանում: Եթե ՀՀ-ում կա մեկը, որը կարող է սա դիտարկել որպես պատահականություն, ես իսկապես կուզեմ այդ մարդու հետ խոսել, որ զուտ ինքս հասկանամ, թե ոնց կարող է դա լինել պատահականություն»: Պաշտպանը հիշեցրեց, որ նախկինում Ռոբերտ Քոչարյանն ազատ էր արձակվել Արցախի երկու նախագահների երաշխավորությամբ, իսկ այս անգամ նման միջնորդությամբ հանդես էին եկել 4 վարչապետներ. «Եկեք անձերը դնենք մի կողմ եւ պատկերացնենք, թե մեր պետական կառավարման համակարգում վարչապետն իրենից ինչ է ներկայացնում. Աննա Դանիբեկյանի համար այդ չորս անձանց միջնորդությունը չի էլ վերլուծվել, որոշումը կարող եք ինքներդ էլ կարդալ, այն թվացյալ ծավալուն է, բայց մեկ էջն է, որ վերաբերում է միջնորդությանը. սա է արդարադատության մակարդակը»: Վարդեւանյանն ընդգծեց, որ երբ Աննա Դանիբեկյանը բացակայում էր, իրենց միջնորդությունը այլ դատավորի չփոխանցեցին. «Արմեն Դանիելյանը Ռոբերտ Քոչարյանի գործով դատարան եւ արդարադատություն չի կարող լինել, մենք խոսում ենք մի դատավորի մասին, որը ոչ միայն խախտեց Ռոբերտ Քոչարյանի իրավունքները, այլեւ զրկեց փաստաբաններին արտահայտվելու իրավունքից. նման բան նույնիսկ Սոմալիում չկա, իսկ գիտե՞ք՝ այնտեղ իրավունքի ինչքա՜ն խախտումներ կան»: Լրագրողի դիտարկմանը, որ մակագրման գործընթացին միջամտելը հանցագործության տարրեր է պարունակում, արդյոք իրենք հաղորդում ներկայացնելո՞ւ են, Արամ Վարդեւանյանն ասաց, որ այդ հանգամանքը առնվազն նկատի կունենան. «Կա՛մ մակագրման համակարգիչն ունի բացառիկ ալգորիթմ, կա՛մ մենք ունենք լրջագույն խնդիր. թե տրամաբանությունը որ կողմն է տանում, թող հանրությունը դատի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօր նշանակված դատական նիստը հետաձգվեց. չէին ներկայացել ինչպես Սեյրան Օհանյանի պաշտպանները, այնպես էլ՝ Ռոբերտ Քոչարյանը: Արամ Վարդեւանյանն ասաց, որ նա դեռեւս հետվիրահատական փուլում է: