Քոչարյանի գործով ՄԻԵԴ դիրքորոշումն ակնհայտ վկայությունն է՝ այդ հարցերին պետք է անդրադառնա գործը քննող և ոչ թե Եվրոպական կամ Սահմանադրական դատարանը


Քոչարյանի գործով ՄԻԵԴ դիրքորոշումն ակնհայտ վկայությունն է՝ այդ հարցերին պետք է անդրադառնա գործը քննող և ոչ թե Եվրոպական կամ Սահմանադրական դատարանը

  • 01-06-2020 16:36:52   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դիրքորոշումն ակնհայտ վկայությունն է մեր՝ նախկինում հայտնած բազմաթիվ դիրքորոշումների, որ այդ հարցերին պետք է անդրադառնա գործն ըստ էության քննող դատարանը, ոչ թե Եվրոպական կամ նույնիսկ Սահմանադրական դատարանը։ 
 
Այս մասին հունիսի 1-ին Ազգային ժողովում ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արյուսակ Ջուլհակյանի հարցի՝ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ 
 
Ըստ նրա՝ Ռ. Քոչարյանի պաշտպանական թիմի կողմից առաջադրված 4 հարցերից 2-ին ՄԻԵԴ-ը ընդհանրապես չի պատասխանել՝ դրանք դիտարկելով որպես վերացական, տեսական բնույթի հարցեր. 
 
«Երկու հարցերի կապակացությամբ՝ իրավական որոշակիության և օրենքի հետադարձ ուժի առումով, աքսիոմատիկ իրավաբանություն է ներկայացրել: Այսինքն՝ բազմաթիվ այլ նախադեպերում արտացոլված իր հստակ դիրքորոշումը, թե ինչ ընդհանուր կանոնների պետք է բավարարի իրավական որոշակիությունը և հետադարձ ուժի կանոնները: Եվ հստակ, ուղղակիորեն մատնանշել է, որ ըստ էության կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում, ինքնին փաստով, չի տեսնում»։ 
 
Ա. Դավթյանի խոսքերով՝ Եվրոպական դատարանի դիրքորոշումը մինչև այս ձեռնարկված քրեական հետապնդման գործողությունների իրավաչափության հաստատումն է։ 
 
Անդրադառնալով պատգամավորի մյուս հարցին, թե կբողոքարկի արդյոք Գլխավոր դատախազությունն ամբաստանյալ Քոչարյանի՝ մինչև համավարակի ավարտը բուժհաստատությունում մնալու որոշումը՝ դատախազը նշեց, որ չի բացառում նման հնարավորությունը։ 
 
«Ամբաստանյալ Քոչարյանի պաշտպանը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության: Պահանջը հետևյալն է, որ մինչև արտակարգ դրության ավարտը կալանավորը մնա համապատասխան բուժհաստատությունում: Եվ հայտնի ակտը ոչ թե դատարանի կողմից ըստ էության վերջնական կայացված ակտն է,այլ դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել, և որպես հայցի ապահովման միջոց սահմանվել է, որ մինչև գործի լուծումը կամ այլ խոսքով ասած՝ մինչև արտակարգ դրության ավարտը չի տեղափոխվի քրեակատարողական հիմնարկ: Այս վարույթի կողմերը պաշտպանն է և քրեակատարողական ծառայությունը: Որպես կանոն, օրենսդրական ոչ հստակ կարգավորումների պատճառով այս բնույթի վարույթներում դատարանները մեզ չեն ծանուցում, բայց իմ համոզումը բովանդակային առումով այն է, որ դատախազը այս վարույթներում մասնակցություն պետք է ունենա առնվազն պատիժների և հարկադրանքի օրինականության նկատմամբ հսկողության լիազորությունների արդյունավետ իրացման շրջանակներում»,
 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Իրավունք