ԱՀԿ-ն դադարեցրել է հիդրօքսիքլորոքինի փորձարկումները կորոնավիրուսի բուժման համար. ՀԺ


ԱՀԿ-ն դադարեցրել է հիդրօքսիքլորոքինի փորձարկումները կորոնավիրուսի բուժման համար. ՀԺ

  • 27-05-2020 10:45:10   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դադարեցնում է կորոնավիրուսի բուժման համար հիդրօքսիքլորոքին դեղամիջոցի փորձարկումը։
 
Հիշեցնենք՝ հիդրօքսիքլորոքինը մալարիայի բուժման համար օգտագործվող դեղամիջոց է, ենթադրվում էր, որ այն կարող է բուժել նաեւ COVID-19-ը:
 
ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ դեղի՝ կորոնավիրուսի բուժման համար իրականացվող կլինիկական փորձարկումները աշխարհի մի քանի երկրների կլինիկաներում դադարեցվում են, նման որոշում է կայացվել «The Lancet» բժշկական ամսագրում վերջերս կատարված՝ փորձարկումների եւ հետազոտության մասին հրապարակումից հետո:
 
«The Lancet»-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեղամիջոցը կարող է առաջացնել լուրջ կողմնակի բարդություններ, ներառյալ՝ սրտի առիթմիա, դժվարաշնչություն: Բացի այդ, COVID-19-ով հոսպիտալացված պացիետների բուժման հարցում դեղամիջոցը լուրջ առաջընթաց ցույց չի տվել:
 
Հիշեցնենք, որ հակամալրիային հիդրօքսիքլորոքին դեղամիջոցն էր կիրառում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ իր անձնական բժշկի ցուցումով: Նա հայտարարել էր, որ վտանգավոր չէ պրոֆիլակտիկայի համար մի քանի օր դեղամիջոցն ընդունելը, փոխարենը բժիշկը հայտնել է, որ այն կարող է օրգանիզմի համար պաշտպանիչ ազդեցություն ունենալ:
 
Հիդրօքսիքլորոքին էր ընդունում նաեւ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, ինչպես նաեւ կորոնավիրուսով վարակված բրազիլացիները, որոնց շրջանում վարակը սկսել էր տարածվել կայծակնային արագությամբ: COVID-19-ի բուժման նպատակով այս դեղամիջոցը կիրառվում է լատինամերիկյան այլ երկրներում եւս:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը