«Բավական է | My Name Is Enough» սոցիալական արշավը ոսկե մրցանակներ է նվաճել (տեսանյութ)


«Բավական է | My Name Is Enough» սոցիալական արշավը ոսկե մրցանակներ է նվաճել (տեսանյութ)

  • 01-06-2020 10:59:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Հայաստանյան Doping Creative Agency-ի իրականացրած, շատերին արդեն քաջ ծանոթ “#Բավականէ | My Name Is Enough” սոցիալական արշավն ընդդեմ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներին բարձր գնահատանքի է արժանացել միջազգային փառատոններում։ 
 
Հեղինակավոր KIAF գովազդի միջազգային 21-րդ փառատոնում (Kyiv International Advertising Festival) Doping Creative Agency-ն նվաճել է միանգամից երկու ոսկե մրցանակ՝ Out of home և Advertising Campaign անվանակարգերում, ինչպես նաև արծաթե մրցանակ՝ Media  անվանակարգում։ Կիևում անցկացվող ամենամյա KIAF գովազդի միջազգային փառատոնն ամեն տարի համախմբում է գովազդի և մարկետինգի ոլորտի լավագույն մասնագետներին, կրեատիվ և կոմունիկացիոն ոլորտի առաջատար դեմքերին աշխարհի տարբեր երկրներից։ Այս տարի փառատոնն իր շուրջ էր հավաքել 433 մասնակցի շուրջ 15 երկրից և միջազգային ժյուրի 22 երկրից։ 
 
Մեկ այլ, բարձր օբյեկտիվությամբ և խիստ մրցակցային պայքարով աչքի ընկնող մարկետինգային հաղորդակցության մեջ կրեատիվության “Silver Mercury” միջազգային 20-րդ փառատոնում “#Բավականէ | My Name Is Enough” սոցիալական արշավը կրկին առաջինն էր։ Հավաքելով Social Advertising and Charity  անվանակարգի ամենաշատ միավորները՝ Doping-ն արժանացավ այդ անվանակարգի այս տարվա ամենաբարձր՝ արծաթե մրցանակին։ 
Նշենք, որ 2019թ․ այս արշավն արդեն իսկ նվաճել է մեկ ոսկե և երկու բրոնզե մրցանակ՝ մեկ այլ հեղինակավոր միջազգային “Red Apple” գովազդի փառատոնում։ «#Բավականէ | My Name Is Enough»-ը շարունակում է իր հաղթարշավը՝ իրականացնելով սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների ցավալի խնդրի բարձրաձայնման առաքելությունը, քանի որ այս հաղթանակները չափազանց կարևոր քայլ են խնդրի առավել լայն հանրահռչակման տեսանկյունից։ Միևնույն ժամանակ Doping Creative Agency-ի հաղթանակները մեծ նվաճում են հայկական գովազդային ոլորտի համար։  
 
Հիշեցնենք, որ աղջիկ երեխայի միջազգային օրը՝ հոկտեմբերի 11-ին, Երևանում մեկնարկեց “#Բավականէ | My Name Is Enough” սոցիալական արշավն ընդդեմ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներին Հայաստանում։ Արշավի նախաձեռնողն էր Doping Creative Agency-ն՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ և ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ: Արշավի նպատակներն էին Հայաստանում աղջիկ երեխաների թերարժևորման և սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ մտահոգիչ ցուցանիշների մասին իրազեկության մակարդակի բարձրացումը, երկրով մեկ հանրային քննարկման խթանումը, արդյունքում՝ սոցիալական նորմերի փոփոխության խրախուսումը՝ հասարակության մեջ աղջիկ երեխայի արժևորման և կանանց դերի բարձրացման ճանապարհով։ 
 
Արշավի պաշտոնական հեշթեգը՝ #Բավականէ պատահական չէր ընտրված։ «Բավականը» կնոջ հայկական անուն է։ Համաձայն տարածված ավանդույթի՝ ծնողները, որոնք տղա են ցանկանում, բայց անընդմեջ երկու կամ երեք դուստր են ունենում, կրտսեր աղջկա անունը Բավական են դնում, որպեսզի այլևս աղջիկ չունենան։ Արշավի մեկնարկը տրվեց 2019թ․ հոկտեմբերի 11-ին՝ Մայր Հայաստան հուշարձանի մոտ, երբ արձանը լուսավորվեց կարմիր լույսով, ստեղծվեց սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրը բարձրաձայնող հոլովակ։ Արշավն ունեցավ նաև պաշտոնական վեբ-կայք (www.bavakane.am), որտեղ հրապարակվեց խնդրի շուրջ ողջ ինֆորմացիան, ինչպես նաև ստեղծվեց հնարավորություն անանուն կերպով պատմելու սեփական պատմությունն ու անհրաժեշտության դեպքում կապ հաստատելու հոգեբանի հետ։ Արշավը շատ արագ տարածվեց համացանցում և գրավեց մամուլի ուշադրությունը, առաջացրեց լայն դիսկուրս խնդրի շուրջ, իսկ որպես աշխատանքի լավագույն գնահատական՝ Doping Creative Agency-ն ստացավ նամակ երեք դուստրերի մայրիկից, ով սպասում է իր 4-րդ աղջկան և ով հրաժարվել է հղիությունն ընդհատելու մտքից տեսնելով #Բավականէ սոցիալական արշավը։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն