Նոր Նորքում հրազենի գործադրմամբ սպանություն կատարած տղամարդը ներկայացել է ոստիկանություն

02-06-2020 14:31:56   | Հայաստան  |  Իրավունք
«Հետախուզում-2020» ամենամյա օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Նոր Նորքի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ, հունիսի 1-ին, ժամը 17.15-ին, Նոր Նորքի բաժին կամավոր ներկայացել է Երևանում բնակվող 34-ամյա տղամարդ, որը ապրիլի 20-ից հետախուզվում էր սպանության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
 


Հիշեցնենք, որ ապրիլի 15-ի երեկոյան թիվ 1 համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով։ Սպանվածը 39 տարեկան էր, Երևանի բնակիչ։ Նրան բուժհաստատություն էին տեղափոխել մայրաքաղաքի Բակունցի փողոցից։ Դեպքի վայր էին մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Նոր Նորքի բաժնի, տարածքային նախաքննական մարմնի և իրավապահ այլ կառույցների ծառայողներ, որոնք Բակունցի փողոցի թիվ 12 շենքի դիմաց հայտնաբերել էին սպանված տղամարդու «Լեքսուսը»՝ վթարված վիճակում։ Մեքենայի վրա
կրակոցի հետքեր կային։ Վթարված մեքենաներից մոտ 300 մետր հեռու հայտնաբերվել էին 7,62 մմ տրամաչափի կրակված երեք պարկուճ։ Պարզվել էր, որ «Լեքսուսի» վարորդի ուղղությամբ կրակոցներն արձակվել էին Բակունցի 1 հասցեի մոտ։
 
Հրազենային վնասվածքներ ստացած տղամարդը կարողացել էր ընդամենը երեք հարյուր մետր վարել մեքենան, ինչից հետո «Լեքսուսը» բախվել էր կայանված մի մեքենայի ու կանգնել։ Մարդիկ օգնության էին հասել, ահազանգել 1-03, բայց 39-ամյա տղամարդու ստացած վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով տարածքային քննչական բաժնի ծառայողների հետ, ձեռնարկել էին օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումներ, զուգահեռ կատարվել էին նաև քննչական գործողություններ։ Համատեղ աշխատանքի շնորհիվ իրավապահները պարզել
էին հրազենի գործադրմամբ սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։
 
 
Երևանի բնակիչ, 34-ամյա տղամարդու նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, որի շրջանակներում էլ ոստիկանության ծառայողները ձեռնարկել էին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու բացատրական աշխատանքներ, ինչն արդյունք տվեց հունիսի 1-ին։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 224 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար