Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեին 1 մլրդ դրամ գումար էր տվել որպես երաշխավորություն


Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեին 1 մլրդ դրամ գումար էր տվել որպես երաշխավորություն

  • 17-06-2020 10:28:44   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Lragir.am-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
 
Գագիկ Ծառուկյանը երեկվա իր ելույթում ասաց՝ ձեր հեղափոխության վերջը եկել է, 3 ամիս հետո սով է լինելու, և որ իշխանությունը պետք է խելքի գա: Նաև նշել է, որ կառավարությունը բոլոր ոլորտներում ձախողել է և իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները:
 
Ո՞վ է տվել 2019 թվականի իրավիճակի լավագույն գնահատականը՝ Էդմոն Մարուքյանը, որը պարզ հարցադրման ժամանակ դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց՝ այո, պարոն վարչապետ, 2019 թվականն իսկապես ոսկի տարի էր եկամուտների առումով: Ո՞վ է տվել ներկայիս իրավիճակի ամենավատ գնահատականը. իմ կարծիքով դա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որը մոտ 10 օր առաջ շատ ուղիղ ասաց՝ ժողովուրդ ջան, վիճակներս շատ վատ է: Հետևաբար, Գագիկ Ծառուկյանը որևէ նոր բան չի ասել: Որևէ մեկը ոչ «Իմ քայլից», ոչ կառավարությունից չի հայտարարում, որ մեր վիճակը լավ է, բոլորս էլ հասկանում ենք, որ հիմա մեր վիճակն իսկապես ծանր է՝ հաշվի առնելով համավարակը և դրա ազդեցությունը սոցիալ-տնտեսական ոլորտների վրա: Դա բոլորս ենք հասկանում: Ես չգիտեմ, թե ինչու հենց հիմա որոշեց Գագիկ Ծառուկյանը դա ասել, բայց նորից եմ ասում, որ ավելի վաղ է Նիկոլ Փաշինյանը հայտարարել, որ վիճակներս լավ չի: Եթե խոսքը նախորդ տարվա մասին է կամ ընդհանրապես բիզնեսի մասին, ինձ համար, օրինակ, հետաքրքիր է, որ երբ ուսումնասիրում ես կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում հրապարակված պարոն Ծառուկյանի եկամուտները, տեսնում ես, որ այն բիզնեսներում, որտեղ ինքը մասնաբաժին ունի, գործերը վատ չեն: Օրինակ, «Արարատցեմենտում» 1,9 մլրդ դրամի եկամուտ, մեկ այլ բիզնեսի դեպքում՝ 20 մլն դոլարի եկամուտ: Էդ ինչպե՞ս է ստացվում, որ ամեն ինչ շատ վատ էր, բայց դուք ձեր բիզնեսներում էլի այդքան եկամուտ եք ունեցել: Այդ նույն պաշտոնական փաստաթղթերից երևում է, որ նույն 2019-ին պարոն Ծառուկյանը Քննչական կոմիտեին 1 մլրդ դրամ գումար է տվել որպես երաշխավորություն հարուցված քրեական գործի շրջանակներում: Դա արդեն ինձ համար ողջամիտ կասկած չի՞, որ պարոն Ծառուկյանը քրեական գործերի մասին գիտեր դեռ 2019 թվականին: Եթե չգիտեր, ինչո՞ւ էր տանում և երաշխավորության գումար մուծում: Երեկ գլխավոր դատախազը շատ պարզ հայտարարեց, որ այս փաստաթուղթն ի հայտ է եկել դեռևս փետրվարին:
 
Մեզ ասում են՝ բա ինչո՞ւ փետրվարին չարվեց այս ամենը: Կարծում եմ՝ դատախազը շատ հասկանալի պատասխան տվեց, որ եթե փետրվարին գային ու չլինեին բավարար ապացույցներ, կարծում եմ՝ բոլորս, ես նույնպես կարող էի ասել, որ այդ թղթի կտորից բոլորս էլ կարող էինք ունենալ, սա ապացույց չէ: Դատախազն արձանագրեց, որ այո, փետրվարին ունեինք այս տվյալները, և բոլորովին այլ գործով խուզարկության ժամանակ հայտնաբերվել է այս թուղթը, բայց այդ թուղթը դեռևս հիմք չէր, որ մարդուն կարողանան մեղադրանք առաջադրել: Այդ թղթի հիման վրա օպերատիվ-հետախուզական  աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են այն անձինք, որոնք այդ թղթի հետ կապված առնչություն ունեին, տվել են բացատրական ցուցմունքներ, վկայություններ: Ասել են, որ այո, էսինչ օրը, էսինչ ժամին գնացել ենք պարոն Ծառուկյանի առանձնատուն կամ նշված վայր, որտեղ եղել է խոսակցություն ընտրությունների հետ կապված, հետո ստացել ենք գումար: Այս ամենն արդեն փետրվարից ի հայտ էր եկել: Ինձ համար թերևս հասկանալի էր, թե ինչու պարոն Ծառուկյանը հենց այս պահին սկսեց խոսել:
 
Էդմոն Մարուքյանը նույնպես ասում է՝ փետրվարին սկսեիք այս պրոցեսը:
 
Ինձ թվում է, որ պարոն Մարուքյանն էլ շատ լավ հասկանում է, որ պետք է բավարար ապացույցներ լինեին: Բայց տեսեք, պարոն Մարուքյանն էլ խոսեց հուշագրի մասին, բայց ինչի՞ մասին էր այդ հուշագիրը: Դա նրա մասին էր, որ երկրում պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Որքան ես հասկացա, պարոն Մարուքյանն ասում է՝ եթե հուշագիր էիք ստորագրում, ինչու եք հիմա նման գործընթաց սկսում: Ես ուզում եմ ասել՝ հարգելի պարոն Մարուքյան, դա հին տրամաբանություն է, որ եթե մեկի հետ հուշագիր ես ստորագրել, մեկի հետ ընկեր ես, ուրեմն նրա ամեն արածի վրա պետք է աչք փակես: Ես էլ եմ այսօր քաղաքական թիմի անդամ, և իմ քաղաքական թիմն ինձ սատարում է, բայց որ պահին ես կկատարեմ հանցագործություն, բնականաբար, այդ նույն թիմը պետք է ասի՝ Սիսակ Գաբրիելյանը պետք է ենթարկվի պատասխանատվության: Եվ այդ դեպքում ես պետք է վեր կենամ, ասեմ՝ բա ինչու էիք ինձ ժամանակին ընդգրկում ձեր ցուցակո՞ւմ:
 
Այո, ժամանակին եղել է հուշագիր արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, և այդ հուշագիրը որևէ մեկի համար անձեռնմխելիության թուղթ չէր, որ եթե հետագայում պարզվի, որ ես ինչ-որ բան եմ արել, ես պետք է ասեմ՝ դե ես հուշագիր եմ ստորագրել, ինձ բան չասեք: Սերժ Սարգսյանի ժամանակ էր, որ մերձավորներին, իրենց հետ կոալիցիա կազմողներին ամեն ինչ կարելի էր, միայն պետք է դատապարտվեին ընդդիմադիրները: Այնպես որ, դա մի քիչ հին մտածելակերպ է: Ավելի անազնիվ կլիներ, եթե ես մեկի հետ հուշագիր ստորագրած լինեի, հետո ինձ փաստեր ներկայացնեին, որ այդ անձը, որի հետ դու ժամանակին հուշագիր ես ստորագրել, հանցագործություններ է արել, ու ես չհարուցեի գործեր:
 
ԲՀԿ-ն հայտարարում է, որ անվստահություն են հայտնում գլխավոր դատախազին:
 
Դա նրանց իրավունքն է, Սահմանադրությամբ և ԱԺ կանոնակարգ օրենքով իրենք ունեն այդ հնարավորությունը: Եթե ցանկություն ունեն անվստահություն հայտնելու, թող հայտնեն: Կապրենք, կտեսնենք, չգիտեմ՝ ինչ կլինի:
 
Իսկ իշխանությունը մտահոգվելու առիթ ունի՞, եթե Ծառուկյանը, ընդդիմադիր այլ կուսակցություններ հայտարարում են համախմբվելու մասին:
 
Տեսեք, հիմա բոլորն ասում են, որ այս ամենը սկսվեց այն բանից հետո, երբ պարոն Ծառուկյանը հայտարարությամբ հանդես եկավ: Բայց ի՞նչ հայտարարեց պարոն Ծառուկյանը, ուզում եմ անկեղծ հասնակալ: Ինքը երեկ նույնիսկ ամբիոնից չկարողացավ ասել այն, ինչը հայտարարում էր: Կամ եթե պարոն Ծառուկյանը հայտարարում էր, ինքը միայնա՞կ էր անելու այդ ամենը: Հիմա եթե անգամ պարոն Ծառուկյանը ձերբակալվում է, իր հայտարարությունը վե՞րջ, վերանում, գնո՞ւմ է: Այսինքն ի՞նչն է խնդիրը: Ասում են՝ պարոն Ծառուկյանը հունիսի 5-ին հայտարարեց, դուք այս ամենը սկսեցիք: Ապացուցվում է, որ փետրվարին են այդ թղթերը գտել, ուսումնասիրել, պարզել: Պարոն Ծառուկյանի հայտարարությունից 4 ամիս առաջ գրեթե նույն բանը հայտարարում էին Արթուր Վանեցյանը, Էդմոն Մարուքյանը: Բա ինչո՞ւ «Լուսավոր Հայաստանի» նկատմամբ այդ հետապնդումը չկա: Ես կարծում եմ՝ ուղղակի շատ լավ առիթ է ստեղծվել, որ ասեն սա քաղաքական հետապնդում է: Ֆեյքերի մասին է խոսում Ծառուկյանը, էդ ֆեյքե՞րն էին Աճառյան փողոցում «Մուլտի գրուպ»-ի Կամազները հեռացնում, ՊՈԱԿ-ի ֆեյքերը եկել էին անտեսանելի ձևով այդ «Կամազները» հանո՞ւմ էին: Դա իրական մարդիկ էին, որ այս ամեն ինչը հասկանում են: Գործող իշխանությունը այս պահի դրությամբ այնքան ունի հանրության աջակցության ուժը, որ ֆեյքերի կարիք չեմ տեսնում:
 
Ամեն դեպքում, եթե կառավարության հրաժարականը պահանջող ուժերն անցնեն պիկետների, ցույցերի, իշխանությունը մտահոգվելու առիթ ունի՞:
 
Թող սկսեն իրենց ցույցերը, իհարկե, պահելով համավարակի կանոնները, որովհետև արտակարգ դրությունը, բոլորս էլ գիտենք, որ մտցվել է առողջապահական պատճառներով: Սա «Մարտի 1»-ի նման չէ, որ եղել է զանգվածային միջոցառում, որից հետո հայտարարվել է արտակարգ դրություն: Արտակարգ դրության միակ պատճառը մարդկանց կուտակումներից հեռու պահելն է: Կամ եթե ինչպես իրենք են ասում՝ ձեր վերջը եկել է, վերջը 2 ամսից կգա: Նաև հերթական աբսուրդն է, երբ ասում են՝ իշխանությունը դրել է իր վերջի սկիզբը: Իշխանությունը իր վերջի սկիզբը դրել է 2019 թվականի հունվարի 14-ին, երբ ստանձնեցինք ԱԺ մեծամասնություն լինելու պատասխանատվությունը: Ոչ մի իշխանություն հավերժ չէ, որ պահին ստացար պաշտոն, այդ պահից հետհաշվարկն է գնում:
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play