Հայտնի են Ընթերցանության ստեղծագործական մրցույթի հաղթողների անունները


Հայտնի են Ընթերցանության ստեղծագործական մրցույթի հաղթողների անունները

  • 02-06-2020 11:27:36   | Հայաստան  |  Հասարակություն

Հայտնի են Ընթերցանության ստեղծագործական մրցույթի հաղթողների անունները։ 3-5 դասարանի տարիքային խմբում 1-ին տեղը զբաղեցրել է Գագիկ Բաղդասարյանը, 2-րդ տեղը՝ Ֆլորա Պողոսյանը, 3-րդ տեղը՝ Ատոմ Գրիգորյանը։ Այս տարիքային խմբում ժյուրիի համակրանքի մրցանակ է ստացել Նարե Մանուկյանը, հատուկ «Զարթնի՛ր» մրցանակ՝ Դավիթ Աթասունցը։ 6-9 դասարանի տարիքային խմբում 1-ին տեղը զբաղեցրել է Հայկ Գրիգորյանը, 2-րդ տեղը՝  Գայանե Մելքոնյան, 3-րդ տեղը՝  Կնյազ Սալոյանը։ Այս տարիքային խմբում ժյուրիի համակրանքի մրցանակ է ստացել Մանվել Հովհաննիսյանը, հատուկ «Զարթնի՛ր» մրցանակ՝  Դոնարա Գրիգորյանը։
 
Սփյուռքի հատուկ մրցանակի է արժանացել Նարե Իսայանը։
 
«Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել և շնորհավորել մրցույթի բոլոր-բոլոր մասնակիցներին․ բոլորդ էլ հաղթող եք, քանի որ մասնակից եք դարձել ընթերցանության այս գեղեցիկ տոնին։ Մեր մրցույթի նպատակը ոչ թե երեխաների գիտելիքներն ու կարողությունները ստուգելն է եղել, այլ նրանց մտահորիզոնի ու աշխարհընկալման ընդլայնումը, դեպի ընթերցանության ու ստեղծագործական աշխարհ ուղղորդելը, կարդացածի շուրջ մտորելուն մղելը, կարդացածի շնորհիվ արժեքային համակարգ ձևավորելը և այդ արժեքները որպես հոգևոր հարստություն կյանք տանելը։ Կարծում ենք, որ այս կարճ ժամանակահատվածում կարողացանք լուծել մեր առջև դրված այս խնդիրները։ Առավել քան վստահ ենք, որ մրցույթից շատերն են հաղթանակած դուրս եկել՝ ստանալով գիտելիքների մեծ պաշար»,-նշված է մրցույթների կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ։
 
Մրցանակակիրներին կհնաձնվեն նրանց նվերները, իսկ առաջինից երրորդ հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցների շնորհիվ նրանց դպրոցների գրադարանները կհամալրվեն «Էդիթ Պրինտ» հրատարակչության «Իմ գրադարանը» շարքի գրքերով։
 
Հիշեցնենք, որ մրցույթն իրականացնում է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Խնկո ապոր անվան ազգային մանկական գրադարանի, «Զարթնի՛ր» կրթական-հասարակական կազմակերպության գործընկերությամբ և «Արմսվիսբանկի» աջակցությամբ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play