Բաց նամակ՝ Արցախի նախագահին


Բաց նամակ՝ Արցախի նախագահին

  • 27-05-2020 15:44:33   | Հայաստան  |  Մեկնաբանություն
Բարև Ձեզ Հարգելի Պարոն Հարությունյան,
 
Ես մայիսի 21-ին լսեցի Ձեր նախագահական բարձր երդմնակալության ժամանակ արտահայտած հետևյալ խոսքերը, որ պաշտպանելու եք Արցախի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև Արցախը Հայաստան է և վերջ: Սա իհարկե հայրենասիրական խոսքեր են, որոնք բարձրացնում են միլիոնավոր հայրենասեր հայերի ոգին: Ես արդեն 70 տարեկան տղամարդ եմ, սակայն անհրաժեշտության դեպում որոշել եմ զենքը ձեռքս վերցնել ու կանգնել Արցախի պետական սահմանները պաշտպանող 18-ամյա պատանիների կողքին և ոգեշնչել նրանց ու պաշտպանել Արցախի տարածքային ամբողջականությունը:
 
1992թ. հունիսի 13-14 չարաբաստիկ շաբաթ և կիրակի օրերին, երբ 4 տարի և 4 ամիս պաշտպանել էինք Արցախի Շահումյանի շրջանը, այդ սև օրերին ՀՀ պետական ամենաբարձր մակարդակով շատ խիստ կարգադրվեց Շահումյանի շրջանում դադարեցնել բոլոր տեսակի ինքնապաշտպանության կռիվները: Շահումյանում կային թե տեղացի, թե Հայաստանից եկած զինված ջոկատներ, սակայն ոչ մեկի կողմից ցույց չտրվեց որևէ տեսակի դիմադրություն, իսկ ադրբեջանցիները ռուսական բանակի հետ կազմակերպել էին «օղակ» օպերացիան, որի հետևանքով հազարամյակների պատմություն ունեցող իրենց պապենական օջախներում Ադրբեջանի ֆաշիստների կողմից մորթվեցին 330 անմեղ հայեր: Իսկ դրան նախորդած 1 տարվա ընթացքում Շահումյանում սպանվել էին ևս 180 անմեղ հայեր, որոնք միասին կազմում են 510 անմեղ զոհեր: Պետք է նշել, որ իմ հարազատ սահմանամերձ Ղարաչինարի գյուղերում զոհվել են 174 մարդիկ, որից 17-ը իմ ծնողների գերդաստանից էին: Այդ 17-ի մեջ նաև 2 ծծկեր երեխաներ կային:
 
Հարգելի պարոն Հարությունյան, որպես Շահումյանի շրջանում ամենամեծաքանակ կրած զոհերի, ես Ձեզանից պահանջում եմ Ձեր նորաստեղծ Ազգային ժողովով ճանաչել ադրբեջանահայերի ցեղասպանությունը: Միգուցե այն դառնա օրինակ ՀՀ Ազգային ժողովի համար ու նրանք էլ ճանաչեն ադրբեջանահայերի ցեղասպանությունը: Այն կլինի շատ ուժեղ բարոյական հարված ֆաշիստական Ադրբեջանին: Ադրբեջանահայերի ցեղասպանությունը Հայաստանում կոծկել է Լ. Տեր-Պետրոսյանը, իսկ Արցախում՝  Ռ. Քոչարյանի կառավարությունը: 
 
Ոչ մի թիզ հող 2 պատերազմներում ջախջախված Ադրբեջանին, առնվազն Շահումյանն ու Գետաշենը պետք է ազատագրել:
 
Հարգանքներով՝ Ռոմիկ Աբրահամյան:
26.05.2020թ.
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն