ԱԱԾ-ն Դավիթ Սանասարյանի գույքն ուսումնասիրելիս հասել է մինչև 2013 թվականը․ պաշտպան
01-06-2020 18:03:44 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
factor.am Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ շարունակվում է ՊՎԾ լիազորությունները ժամանակավորապես դադարեցված պետ Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Այսօրվա նիստում ևս կողմերն ուսումնասիրում են գործում առկա գրավոր ապացույցները։ Ապացույցների հետազոտման ժամանակ Սանասարյանի պաշտպաններից Արսեն Սարդարյանը հայտարարեց․ «Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել, որ ԱԱԾ-ն պարոն Սանասարյանի գույքերով այնքան է հետաքրքրվել, որ նույնիսկ 2013 թվականի առք ու վաճառքի մասին տվյալներն է բերել դրել գործի մեջ»։ Դատարանն էլ արձագանքեց՝ օրենքով արգելվո՞ւմ է, պաշտպանը թե՝․ «Սա ցույց է տալիս, որ ԱԱԾ-ն սովորականի չնմանվող խորությամբ փորձել է պարոն Սանասարյանի գործը․․․»։ Նրան դատավորն ընդհատեց ասելով, որ իր վարույթում եղած գործերը սովորականին չնմանվող են և ԱԱԾ-ն էլ, ինչքան ուզում, այդքան ինֆորմացիա է հանում և դնում գործի մեջ՝ սա առաջին գործը չէ։ Դատախազը պնդեց, որ ոչ կառուցողական հայտարարություններ են արվում։ Նշենք, որ Սանասարյանի մյուս պաշտպանը՝ Ինեսսա Պետրոսյանը, ներկա չէ նիստին, պատճառը կորոնավիրուսով վարակված լինելն է։