Հայ-վրացական սկանդալ. ով է մեղավոր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Հայ-վրացական սկանդալ. ով է մեղավոր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 28-05-2020 16:46:06   | Հայաստան  |  Մամուլի տեսություն



Lragir.am-ը գրում է․ 
Հայ-վրացականը սկանդալը, որը բռնկվեց Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունից հետո, շարունակվում է՝ չնայած հայկական կողմի ներողությանը։ Վրաստանն ու Հայաստանը երկար դարեր յուրատեսակ մրցակցության մեջ են՝ փորձելով ապացուցել, թե ում տոլման է ավելի համով եւ ում պատմությունը՝ ավելի հին։
Հիմա էլ մրցակցություն է ծավալվել կորոնավիրուսի դեմ պայքարի ոլորտում, որտեղ Հայաստանն ու Վրաստանն ի սկզբանե տարբեր մեթոդներ են ընտրել։ Վրաստանը ամբողջական կարանտին ու մեկուսացում է սահմանել՝ հասնելով վարակման ու մահացության նվազագույնին, ընդ որում, Վրաստանի տնտեսությունը նկատելի տուժել է՝ գներն աճել են, իսկ լարին՝ ավելի արժեզրկվել։
Հայաստանում հիբրիդ տարբերակ են ընտրել՝ կարանտին են սահմանել, բայց գնացել կոլեկտիվ իմունիտետի հասնելու ճանապարհով, ընդ որում, դրամի փոխարժեքն ու գները գրեթե չեն տուժել։
Այս իրավիճակում ոչ ոք չի կարող կշռել, թե որ ճանապարհն է ավելի լավը, եւ պետք էլ չէ հարցնել։ Բայց փաստն այն է, որ Վրաստանում վարակվածների թիվը զրոյացել է, իսկ Հայաստանում աճում է։ Չնայած Հայաստանում մահացությունը համեմատաբար ցածր է։
Բայց Հայաստանում տագնապալի տրամադրություններ են սկսվել, որոնք խորանում են Հայաստանի առողջապահության նախարարի ու վարչապետի հայտարարություններով։ Նրանք պնդում են, որ վարակի երկրորդ ալիքն է, դժվար իրավիճակ է, եւ պատճառն այն է, որ մարդիկ չեն հետեւում կանոններին ու դիմակներ չեն կրում։
Դիմակներ, իհարկե, պետք է կրել, բայց չարժե պատասխանատվությունը դնել մարդկանց վրա, որոնք հիմնականում ենթարկվում են բոլոր ցուցումներին։ Պետք է ոչ թե մեղավորների փնտրել, այլ գործով զբաղվել, իսկ գործը հիվանդներին բուժելն է։
Մինչ այժմ բուժում էին բոլոր վարակվածներին, շփման շրջանակին, նման ախտանշաններ ունեցողներին։ Դրա վրա մեծ ռեսուրսներ, մահճակալներ էին ծախսվում, եւ տվյալ պահի համար դրանք համարժեք քայլեր էին վարակի տարածումը դանդաղեցնելու համար։ Բայց հիմա պետք է բուժել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը, ազատել միջոցները, մահճակալները եւ բուժել հիվանդներին:
Առողջապահության նախարարը պետք է ոչ թե վախ տարածի ու մեղավորներ փնտրի՝ մեկ Վրաստանն է մեղավոր, մեկ նրանք, ովքեր դիմակ չեն դնում, այլ ճիշտ հաշվի ինտենսիվ թերապիայի տեղերը, որոնք կարող են պետք գալ, ու զբաղվել դրանց նախապատրաստությամբ։
Նիկոլ Փաշինյանը ճիշտ չէ, երբ ասում է, որ չափից շատ են վստահել քաղաքացիների գիտակցությանը։ Քաղաքացիների գիտակցությունը տեղում է, մարդիկ ազնվորեն մեկ ամիս մնացել են տանը՝ համաձայնվելով զրկվել աշխատանքից ու մի կտոր հացից հանուն իրենց հարազատների փրկության։ Նրանք արել են դա, որ կառավարությանը ժամանակ տան նախապատրաստվելու վարակի ավելի մեծ ալիքին։ Եթե կառավարությունը կարծում է, որ պատրաստ չէ, պետք է ասի այդ մասին, այլ ոչ թե մեղադրի մարդկանց, որ դիմակ չեն դնում։ Ու չպետք է ստիպեն մարդկանց նայել հարեւաններին ու հայտնել «օրգաններին»։ Գործով զբաղվեք։
 
1in.am-ը գրում է․ Չի բացառվում, որ որևէ պատգամավոր վայր դնի մանդատը, որևէ պատճառով: Այդ մասին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով կառավարող մեծամասնության որևէ պատգամավորի մանդատը վայր դնելու մասին մամուլի հրապարակումների վերաբերյալ հարցին: Իսկ մամուլում գրում են, որ վարչապետի պահանջով մանդատը վայր դնելու խնդիր կա մեծամասնության անդամ որոշ պատգամավորների առաջ: ԱԺ փոխնախագահն ըստ էության հաստատում է հրապարակվող տեղեկությունները, ոչ ուղղակի, սակայն փաստորեն դրանք համարելով հավանական: «Իմ քայլի» պատգամավորական խմբակցությունում այդօրինակ իրողությունների մասին մամուլի խոսակցությունները նոր չեն, սակայն դրանք նորից աշխուժացան այն բանից հետո, երբ նախկին իշխանություն-ընդդիմությունը հրապարակ բերեց վարչապետին անվստահություն հայտնելու թեման, մեծամասնությանն ուղղելով այդպիսի կոչեր:
Դա թողե՞լ է իր ազդեցությունը ներիշխանական միջավայրում, թե՞ կան այլ պատճառներ ու խնդիրներ: Դա, իհարկե, բարդ է ասել, սակայն կասկած չկա, որ կոչերը կարող էին լինել նաև հենց այդպիսի ներքին անվստահություն խթանելու ակնկալիքով՝ որպես նպատակներից մեկը: Միևնույն ժամանակ, ամենևին նորություն չէ այն հանգամանքը, որ ներկայիս խորհրդարանական մեծամասնությունը հեղափոխական հավաքական է և քիչ ընդհանուր բան ունի թիմի հետ: Այսինքն՝ մեծամասնությունը կազմվել է ամենատարբեր խմբերից և շերտերից, որոնք մինչ հեղափոխության փաստը ոչ միշտ է, որ ընդհանուր բաներ են ունեցել, առավել ևս ընդհանուր շահեր: Եվ այդ իմաստով, կասկածից վեր է, որ, վաղ թե ուշ, «Իմ քայլի» ներսում հասունանալու էր հարցը՝ կողմնորոշվելու, ֆիլտրացիայի հարցը: Այդ հարցը ինքնաբերաբար գալու էր իշխանություն երևույթի բերած բնական մարտահրավերների և խնդիրների հետ, որոնք աստիճանաբար հետին պլան են մղելու «Իմ քայլի» հեղափոխական խմբակցություն լինելու տրամաբանությունը և պարտադրելու են իշխանական խմբակցության «չափանիշներ»: Իսկ դա անխուսափելի է դարձնելու հետագա հարաբերության ճշգրտումը, արդեն հաջորդ ընտրությանն ընդառաջ նոր իրողությունների հարցում: Որովհետև, եթե «Իմ քայլի» ներկայիս խմբակցությունը պոստֆակտում մեծամասնություն է, այսինքն՝ հետհեղափոխական իրողության փաստ, ապա հաջորդ ընտրությանը «Իմ քայլը» պետք է գնա այսպես ասած՝ նախափաստային տրամաբանությամբ, այսինքն՝ ընտրությունից առաջ հստակեցումներով:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի՝ երեկ հրաժարական տված մամուլի խոսնակ Քրիստինե Մելքոնյանին կարող է փոխարինել Խաչիկ Գալստյանը:
Վերջինս ժամանակին աշխատել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, իսկ այժմ աշխատում է Վանեցյանի գրասենյակում: Վանեցյանի գրասենյակը փաստացի ղեկավարում է Արսեն Բաբայանը»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բարձրաստիճան պաշտոնյաների համար գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագիրը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու ժամկետը, ըստ էության, ավարտվեց: Ինչպես հայտնի է, կառավարության որոշմամբ՝ այն նախատեսված էր մինչև այս տարվա մարտի 31-ը, սակայն հանձնաժողովը որոշեց երկարացնել այն մինչև մայիսի 31-ը: Այս հետաձգումն առաջին հերթին պայմանավորված էր նոր համակարգի ներդրմամբ և շահագործմամբ, որը լրացուցիչ խնդիրներ էր առաջացրել: Եվ չնայած արդեն ոչ աշխատանքային օրեր են, և նախատեսված ժամկետը մոտենում է իր ավարտին, այնուամենայնիվ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց, որ մինչ օրս հայտարարագրման ենթակա պաշտոնյաներից ոչ բոլորն են հայտարարագրերն ուղարկել: «80 տոկոսը ներկայացրել է, մնացածն էլ այս օրերի ընթացքում կներկայացնեն:
Դա օրենքի պարտավորությունն է, 31-ը վերջին օրն է, երբ կարող են ներկայացնել իրենց հայտարարագրերը: Խնդիրներ եղել են, մենք պետք է դրանք ամփոփենք, և առաջիկայում կներկայացվեն: Տեխնիկական խնդիրներ եղել են, և մենք ի սկզբանե էլ ասել էինք, որ բազան չափազանց հին է և առաջացնում է խնդիրներ», – նշեց Հարությունյանը:
Հանձնաժողովի նախագահի տեղեկացմամբ՝ հայտարարագիրը չներկայացնելու դեպքում օրենքով սահմանված քայլեր, պատիժներ կհետևեն։
Հիշեցնենք, որ հայտարարագիր չներկայացնելը վարչական իրավախախտում է համարվում՝ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքի 169.28 հոդվածի: Երկու նախազգուշացումից հետո գործը պետք է ներկայացվի դատախազություն։ Օրենքում հստակ գրված է. «Հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից նախատեսված հայտարարագրերը օրենքով սահմանված ժամկետները լրանալուց հետո` 30 օրվա ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գրավոր ծանուցման հիման վրա չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Արտակարգ դրության վերացումից հետո կառավարությունում և պետական կառավարման համակարգում սպասվում են արմատական կադրային փոփոխություններ:
Խոսքը վերաբերում է հատկապես մարզպետների, որոնց մի մասի աշխատանքից վարչապետ Փաշինյանը խիստ դժգոհ է: Մասնավորապես պլանի տակ են Շիրակի և Արարատի մարզպետները»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քրգործը, որ հարուցվել էր ուղիղ մեկ ամիս առաջ Գավառում տեղի ունեցած սպանություններին հետևած վենդետայի հետ կապված, որը դրսևորվեց հիվանդանոցը ջարդուփշուր անելով և վիրավորների պարանոցները կտրելով, կարելի է ասել, մտել է փակուղի։
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը մի խումբ անձանց մասով դատարան միջնորդություններ է ներկայացրել, որպեսզի նրանց նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրվի, սակայն դատարանը շատերի դեպքում մերժել է միջնորդությունը։ Պատճառն այն է, որ նախաքննական մարմինը չի կարողանում գտնել համապատասխան հիմնավորումներ, թե կոնկրետ ովքեր են առաջինը ներխուժել հիվանդանոց, ով ինչ գործողություն է արել։ Այդ առիթով նույնիսկ վերցրել են հիվանդանոցի տեսախցիկները, և ուսումնասիրություններ են կատարվում՝ հասկանալու համար այդ անձանց շրջանակը, ու նրանցից շատերին գտնելու համար քայլեր են ձեռնարկվում։
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Գավառի ճանապարհին ապրիլի 28-ին հնչած կրակոցներից և երկու հոգու սպանությունից հետո կրքերը չէին հանդարտվել, և Նորատուսի բնակիչները երկաթյա ձողերով մտել էին Գավառի հիվանդանոց, որտեղ հսկողություն էին իրականացնում ոստիկանները՝ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի գլխավորությամբ, և ջարդուփշուր էին արել հիվանդանոցի գույքը, որից հետո կտրել էին հիվանդանոցում պառկած մարդկանցից երկուսի պարանոցը»։
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Մայիսի 5-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով աշխատանքից ազատվեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, և այդ պաշտոնը միչև այժմ թափուր է:
Մեր տեղեկություններով՝ այդ պաշտոնում կարող է նշանակվել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ով 2018թ. մի կարճ ժամանակ եղել է բնապահպանության նախարարի տեղակալ»:
 
«Փաստ» թերթը գրում է. «Թերթի տեղեկություններով՝ քաղաքական այս շրջափուլում իշխանությունները շարունակում են ձևավորել իրենց «սրտի» դատավորների, այսպես կոչված, առանձին «թիմ»։ Ավելին՝ վարչապետը ձեռնամուխ է եղել դատական համակարգում այդ «թիմի» դատավորներին «պռախոդ» տալու քաղաքականությանը։
Հետևելով դատական համակարգում վերջին շրջանում տեղի ունեցող նշանակումներին՝ ողջ պատկերը դառնում է ամբողջական։
Որպեսզի բոլոր աղմկահարույց գործերը չմակագրվեն միայն երկու-երեք դատավորների, ինչի հետ կապված փաստաբանական համայնքն արդեն լուրջ կասկածներ է հայտնում, իշխանություններին պետք են, հավաքական իմաստով ասած, Արմեն Դանիելյանի նման էլի մի քանի դատավորներ, որոնք որոշումներ կայացնելիս վստահաբար «անակնկալ» չեն մատուցի իշխանություններին»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլյան իրադարձությունները քննող հանձնաժողովի հաջորդ հյուրը լինելու է 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Վերջինս կհարցաքննվի մայիսի 29-ին՝ տեսակապի միջոցով, քանի որ վերջինս Ռուսաստանի Դաշնությունում է, և նրան քննելու հնարավոր միակ տարբերակն այս պահին տեսակապն է։
Ավելի վաղ հանձնաժողովի հյուրերն են եղել նախկին բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ՝ Հայաստանից ու Արցախից։ Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի օրոք Զինված ուժերի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին հրավիրել են երկու անգամ։ Վերջինիս լրացուցիչ հարցաքննության անհրաժեշտությունն առաջացել է Սերժ Սարգսյանի տված որոշ պատասխաններից հետո։ Հանձնաժողովի հրավերը մերժել է միայն ԳԽ շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, որն, ի դեպ, առանցքային պաշտոնյա է եղել այդ օրերին՝ ամենաշատ ինֆորմացվածն ու գլխավոր պատասխանատուներից մեկը»։
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը մի քանի շրջանակների մոտ բաձրաձայնել է, թե մեծ ցանկություն ունի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարադության հարցերի փոխնախարար նշանակվել: Ըստ Ջուլֆալակյանի՝ սպորտի ոլորտը օր օրի հայտնվում է ճգնաժամային վիճակում, ինչի համար պետք է լավ մասնագետ, որպեսզի կարողանա այդ վիճակից դուրս բերել ոլորտը:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ դա է պատճառը, որ վերջին ժամանակահատվածում լարվել են Ջուլֆալակյանի և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի փոխհարաբերությունները: Ավելին՝ նշվում է, որ Ջուլֆալակյանն իր կնոջն է ցանկացել տեղավորել կրթության ոլորտում, սակայն Հարությունյանը մերժել է՝ նրա փոխարեն այլ մարդու նշանակելով, ինչի համար էլ լարվածությունն ավելի է սրվել: Երեկ իմքայլական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոսելով կնոջն աշխատանքի տեղավորելու մասին, նշեց, որ չի ցանկանում նման տեղեկությունները մեկնաբանել, միայն հայտարարեց. «Ես որևէ ցանկություն չունեմ սպորտի փոխնախարար նշանակվելու, ես օրենսդիր մարմնում աշխատում եմ»:
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի տեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play