Մոսկվան զգուշացրեց Բաքվին՝ Հայաստանը չի կանգնի


Մոսկվան զգուշացրեց Բաքվին՝ Հայաստանը չի կանգնի

  • 27-05-2020 16:01:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

lragir.am Ինչ վերաբերում է Հայաստանի հետ ռազմա-տեխնիկական հարաբերությանը, ռազմա-տեխնիկական օգնությանը, այստեղ մենք ունենք սերտ եւ արդյունավետ աշխատանք: Դա ամենօրյա, անընդհատ եւ պրոֆեսիոնալ աշխատանք է:
 
Այնպես որ, այստեղ ոչ մի հարց չկա, ՀԱՊԿ արտգործնախարարների հեռավար նիստից հետո հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
 
Մի քանի շաբաթ առաջ Լավրովը խոսել էր հայ-ռուսական հարաբերության խնդիրների մասին, առաջացնելով հայտնի աղմուկը Հայաստանում: Միաժամանակ, նրա այդ խոսքերը ոգեւորություն էին առաջացրել Ադրբեջանում, որտեղ հայ-ռուսական հարաբերության խնդիրները սկսել էին դիտարկել որպես Հայաստանի եւ Արցախի հանդեպ ռազմական հաղթանակի բացառիկ հնարավորություն:
 
Բաքուն թերեւս ակնկալում էր նույնպիսի ռազմա-քաղաքական աջակցություն, ինչպիսին Ռուսաստանից ստացել էր 2016-ի ագրեսիային ընդառաջ:
 
Ահա այդ ադրբեջանական ոգեւորության եւ ակնկալիքի համատեքստում էլ հայ-ռուսական ռազմա-տեխնիկական գործակցության մասին Լավրովի հայտարարությունը ստանում է էական նշանակություն: Ռուսաստանի արտգործնախարարն ըստ ամենայնի հիասթափեցնում է Ադրբեջանին, ակնարկելով, որ հայ-ռուսական հարաբերության տնտեսա-քաղաքական խնդիրների առկայությունը չպետք է շփոթեցնի Բաքվին, առաջացնելով ռազմա-քաղաքական շանսի ակնկալիք: Լավրովը փաստացի հայտնում է, որ չնայած տնտեսական ու քաղաքական հարցերում տարաձայնություններին, ռազմա-քաղաքական, ռազմա-տեխնիկական առումով հայ-ռուսական աշխատանքը չունի խնդիր, որից կարող է օգտվել Բաքուն:
 
ՌԴ արտգործնախարարի հայտարարության բուն հասցեատերն իհարկե թերեւս Անկարան է, քանի որ Բաքուն երեւի թե ավելի շատ գործիք է Մոսկվա-Անկարա խաղում, որը 2020 թվականին ընդհանրապես չափազանց բարդ փուլում է Սիրիայի Իդլիբից հետո, Լիբիայում ներկայումս՝ միջնորդավորված, բայց գրեթե բաց ռուս-թուրքական երկրորդ թեժ ռազմական բախումն է:
 
Մոսկվան թերեւս ակնարկում է, որ պետք չէ ունենալ Կովկասում՝ արցախյան գոտում երրորդ թեժ կետը ձեւավորելու, եւ այդպիսով Ռուսաստանին ճնշելու ակնկալիք:
 
Խնդիրն այստեղ անշուշտ Հայաստանին պաշտպանելու կամ դաշնակցային պարտականության պարկեշտ գիտակցումը եւ իրականացումը չէ, այլապես Ռուսաստանը իրական դաշնակցային տրամաբանության շրջանակում նույն կերպ պարկեշտ կլիներ նաեւ այլ հարցերում: Պարզապես, Կովկասում որեւէ նոր ռազմական լայն բախում վերածվելու է թերեւս ռեգիոնալ պատերազմի, որտեղ Մոսկվայի համար չափազանց մեծ է թե Կովկասը, թե Հյուսիսային Կովկասը կորցնելու ռիսկը:
 
Այդ իմաստով, հայ-ռուսական ռազմատեխնիկական գործակցությունը ամենեւին միակողմանի օգնություն չէ Հայաստանին, այլ նույնքան էական անհրաժեշտություն է հենց Ռուսաստանի համար: Այլ կերպ ասած, այդ առումով աշխատելով Հայաստանի հետ, Ռուսաստանն օգնում է իրեն:
 
Առավել եւս, որ չկա որեւէ այլ սուբյեկտ, որի հետ Մոսկվան կարողանար աշխատել առանց կենսական զիջումների: Իհարկե, Հայաստանն ամենեւին չունի Ռուսաստանից կենսական զիջումներ ակնկալելու կարիք: Հակառակը, Հայաստանի համար կարեւոր է, որ Մոսկվան հաշվի նստի Հայաստանի կենսական շահերի հետ, թեկուզ դրանց կորստից սեփական խնդիրները գիտակցելով ու պատկերացնելով:
 
Այդ իրադրության համար հույժ կարեւոր է Հայաստանի ինքնիշխանությունը առաջին հերթին հենց Ռուսաստանի հետ հարաբերությունում, որպեսզի Մոսկվայում մշտապես զսպված մնա հայերի շահերի վրա առեւտրի հաշվին ռեգիոնալ հարցեր լուծելու բնական գայթակղությունը եւ գործի հանուն սեփական շահի Հայաստանի ռազմա-քաղաքական անվտանգության հանդեպ որոշակի աշխատանքային պատասխանատվության գիտակցումը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play