Նոր ստարտափ Հայաստանում․ գործարկվել է kololak.com հայկական հարթակը


Նոր ստարտափ Հայաստանում․ գործարկվել է kololak.com հայկական հարթակը

  • 11-06-2020 14:04:42   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Օրերս Հայաստանում գործարկվել է kololak.com հայկական հարթակը, որը հնարավորություն է տալիս ուղարկել/ստանալ անհատական բարեմաղթանքներ ու շնորհավորանքներ սիրված արտիստների կողմից։  
 
Տեսաուղերձների պատվիրման երկլեզու կայքը հանրության լայն շրջանակներին ավելի մոտ է դարձնում սիրված ու հայտնի դերասաններին, երաժիշտներին և պարգևում դրական հույզեր։
 
«Այս հարթակի ստեղծումը նախատեսել էինք դեռևս 2017-ին, սակայն փաստացի սկսել ենք աշխատել վերջին մի քանի ամսվա ընթացքում՝ #ՄնալովՏանը։ Մյուս կողմից՝ մեր հայրենակիցների անհամբեր սպասումներն աշխատանքներն ավելի արագացրեցին։ Համավարակի շրջանում՝ արգելված միջոցառումների  պայմաններում, կարծես թե, միմյանց դրական հույզեր պարգևելը է՛լ ավելի արդիական է՝  հատկապես առցանց պատվերի ու վճարի հնարավորությամբ», - հայտնում են ընկերությունից։ 
 
kololak.com-ից հայտնեցին նաև, որ մշակվել է ծառայությունների էլեկտրոնային վճարման համակարգ․ «Մենք հավատում ենք, որ սիրված արտիստների շուրթերով շնորհավորանքներ ստեղծելու այս նորարար հնարավորությունը ևս մեկ խթան կհանդիսանա Հայաստանում էլեկտրոնային վճարման օգտատերերի շրջանակներն ընդլայնելու համար»։
 
Այս կարճ ժամանակահատվածում kololak.com-ին արդեն միացել են մի քանի տասնյակ արտիստներ, թեև հարթակի թիմը մշտապես ընդլայնվելու է՝ ընդգրելով տարբեր ոլորտների սիրված դեմքերի։ Առաջիկայում կայքում կգործի նաև հավելյալ ծառայություն․ արտիստները կկարողանան տեսաուղերձներից ստացված գումարն առցանց փոխանցել այլ հաշվեհամար՝ բարեգործության նպատակով: Կոլոլակ ընկերությունը հավակնում է նաև դուրս գալ միջազգային շուկա, ինչի մասին կտեղեկացնեն ավելի ուշ։ 
 
Իսկ թե ինչպե՞ս օգտվել kololak.com-ից ու պատվիրել շնորհավորանք՝ ներկայացված է այստեղ /https://youtu.be/nxU-ZXlKO40։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ