Մեկ տարեկան աղջկա մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել բուժող բժշկին

05-06-2020 12:20:24   | Լոռու մարզ  |  Իրավունք
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է մեկամյա երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
 


Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մանկահասակ երեխայի մահվան մի շարք հանգամանքներ, պատճառը:
 
Մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2018 թվականի ապրիլի 4-ին ծնված փոքրիկը 2019 թվականի մարտի 18-19-նն ունեցել է բարձր ջերմություն, ինչի կապակցությամբ երեխայի ծնողները դիմել են «Թումանյանի առողջության կենտրոն» ՊՓԲ ընկերություն: Մանկահասակ երեխայի բժշկական հսկողությունը վարող բժիշկը՝ հիշյալ առողջության կենտրոնի տնօրենի ժամանակ
ավոր պաշտոնակատարը, հետազոտել ու երեխայի մոտ ախտորոշել է շնչուղիների սուր վիրուսային վարակ, բրոնխիտ, ինչի կապակցությամբ նշանակել է բակտերիալ վարակի դեմ ուղղված բուժում:
 
Բուժման ընթացքում փոքրիկի մոտ բրոնխիտն արդեն իսկ բակտերիալ թարախային թոքաբորբի զարգացումով բարդացած լինելու և տևական ժամանակ 39,1 աստիճան ջերմություն արձանագրված լինելու պայմաններում բուժող բժիշկը խորհուրդ է տվել շարունակել իր կողմից նշանակված բուժումը, այնինչ, ըստ փորձագետի եզրակացության, դրական դինամիկայի բացակայության պայմաններում անհրաժեշտ է եղել երեխային անհապաղ ուղեգրել ստացիոնար բուժման կամ նշանակել թոքերի ռենտգեն հետազոտություն` թոքաբորբի առկայությունը բացահայտելու նպատակով, կատարել արյան ընդհանուր քննություն, ինչպես նաև՝ հետագա սպեցիֆիկ ախտորոշման նպատակային հետազոտություններ: Մինչդեռ 2019 թվականի մարտի 26-ից մինչև նույն ամսվա 29-նն ընկած ժամանակահատվածում երեխայի բուժող բժիշկը փոքրիկին չի ուղեգրել մասնագիտացված կլինիկա և չի իրականացրել համարժեք հետազոտություններ ու բուժումներ:
 
2019 թվականի մարտի 31-ին երեխայի ծնողները դիմել են «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության մանկաբույժին, ով հետազոտել ու երեխայի մոտ ախտորոշել է «լեյշմանիոզ» հիվանդություն և հայտնել, որ անհրաժեշտ է երեխային շտապ տեղափոխել մասնագիտացված ՝ Երևանի «Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց»:
 
Նույն օրը, սակայն ուշացումով, փոքրիկին բուժող բժիշկն  ուղեգրել է մասնագիտացված` «Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲ ընկերություն, որտեղ երեխայի վիճակը վատթարացել է. նրա մոտ զարգացել է լյարդ-երիկամային, թոք-սրտային անբավարարություն, ասցիտ, հիդրոթորաքս, երկկողմանի օջախային թոքաբորբ, հարաճուն պոլիօրգանային անբավարարություն և օրգան-համակարգերում անվերադարձ փոփոխություններ, ինչի հետևանքով երեխան 3 օր անց` 2019 թվականի ապրիլի 3-ին` ժամը 13:55-ին,
«Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց»-ում մահացել է:
 
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Թումանյանի առողջության կենտրոն» ՊՓԲ ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
 
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 318 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար