Կորոնավիրուսի առաջին քաղաքական զոհը. Ինչու է ազատվել ՊԵԿ նախագահը

04-06-2020 18:15:07   | Հայաստան  |  Վերլուծություն
Պաշտոնից ազատման դիմում է գրել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Դավիթ Անանյանը փաստորեն դառնում է կորոնավիրուսային Հայաստանի առաջին քաղաքական «զոհը», իհարկե պայմանականորեն: Ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե ինչի համար է հեռանում Անանյանը: Նա ինքն է դիմում գրել որեւէ պատճառո՞վ, թե՞ վարչապետ Փաշինյանն է հորդորել  գրել դիմումը:
 


Այսպես թե այնպես, Անանյանի հեռացումը նշանակալի իրադարձություն է, այն պարզ պատճառով, որ նա զբաղեցնում էր կարեւորագույն պաշտոն՝ ՊԵԿ նախագահի: Իսկ
հարկային ու մաքսային կառույցը Հայաստանում ունի էական նշանակություն ոչ միայն զուտ ֆիսկալ, կամ բիզնես միջավայրային, այլ նաեւ քաղաքական իմաստով, չնայած թավշյա հեղափոխության հանգամանքին:
 
Ի վերջո, Հայաստանում ինստիտուցիոնալ քաղաքական վերափոխումը դեռ ոչ միայն ամբողջական չէ, այլ նոր է միայն փորձ անում մտնել հիմնական ճանապարհ: Իսկ մինչ այդ, Հայաստանում ուժգնացել է դիմակայությունը իշխանության եւ նախկին համակարգի միջեւ, ինչի խորքում անշուշտ բավական բազմաշերտ շարժառիթներ են: Դրանց թվում են նաեւ Հայաստանում տնտեսական ստատուս-քվոն եւ կապիտալի բաշխվածությունը:
 
Այդ առումով Հայաստանում կան բեւեռացումներ: Խոշոր կապիտալը միատարր չէ, դրա մի մասը կարողացել է պայմանավորվել կառավարության հետ՝ խաղի նոր կանոնների շուրջ, բայց մի շոշափելի մաս էլ դիմադրում է: Այստեղ էական «քաղաքական» դեր ունի ՊԵԿ-ը: Իսկ այդ գործոնը դեր ունի ՊԵԿ նախագահի պաշտոնանկության հետ, թե ոչ, դժվար է ասել, քանի դեռ չկան փաստական հիմքեր:
 
Միաժամանակ, պետք է դիտարկել իհարկե տնտեսական լարվածության եւ հարկահավաքման բարդությունների գործոնը, որտեղ կարող էին լինել դրվող նպատակների հետ Անանյանի անհամաձայնության, կամ Անանյանի կարողությունների հետ դրվող նպատակների անհամադրելիության
խնդիրներ:
 
Եվ, ի վերջո, «դարի սկանդալի»՝ Հայաստանից Ռուսաստան առաքվող ծխախոտի պատմությունը: Այդ կապակցությամբ եղել են թե ՊԵԿ, թե վարչապետի հայտարարությունները, որ Հայաստանից ապրանքը ձեւակերպվել եւ դուրս է հանվել միանգամայն օրինական, այդուհանդերձ պետք չէ բացառել որեւէ նստվածքի առկայությունը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2155 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար