ԱԳՆ հայտարարությունը

28-05-2020 16:20:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մայիսի 28-ին Հայաստանը եւ աշխարհասփյուռ հայությունը նշում է մայիսյան հերոսամարտերի եւ Հայոց առաջին Հանրապետության 102-ամյակը։
 


Հազարամյա մեր պատմությունում առանձնահատուկ տեղ զբաղեցնող այս օրը կրում է երկու կարեւորագույն խորհուրդ. իր պատմական հայրենիքի մեծ մասում տեղի ունեցած ցեղասպանությունից հետո Սարդարապատում, Ղարաքիլիսայում եւ Բաշ-Ապարանում կայացավ հայոց ազգային գոյամարտը եւ մայիսյան հաղթանակներից հետո հայ ժողովուրդը մեկընդմիշտ հաստատեց իր գոյության իրավունքը։
 
Երկրորդը` ավելի քան հինգ դար ընդմիջումից հետո վերականգնվեց հայոց պետականությունը, եւ Հայաստանի Հանրապետությունը
դարձավ միջազգային հարաբերությունների սուբյեկտ։ Առաջին Հանրապետությունը ձեւավորվեց առաջին աշխարհամարտի օրերին եւ իր կարեւոր դերակատարությունն ունեցավ մեր տարածաշրջանում Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի գործում՝ ինչպես ռազմական, այնպես էլ դիվանագիտական ճակատներում։
 
Հայաստանի Հանրապետությունն ակտիվորեն մասնակցեց եւ, ի վերջո, մաս կազմեց աշխարհամարտի արդյունքները ձեւակերպող միջազգային խաղաղության պայմանագրերին։
 
Հայաստանի առաջին Հանրապետությունը պաշտպանեց հայ ժողովրդի գոյության եւ ինքնորոշման իրավունքը նաեւ Արցախում եւ Արցախի կարգավիճակի խնդիրը ձեւակերպեց՝ որպես միջազգային հիմնախնդիր։
 
Թեեւ չունենալով երկար կյանք` առաջին Հանրապետությունը հիմք դրեց ներքին եւ արտաքին քաղաքական ինստիտուտներին, ինչպես նաեւ ձեւավորեց այն ուղենիշները, որոնցով զարգանում է հայկական պետականությունը։
 
Մայիսի 28-ը, միավորելով ազգային ազատագրական եւ պետականության կառուցման համար մղվող պայքարը, այսօր էլ հանդիսանում է պետականության եւ ողջ հայ ժողովրդի առջեւ կանգնած երկու գերխնդիրների` ինքնիշխանության եւ անվտանգության իրացման առանցքային խորհրդանիշ։
 
Շնորհավորում ենք բոլորիս Մայիսյան հերոսամարտերի եւ Հանրապետության տոնի առթիվ։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 358 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար