ՄԻՊ-ի իրավական չափանիշների վրա հիմնվելով Քրեական վերաքննիչ դատարանը կայացրել է նախադեպային նշանակություն ունեցող որոշում

04-06-2020 16:31:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Վերաքննիչ քրեական դատարանը մայիսի 23-ին, հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի իրավական չափանիշները, որոշում է կայացրել քրեորեն պատժելի արարք կատարած անձի նկատմամբ կիրառել անվտանգության միջոց՝ առաջին անգամ հոգեբուժարանում տեղավորելու համար սահմանելով հստակ ժամկետ:
 


Խնդիրն այն է, որ այն պարագայում, երբ հիմքեր կան ենթադրելու, որ անձը քրեորեն պատժելի արարք կատարել է անմեղսունակության վիճակում (օրինակ՝ հոգեկան հիվանդությամբ պայմանավորված), ապա վարույթն իրականացնող մարմինը նախաձեռնում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու վարույթ: Մինչ վարույթի ավարտն անձի նկատմամբ կարող են կիրառվել անվտանգության միջոցներ, որոնցից է հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելը: Այս կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս բարձրաձայնել է այն հարցը, որ գործող օրենսդրական կարգավորումները չեն նախատեսում նման դեպքերում անձին հոգեբուժարանում տեղավորելու
ժամկետներ, առավելագույն տևողություն կամ այնտեղ գտնվելու հարցը պարբերաբար վերանայելու պահանջ: Արդյունքում, անձը կարող է անորոշ ժամանակով զրկված լինել ազատությունից: Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային
մեխանիզմի մշտադիտարկման այցերի ընթացքում անվտանգության միջոցի կիրառման արդյունքում առանց վերանայման և տևական ժամանակով հոգեբուժական կազմակերպությունում պահվելու բազմաթիվ դեպքեր են արձանագրվել:
 
Նշված խնդիրը տեղ է գտել Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան և արտահերթ զեկույցներում, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի իրավական չափանիշներում:
 
Այս կապակցությամբ հարկ է նշել, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշմամբ արձանագրել է, որ քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած անձին որպես անվտանգության միջոց հոգեբուժական հաստատությունում տեղավորելով՝ ստորադաս դատարանն անձի ազատությունը ենթարկել է անժամկետ սահմանափակման: Դատարանը նշվածը համարել է անթույլատրելի՝ միջազգային մի շարք չափանիշների հետ միասին հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի իրավական չափանիշներում արտահայտված դիրքորոշումները:
 
Մարդու իրավունքների պաշտպանը Քրեական վերաքննիչ դատարանի կողմից նման պրակտիկայի զարգացումը համարում է կարևոր երկրում մարդու իրավունքների ամրապնդման համար։ Այն օրինակ է՝ ինչպես միջազգային պարտավորությունների հիման վրա երկրում գործող իրավական ոլորտների կառույցների աշխատանքով կարող է դատական պրակտիկան ենթարկվել դրական փոփոխությունների։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 422 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար