Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հայ-թուրքական խնդիր չէ. դա Թուրքայի և միջազգային հանրության խնդիրն է. Նաղդալյան


Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հայ-թուրքական խնդիր չէ. դա Թուրքայի և միջազգային հանրության խնդիրն է. Նաղդալյան

  • 18-06-2020 10:30:52   | Հայաստան  |  Հարցազրույցներ

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունը Թուրքիայի նախագահի աշխատակազմի բարձրագույն խորհրդատվական մարմնի նիստի վերաբերյալ հարց ու պատասխանի ձևաչափով:
 
Հարց. Թուրքիայի նախագահի աշխատակազմի բարձրագույն խորհրդատվական մարմինը նիստ է գումարել՝ նախագահ Ռ․ Թ․ Էրդողանի գլխավորությամբ, որին, ըստ տարածված տեղեկատվության, «քննարկվել են այն գործողությունները, որոնք պետք է իրականացվեն ընդդեմ «1915թ. դեպքերի վերաբերյալ Թուրքիայի դեմ անհիմն պնդումների»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:
 
Պատասխան. Թուրքիայի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության արդարացման և դրանց զոհերին վիրավորելու հայտարարությունները նորություն չեն և հանդիսանում են ատելության խոսքի դրսևորումներ, որոնք իրենց ազդեցությունն են ունենում այդ երկրում հայերի հանդեպ այլատյացության մթնոլորտի պահպանման և ամրապնդման վրա:
 
Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը հայ-թուրքական խնդիր չէ. դա Թուրքայի և միջազգային հանրության խնդիրն է: Դա են վկայում Թուրքիայի բազմաթիվ հայտարարությունները և գործողությունները այս կամ այն երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:
 
Մեզ և միջազգային հանրության համար Հայոց ցեղասպանությունը իրողություն է, որը նաև հիմք է ծառայել Ցեղասպանության դատապարտման և կանխարգելման 1948թ․ կոնվենցիայի մշակման և դրա հիման վրա ներկայումս ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման մեխանիզմների ներդրման համար:
 
Ժխտողականությունը ապագա չունի, անկախ՝ ով և ինչպես կփաթեթավորի այն։ Որքան էլ Թուրքիայի իշխանությունները ջանքեր գործադրեն՝ ճնշելու ճշմարտությունը, ամեն դեպքում ճշմարտությունը հարթել և հարթելու է իր ճանապարհը։
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ