ԵՄ-ն եւ Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ գյուղտեխնիկա է տրվել Լոռու 10 ֆերմերային տնտեսությունների


ԵՄ-ն եւ Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ գյուղտեխնիկա է տրվել Լոռու 10 ֆերմերային տնտեսությունների

  • 27-05-2020 18:11:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Հաշվի առնելով հանրապետությունում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակը և գյուղմթերքների արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների գյուղատնտեսական տեխնիկայի կարիքները` Եվրոպական միությունն ու Ավստրիական զարգացման գործակալությունը «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն(EU-GAIA)» ծրագրի շրջանակներում Լոռու մարզի համայնքների թվով 10 գյուղատնտեսների և ֆերմերային տնտեսությունների (Սպիտակի, Ստեփանավանի, Գուգարքի, Թումանյանի տարածաշրջաններից) այսօր հանդիսավոր պայմաններում տրամադրեցին հողամշակման փոքրամասշտաբ մեքենաներ՝ բարձրակարգ մոտոբլոկներ հարակից կցագործիքներով: Գյուղատնտեսներն ընտրվել են Լոռու մարզպետարանի օգնությամբ՝ հաշվի առնելով գյուղատնտեսների կարիքները, նրանց ակտիվությունը և հետագայում ընդլայնվելու և ավելի շատ հողատարածքներ մշակելու հեռանկարները: Նրանց համար նոր սարքավորումները կստեղծեն կայուն եկամուտ ստանալու հնարավորություն: Նոր տեխնիկայի շնորհիվ նրանք կկարողանան աճեցնել մրգեր և բանջարեղեն արդենիսկ այս տարվանից սկսած: Տրակտորի համեմատ մոտոբլոկը շատ ավելի արդյունավետ և ռեսուրսախնայող գյուղտեխնիկա է՝ բազմաֆունկցիոնալ ու ավելի քիչ վնաս է հասցնում բնությանը: 
Գյուղատնտեսական տեխնիկայի հանձնումը տեղի ունեցավ Վանաձորի Հայքի հրապարակում: Ներկա էին մարզպետ Ադրեյ Ղուկասյանը, փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի պաշտոնյաներ, Ավստրիական զարգացման գործակալության «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» ծրագրի Լոռու մարզի տարածքային գրասենյակի ներկայացուցիչ Արմինե Քալաշյանը, ծրագրի շահառուները: 
 
Մարզի ղեկավարն իր ողջունի խոսքում կարևորեց Եվրոպական միության ընձեռած հնարավորությունը գյուղատնտեսներին՝ նշելով, որ այն մեծ աջակցություն է մարզի համար հատկապես համավարակի հետևանքների մեղմման նպատակով.
 
-Լոռու մարզում հողերի կառավարման արդյունավետությունը բարելավելու, մշակվող տարածքներն ընդլայնելու և պտուղ- բանջարեղենի արժեշղթաները զարգացնելու համար մենք «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» ծրագրի մեր գործընկերներին ներկայացրեցինք առաջատար և փորձառու ֆերմերների, ֆերմերային խմբերի ու կոոպերատիվների ցանկը, որոնք պատրաստ են ընդլայնելու իրենց արտադրական տարածքները և գրագետ գյուղատնտեսական պրակտիկայով կիսվելու շահառու ֆերմերների հետ: Մեր նպատակն է, որպեսզի մարզում գյուղատնտեսական նշանակության չմշակվող որևէ հողտարածք չմնա,-ասաց Ա. Ղուկասյանը:
 
Փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը, նույնպես շնորհակալություն հայտնելով մարզին ցուցաբերված աջակցության համար, նշեց, որ մարզպետարանը պարբերաբար այցեր կկատարի շահառու հանդիսացող ֆերմերային տնտեսություններ՝ տեսնելու՝ արդյունավե՞տ է օգտագործվում տեխնիկան և արդյոք ի՞նչ արդյունքներ են գրանցել գյուղատնտեսները:
-Նրանց առաջարկվել է անհրաժեշտության դեպքում տեխնիկայով օգտակար լինել նաև հարևանությամբ գործունեություն ծավալող մյուս գյուղատնտեսներին,-ասաց փոխմարզպետը:
 
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Արմինե Քալաշյանը: Նա հույս հայտնեց, որ տրամադրված աջակցությունը կնպաստի և նոր խթան կստեղծի ֆերմերների համար ընդլայնելու իրենց գործունեությունը: Նա նաև նշեց, որ գյուղտնտեսության զարգացմանն ուղղված դրամաշնորհային ծրագրերը շարունակական բնույթ են կրելու՝ հորդորելով գյուղտնտեսներին բաց չթողնել ընձեռվող հնարավորությունները:
Շահառուների անունից երախտագիտության խոսքեր հնչեցրեց «Առողջ սնունդ» կոոպերատիվի նախագահ, ծրագրի շահառու Ալվարդ Դավոյանը՝ Վարդաբլուր համայնքից՝ նշելով, որ այս աջակցության շնորհիվ կկարողանան արդեն իսկ ընթացիկ տարում ավելացնել վարելահողերի մշակումը, դիվերսիֆիկացնել արտադրությունը և լինել ինքնաբավ տնտեսության մեջ:
Այնուհետ ներկաների համար կատարվեց սարքավորումների շահագործման ուսուցողական ցուցադրություն։
 
Հիշեցնենք, որ ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (ԵՄ-GAIA) ֆինանսավորվում է Եվրամիության կողմից (9,7 միլիոն եվրո) և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության (2 միլիոն եվրո) կողմից: Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Ծրագրի կառավարության գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: ԵՄ- GAIA ծրագիրն աջակցում է կայուն, ներառական, նորարարական և շուկայահեն ագրոբիզնեսի զարգացմանը, մասնավորապես` Հայաստանի հյուսիսային մարզերում` Շիրակում, Լոռիում և Տավուշում: Ծրագիրն իրականացվելու է առաջիկա երեք տարվա ընթացքում: Ծրագրով ընտրված են հետեւյալ վեց գյուղատնտեսական արժեշղթաները՝ մրգերը, հատապտուղները, բանջարեղենը, հատիկաընդեղեն մշակաբույսերը, խոտաբույսերը եւ ոչխարաբուծությունը։
 
 
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play