Կմեկնարկի Արցախը մայր հայրենիքին կապող նոր մայրուղու շինարարությունը. պաշտոնյաները հարավային թեւում են


Կմեկնարկի Արցախը մայր հայրենիքին կապող նոր մայրուղու շինարարությունը. պաշտոնյաները հարավային թեւում են

  • 06-06-2020 14:43:16   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը` Արցախ ժամանած ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ միասին, հունիսի 5-ին այցելել է Քաշաթաղի շրջանի հարավային թև:
 
ԱՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից հայտնում են, որ հայկական երկու հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաները նախ հետևել են գարու բերքահավաքի մեկնարկի աշխատանքներին, ծանոթացել հացահատիկային մշակաբույսերի բերքն անկորուստ հավաքելու նպատակով իրականացվող հակահրդեհային միջոցառումներին: Այցի ընթացքում նախագահ Հարությունյանը հանդիպել է շրջանի հարավային թևի համայնքների ղեկավարների հետ և հետաքրքրվել բերքահավաքի պատշաճ կազմակերպման առկա խնդիրներով՝ տեղում պատկան մարմինների պատասխանատուներին տալով համապատասխան հանձնարարականներ:
 
 
Անդրադառնալով տարածաշրջանի հետ կապված առաջիկա ծրագրերին՝ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ, նախընտրական շրջանում տրված խոստման համաձայն, Հադրութ քաղաքը Քաշաթաղի հարավային թևով Մայր հայրենիքի հետ կապող մայրուղու կառուցումը կսկսվի ընթացիկ տարում: «Մայրուղու կառուցմամբ մեկնարկում է Արցախի հարավային հատվածի իրացման նոր փուլը, որտեղ վերաբնակեցման և տնտեսական զարգացման մեծածավալ նոր ծրագրեր կիրականացվեն»,- ասել է նախագահ Հարությունյանը: Նա հավելել է, որ օրերս «Արցախէներգո» ընկերության հետ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերել, և մինչև 2022թ.-ը կապիտալ աշխատանքների արդյունքում ամբողջովին կվերակառուցվի ենթաշրջանը սնուցող էլեկտրացանցը:
 
Այցի ընթացքում հանրապետության նախագահը՝ ԱՀ մի խումբ պաշտոնյաների և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ուղեկցությամբ, այցելել է Իշխանաձոր համայնքում «Մասիս Տոբակո» ընկերության հիմնադրած չորանոցային տնտեսություն, ՊԲ Ն զորամաս, ինչպես նաև Հագարի գետի վրա կառուցվող՝ 6,8 ՄՎտ ընդհանուր հզորությամբ փոքր հիդրոէլեկտրակայան:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play