Պատերազմի գլխավոր մեղավորը. Յուրի Խաչատուրովի նշանակումը


Պատերազմի գլխավոր մեղավորը. Յուրի Խաչատուրովի նշանակումը

  • 05-06-2020 10:35:15   | Հայաստան  |  Վերլուծություն

Չգալով հանձնաժողով, Յուրի Խաչատուրովը խորացրեց մեր կասկածները, բայց չասեմ, թե ինչ կասկածների մասին է խոսքը, հայտարարել է ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Հանձնաժողովը ավարտել է աշխատանքը եւ սկսելու է եզրակացության կազմումը: Քոչարյանը նշել է, որ Խաչատուրովին արդեն հարցեր կունենան իրավապահ մարմինները, այն բանից հետո, երբ նա հրաժարվեց գալ եւ պատասխանել հանձնաժողովի հարցերին:
 
Հայտնի է, որ Յուրի Խաչատուրովը միակն էր բարձրաստիճան նախկին պաշտոնյաներից, որ հրաժարվել է ընդունել հանձնաժողովի հրավերն ու պատասխանել հարցերին:
 
Ինչու՞ չի եկել Յուրի Խաչատուրովը: Ապրիլյան քառօրյայի օրերին նրա վարքագծի վերաբերյալ եղել են տարբեր խոսակցություններ ու հրապարակումներ: Դրանց հիմքով հայտարարությունների համար Խաչատուրովը, որն ինքը անցնում է մարտիմեկյան հայտնի գործով, դատարան է դիմել քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի դեմ՝ զրպարտության համար:
 
Ինչու է ԶՈՒ ԳՇ նախկին պետը հրաժարվել հանձնաժողովից: Դա զուտ անձնական հանգամանքներով պայմանավորվա՞ծ որոշում է, թե՞ պայմանավորված է ռազմա-քաղաքական հանգամանքներով:
 
Այստեղ էական է մեկ այլ հարց էլ: Եթե Խաչատուրովը գար, արդյոք բանը դարձյալ հասնելու էր իրավապահ մարմիններին, թե՞ բանն այդտեղ է հասնում, որովհետեւ Խաչատուրովը չի եկել, ու բաց են մնացել հարցեր:
 
Դրա պատասխանը գուցե կնշմարվի հանձնաժողովի եզրակացության մեջ, որն ամենայն հավանականությամբ կլինի սեպտեմբերին:
 
Մինչ այդ Յուրի Խաչատուրովը կլինի՞ Հայաստանում, թե՞ կհամալրի այն անձանց շարքը, որոնք իրավապահների հարցերի շեմին հայտնվում են Ռուսաստանում եւ պատսպարվում այնտեղ: Իհարկե, մարտիմեկյան գործում գեներալ Խաչատուրովը չմնաց այնտեղ, վերադարձավ եւ մասնակցում է գործընթացին: Կլինի՞ նույնն ապրիլյան քառօրյայի առնչությամբ իրավապահների հարցերի պարագայում:
 
Մյուս կողմից, խորքային առումով կա եւս մեկ հարց՝ Խաչատուրովը վերածվում է «նշանակված գլխավոր մեղավորի»: Դա իհարկե կլինի ամենաանարդյունավետ սցենարը, որովհետեւ բարոյա-հոգեբանական առումով գուցե հագուրդ կտա հանրային որոշակի տրամադրություններին, մյուս կողմից սակայն այդ «նշանակումը» կարող է իրականում նշանակել ոչ թե պատերազմի մեխանիզմի ամբողջական բացահայտում, այլ հակառակը՝ կոծկում Խաչատուրովով:
 
Մինչդեռ, բանն այն է, որ 2016-ի ապրիլյան ագրեսիան մինչ ռազմական փուլի անցնելը Հայաստանի դեմ սկսել է ծավալվել ռազմա-քաղաքական փուլով, ավելի լայն՝ ռուսական քաղաքականության «տանիքով», որի տակ սկսել է պատերազմի պատրաստվել Ադրբեջանը: Իսկ Հայաստանում այդ գործընթացը ծածկվել է մի շարք քաղաքական սուբյեկտների գործունեության տեսքով, մինչ բանը կհասներ Խաչատուրովին:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն