Վերաքննիչ դատարանը արդարացրել է Մարտի 1-ի գործով դատապարտված Իսահակ Մալխասյանին

06-06-2020 13:26:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում  գրել է, որ ՀՀ Վերաքննիչ դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի բողոքը և արդարացրել 2008թ. նախագահական ընտրությունների շրջանում կատարված իրադարձությունների կապակցությամբ քննված գործով դատապարտված Իսահակ Մալխասյանին:
 


«2008թ. հունիսի 16-ի դատավճռով Իսահակ Մալխասյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտվելով մեկ տարի ժամկետով ազատազրկման: Նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառվել՝ սահմանվելով մեկ տարի ժամկետով փորձաշրջան։
 
Դատավճիռը Ի.Մալխասյանի և նրա պաշտպանի
կողմից բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, սակայն վերջինիս որոշմամբ Ի.Մալխասյանի և նրա պաշտպանի դատական նիստին չներկայանալու պատճառաբանությամբ վարույթը կարճվել է՝ վերաքննիչ բողոքից հրաժարվելու հիմքով:
 
ՀՀ գլխավոր դատախազության կողմից իրականացված՝ այս բնույթի գործերով դատավճիռների, քրեական գործերի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված գործով 2008թ. մեղադրական դատական ակտ կայացնելիս Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդարադատության բուն էությունը խաթարող հիմնարար խախտումներ:
 
«Մ. Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» և Հայաստանին չառնչվող մի շարք այլ գանգատներով Եվրոպական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով գործում առկա հանգամանքները՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ միջնորդելով բեկանել Ի. Մալխասյանի վերաբերյալ կայացված դատական ակտը և ճանաչել վերջինիս անմեղությունն իրեն մեղսագրված արարքներում:
 
ՀՀ վերաքննիչ դատարանը, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի բողոքը, երեկ կայացրած իր որոշմամբ ամբողջությամբ բավարարվել է այն»,- ասված է գրառման մեջ:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 503 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար