Առաջիկա օրերին կտեսնենք առողջացածների մեծ թիվ. ինչպես COVID-19-ը բուժել տանը՝ մշակվում է ընթացակարգ. ՀԺ

04-06-2020 18:08:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշները բավական մտահոգիչ են. նոր հաստատված դեպքերը, վարակակիրները շատ են, բուժվածները՝ քիչ: Ի՞նչն է պատճառը:
 


«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ասաց, որ բուժվածները քիչ չեն, ուղղակի այս օրերին նրանք չեն երեւում հրապարակվող վիճակագրության մեջ: «Մայիսի 22-ից փոխվել է բուժման քաղաքականությունը, եւ մարդիկ, որոնք վարակակիր են, բայց անախտանիշ են կամ թեթեւ ախտանիշներ ունեն, բուժումը ստանում են տանը: Այդ պահից սկսած՝ նրանք ներառվում են պոլիկլինիկաների համակարգում, գտնվում են պոլիկլինիկաների հսկողության տակ: 14-րդ օրը համարվում են առողջացած եւ ավտոմատ դուրս են գալիս համակարգից. ելքն անում է պոլիկլինիկայի բժիշկը: Առաջիկա օրերին մենք այդ համակարգում կանենք փոփոխություններ եւ կունենանք մեծ թվով առողջացումներ, այսինքն՝ երբ իրենց համակարգում պոլիկլինիկայի բժիշկները համարեն առողջացում, այդ մարդիկ կներառվեն ընդհանուր վիճակագրության մեջ»,- ասաց նա:
 
Հայաստանում հիմնականում ո՞ր դեղամիջոցներն են կիրառվում կորոնավիրուսի բուժման համար, բուժման ստանդարտ ընթացակարգը թեթեւ դեպքերի համար ո՞րն է՝ հարցին խոսնակը խոստացավ պատասխանել առաջիկայում.
«Այս պահին մշակվում է բուժման պրոտոկոլ, թե տնային պայմաններում ինչ դեղեր կարելի է օգտագործել, ընդհանրապես որոնք պիտի բացառվեն, քանի որ վերջին օրերին տարբեր տեղերից լսում ենք ահազանգեր, որ քաղաքացիները սկսել են զբաղվել ինքնաբուժմամբ, բայց պետք է անպայման ասենք՝ ուղղակի չի կարելի, որ իրենք իրենց համար դեղեր մտածեն ու խմեն, կարող են շատ մեծ վնաս հասցնել իրենց առողջությանը: Մեր մշակած պրոտոկոլը հենց այդ նպատակն ունի. որպեսզի այն բոլոր դեպքերում, երբ չկարողանանք հոսպիտալացնել մարդկանց (քանի որ արդեն իսկ այդ խնդիրն ունենք, տեղերը սահմանափակ են), մարդիկ հասկանան, թե տան պայմաններում ժամանակավորապես ինչպես կարող են իրենց բուժումը կազմակերպել՝ մինչեւ իրենց հերթը հասնի ու կարողանան տեղափոխվել հիվանդանոց»:
 
Արձագանքելով այն հարցին, թե ի՞նչ դեղամիջոցներ են սխալմամբ կիրառում մեր քաղաքացիները, բազմիցս նշված հակաբիոտիկների ինքնանշանակման խնդի՞րն էլ կա՝ Նիկողոսյանը պատասխանեց. «Հիմնականում հակաբիոտիկներն են»: Նա հաղորդեց, որ մշակվող ուղեցույցում մասնագետները նշելու են նաեւ հակաբիոտիկների սխալ կիրառման վտանգները:
 
Նախօրեին հրապարակվեցին գերմանական մի, ինչպես իրենք նշեցին, «բավական ծավալուն» հետազոտության արդյունքներ, որոնք վկայում են, որ մակերեսների վրա վիրուսը ոչնչանում է գրեթե անմիջապես, այսինքն՝ փաստացի վարակի տարածման գրեթե միակ աղբյուրը միմյանց հետ սերտ շփումն է: Ասվում է, որ սա կարող է դրվել առաջիկայում երկրների վարակի դեմ պայքարի ռազմավարության մշակման հիմքում: Նախատեսվո՞ւմ է հիմք ընդունել այս հետազոտությունը:
 
«Այո՛, մեր մոտեցումն էլ այդ է. վիրուսն օդակաթիլային է: Մեր կոչերն էլ այդ են, որ մարդիկ պահպանեն սոցիալական
հեռավորություն, բայց մակերեսների վրա էլ որոշ ժամանակ այն պահպանվում է, նույն մակերեսին րոպեների ընթացքում դիպչելու արդյունքում կարող ենք ունենալ վարակի տարածում: Միանշանակ բացառելը մակերեսների միջոցով տարածման հավանականությունը ճիշտ չէ»,- պատասխանեց Ալինա Նիկողոսյանը:
 
Շատերը քննադատում են ձեռնոցների կրման պահանջը՝ նշելով, թե որն է տարբերությունը աղտոտ ձեռքերով կդիպչեմ դեմքիս, թե աղտոտ ձեռնոցներով: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Նիկողոսյանն ընդգծեց. «Դրա համար էլ խորհուրդ է տրվում ավելի հաճախակի ախտահանել եւ լվանալ ձեռքերը, հիշել, որ կարելի է դեմքին, աչքերին, քթին դիպչել միայն մաքո՛ւր ձեռքերով»:
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2723 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար