18-րդ միջոցառման շրջանակներում 12200 տնտեսվարողի շահառու հանդիսանալու ծանուցում է ուղարկվել․ Մկրտչյան. ՀԺ


18-րդ միջոցառման շրջանակներում 12200 տնտեսվարողի շահառու հանդիսանալու ծանուցում է ուղարկվել․ Մկրտչյան. ՀԺ

  • 28-05-2020 14:55:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ կառավարության կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 18-րդ միջոցառման շրջանակներում մայիսի 26-ի դրությամբ շահառու հանդիսանալու ծանուցում է ուղարկվել 12 հազար 200 հարկ վճարող տնտեսվարողների։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում միջոցառման մասին խոսելիս տեղեկացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման եւ հսկողության վարչության պետի տեղակալ Լուսինե Մկրտչյանը։
 
Նշենք, որ 18-րդ միջոցառման նպատակն է միանվագ դրամաշնորհի տեսքով օժանդակել այն հարկ վճարողներին, որոնք 2020թ. փետրվար, մարտ եւ ապրիլ ամիսներին պահպանել են աշխատատեղերը (ունեցել են 2-100 աշխատող) եւ վերջիններիս գծով հաշվարկված եկամուտների ֆոնդը:
 
Միջոցառման շահառու են հանդիսանում այն տնտեսվարողները, որոնց 2020 թվականի ապրիլ ամսվա աշխատակիցների թիվը գերազանցում է (կամ հավասար է) 2020թ. փետրվար եւ մարտ ամիսների համար հայտարարագրված աշխատակիցների թվին եւ որոնց 2020 թ. ապրիլ ամսվա աշխատակիցների գծով հաշվարկված եկամուտների մեծությունը գերազանցում է (կամ հավասար է) 2020թ. փետրվար եւ մարտ ամիսներին հաշվարկված եկամուտների մեծության 95 տոկոսը։
 
Մինչեւ 5 աշխատակից ունեցող տնտեսվարողների պարագայում տնտեսվարողին տրամադրվող աջակցության չափը որոշելու համար 2020 թ. մարտ ամսվա համար հաշվարկված եկամուտների հանրագումարը բաժանվում է աշխատակիցների թվին։
 
5 եւ ավելի աշխատակից ունեցող տնտեսվարողների պարագայում տնտեսվարողին տրամադրվող աջակցության չափը որոշելու համար՝
 
ա) հաշվարկվում է տնտեսվարողի 2020 թ. մարտի ամսական միջին հաշվարկված եկամուտների չափը, այսինքն՝ 2020-ի մարտ ամսվա համար հաշվարկված եկամուտների հանրագումարը՝ բաժանած աշխատակիցների թվին,
 
բ) հաշվարկվում է աշխատակիցների ընդհանուր թվի մեկ հինգերորդ մասը, այսինքն՝ աշխատակիցների ընդհանուր թիվը բաժանվում է 5-ի կլորացումով դեպի ներքեւ։
 
Հետեւաբար, ինչքան շատ է ընկերության աշխատակիցների թիվը եւ աշխատավարձային ֆոնդը՝ այդքան ավելի շատ օժանդակություն է ստանում ընկերությունը։
 
Մկրտչյանը մեր զրույցում ասաց, որ արդեն շուրջ 8 200 շահառու տնտեսվարողներ դիմում են ներկայացրել օժանդակություն ստանալու համար. «Բոլոր դիմումները դիտարկվել են, կազմվել են  վճարման հանձնարարականներ եւ ուղարկվել են գանձապետարան՝ փոխանցելու նպատակով»:
 
Հարցին՝ որքա՞ն գումար է նախատեսված հատկացնել, նա պատասխանեց. «Ընդհանուր միջոցառման համար մինչեւ 3 մլրդ դրամ է նախատեսված։ Այս պահին աջակցություն է տրամադրվել 1 մլրդ 500 մլն դրամի չափով»։
 
Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ շահառու հանդիսացող ընկերությունը չհայտնվի ցանկում կամ հակառակը, Մկրտչյանն ասաց. «Ոչ, նմանատիպ խնդիր դեռ չի առաջացել։ Խնդիր առաջանում է միայն այն դեպքում, երբ տնտեսվարողն իր դիմումում սխալ է նշում բանկային հաշվեհամարը. կա՛մ հաշվեհամարը փակ է լինում, կա՛մ իրեն չի պատկանում տվյալ հաշվեհամարը, կա՛մ նիշերն է շփոթում։ Այսինքն՝խնդիրները միայն տեխնիկական են լինում»։
 
Հարցին՝ լինո՞ւմ են դեպքեր, երբ տնտեսվարողը չի համապատասխանում, սակայն փորձում է ինչ-որ կերպ օգտվել առիթից, նա պատասխանեց. «Այո, իհարկե՛, լինում են։ Մենք կատարում ենք նաեւ վերլուծություն եւ դրա արդյունքում ենք հարկ վճարողներին ուղարկում ծանուցումներ»։
 
Նրա խոսքով՝ դիմումների ներկայացման վերջնաժամկետը հունիսի 10-ն է։ Դիտարկմանը, թե կարելի է ասել, որ այս միջոցառումը 5-րդ միջոցառման շարունակությունն է, քանի որ 2 դեպքում էլ կայուն աշխատատեղերի պահպանմանն են միտված միջոցառումները, Մկրտչյանն արձագանքեց. «Մոտավորապես այո, բայց մի քիչ փոփոխություններով։ Միջոցառման նպատակն է օժանդակել այն տնտեսվարողներին, որոնք պահպանել են աշխատատեղերը եւ հաշվարկված եկամուտների մեծությունը»։
 
Նա նշեց, որ 5-րդ միջոցառման ժամանակ դիտարկվում էր հունվար, փետրվար եւ մարտ ամիսների հաշվարկները, իսկ 18-րդ միջոցառմամբ՝ փետրվար, մարտ եւ ապրիլ ամսվա հաշվարկները. «Մի փոքր փոփոխություն է եղել հաշվարկման մեթոդաբանության մեջ։ 18-րդ միջոցառման ժամանակ հաշվարկվող եկամուտների մեծության մեջ չի ներառվում նպաստները։ Փորձը ցույց տվեց, որ 5-րդ միջոցառման ժամանակ դժգոհությունը շատ էր, որ նպաստները ներառվում են հաշվարկված եկամուտների մեջ։ Ֆիզիկական անձանց՝ ֆիզարձակուրդում գտնվող աշխատակիցը, երբ նպաստ էր ստանում, այդ նպաստը հաշվարկվում էր մեծության մեջ, եւ հաջորդ ամիս, երբ այդ նպաստը չէր ստանում՝ եկամուտների մեծությունը նվազում էր ու արդյունքում տնտեսվարողը օժանդակություն չէր ստանում։ Դա է պատճառը, որ այս միջոցառման ժամանակ մեթոդաբանությունը փոխվել է»։ Մկրտչյանն ասաց, որ  ամենամեծ օժանդակությունը 1 տնտեսվարողի հաշվով կազմել է 10 մլն դրամ. «ՏՏ ոլորտի ներկայացուցիչ ընկերության է տրամադրվել, որն ունի բարձր աշխատավարձային ֆոնդ»։
 
ՀԺ-ն զրուցել է նաեւ 18-րդ միջոցառման շահառու հանդիսացող 2 ընկերության հետ։
 
Ալկոհոլային խմիչքների մանրամեծածախ առեւտրով զբաղվող «Արբրեն» ՍՊԸ ֆինանսական գծով տնօրեն Գեորգի Կոսյանը մեր զրույցում ասաց, որ դիմելու կարգը  շատ հեշտ եւ պարզեցված էր։
 
Նրա խոսքով՝ իրենց ընկերությանը տրամադրվել է 5 մլն 961 հազար դրամի չափով օժանդակություն. «Մեր աշխատավարձային ֆոնդը 36 մլն դրամից մի փոքր ավելի է։ Ունենք 68 աշխատակից»։
 
Հարցին՝ ընկերությունն այս օրերին խնդիրների առաջ կանգնե՞լ էր, Կոսյանը պատասխանեց. «Բնականաբար խնդիրներ եղել են։ Ինքներդ եք պատկերացնում, որ ալկոհոլային խմիչքների առեւտուրը շատ է նվազել։ Ճգնաժամով պայմանավորված, եթե առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքը անկում չի գրանցել, ապա խմիչքի ոլորտում ապրիլ ամսին շուրջ 70-ից 80 տոկոս անկում է գրանցվել վաճառքի»։
 
Ընկերության ֆինանսական գծով տնօրենն ընդգծեց՝ այս գումարը էական նշանակություն ունի իրենց համար. «Մեր հիմնարկի որդեգրած քաղաքականությունը եղել է այն, որ աշխատողները չպետք է տուժեն եւ աշխատավարձային ֆոնդը 100 տոկոսով պահպանվել է։ Ճիշտ է օգնությունը 50 տոկոս չէ, բայց էլի փոքր չէ եւ հաստատ տեղին է»։
 
Հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող ռուսական «ԿԴՎ ԱՐՄՆ» ընկերության հայաստանյան մասնաճյուղը եվս միջոցառման շահառուների թվում է։ Ընկերության գլխավոր հաշվապահ Լուսինե Գրիգորյանը ՀԺ-ին հայտնեց, որ միջոցառմանը դիմելը իրենց համար հեշտ էր՝ ծանուցում են ստացել եւ մնում էր ընդամենը դիմում գրել։
 
Հարցին՝ ի՞նչ չափով օժանդակություն են ստացել, նա պատասխանեց. «7 մլն դրամի չափով օժանդակություն ենք ստացել։ Մեր աշխատավարձային ֆոնդն էլ գրեթե 30 մլն դրամ է»։
 
Գրիգորյանը նշեց, որ ընկերությունն ունի մոտ 80 աշխատակից։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը