Բաքուն մեղադրել է Վրաստանին. Իրավիճակը բարդանում է

04-06-2020 15:58:14   | Հայաստան  |  Վերլուծություն
Տեղեկություն է ստացվել, որ հունիսի 4-ին Վրաստանի մի խումբ քաղաքացիներ մտադիր են սադրիչ գործողություններ անել՝ խախտելով ադրբեջանա-վրացական պետական սահմանը Քեշիքչիդաղ-Դավիթ Գարեջի պատմամշակութային արգելոցի տարածքում։ Ստացված տեղեկության մասին պաշտոնապես ծանուցվել է Վրաստանի սահմանային պահպանության ծառայությունը, նշված է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնի հաղորդագրությունում:
 


Ըստ հաղորդագրության, Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը պաշտոնապես հայտնել է
, որ պետական սահմանին ցանկացած սադրանք վճռականորեն կանխվելու է, եւ հնարավոր հետեւանքների պատասխանատվությունը կրելու են սադրանքի կազմակերպիչները։
 
Ի՞նչ սադրանք պետք է անեն վրացիները սեփական վանքում։ Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները տագնապալի վերլուծական նյութեր են հրապարակել, որ Ադրբեջանի ու Վրաստանի բարեկամությունը հարվածի տակ է։ Այս անգամ սլաքներն ուղղվում են ոչ թե հայերի կողմ, այլ նշվում է վրացիների «անշնորհակալ լինելը», որոնց
Ադրբեջանը բազմիցս փրկել է։
 
Ադրբեջանցի վերլուծաբանները թվարկում են վրացի քաղաքական գործիչներին՝ ազատականներին, ազգայնականներին, որոնք խոսում են Ադրբեջանի կողմից Վրաստանի տարածքի օկուպացիայի մասին։ «Չար ու ստոր լեզուները, SOCAR-ի դեմ ցածր արշավ սկսելով, Վրաստանի հանրային կարծիք են ներմուծել քարոզչական նորաբանություն՝ SOCARtvelo` մեղադրելով ադրբեջանական պետությանը տնտեսական էքսպանսիայի մեջ», գրում են ադրբեջանցի վերլուծաբանները։
 
Հիշեցնենք, որ մայիսի 30-ին Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը հատուկ հայտարարություն է արել վրացիների ու ադրբեջանցիների միջեւ նոր լարվածության մասին։ Վրաստանում անուշադրության չմատնվեց Մառնեուլիում ադրբեջանցի գործիչ Նարիմանովի հուշարձանի վերականգնումը, որի ջանքերով վրացական մի շարք հողեր անցել են Ադրբեջանին։ Ի դեպ, նաեւ այն տեղանքը, որտեղ գտնվում է Դավիթ Գարեջիի վանքը։
 
Lragir.am-ի վերլուծաբան Հակոբ Բադալյանը կարծում է, որ Ադրբեջանին ու Թուրքիային ձեռնտու է լարել իրավիճակը Վրաստանում միջամտության առիթ ստանալու համար։ Վրաստանում, ըստ երեւույթին, հաշվարկում են նման հնարավորությունները։
 
Մյուս կողմից, չի բացառվում, որ ադրբեջանա-վրացական «բարեկամությունը» հասել է եռման կետին, որից այն կողմ ինքնիշխանության կորուստն է։ Չի բացառվում, որ Թբիլիսին զգացել է դա։

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1246 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար